
Արարատի 13/5 ընտրատեղամասում քաղաքացին ընտրել է առանց գրանցվելու
Արարատ քաղաքի 13/5 ընտրատեղամասում մադկանց մեծ հոսքի պատճառով ընտրողներից մեկը, չսպասելով իր հերթին, առանց գրանցվելու մտել է քվեախցիկ ու ընտրել է, իսկ հանձնաժողովի քարտուղար Գառնիկ Մարգարյանը հրաժարվել է այդ մասին արձանագրել գրանցամատյանում: Այս մասին «Հետք»-ին պատմեց տեղամասում գտնվող դիտորդներից մեկը: Ըստ դիտորդի՝ հանձնաժողովի՝ քվեաթերթիկների մոտ նստած անդամը հարցրել է քաղաքացուն, թե նա գրանցվել է, թե ոչ, իսկ վերջինս դրական պատասխան է տվել:
Հետո դիտորդների հորդորով՝ հանձնաժողովի նախագահ Գևորգ Մանուկյանը արձանագրեց այդ փաստը, իսկ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»-ի դիտորդներից Նարեկ Մկրտումյանը գրանցամատյանում նշեց, որ նույն ընտրաատեղամասում «Իմ քայլը» դաշինքից 3 վստահված անձ է եղել, որոնցից մեկին դուրս են հրավիրել` հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելուց հետո:
Այստեղ էին եկել նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ներկայացնող միջազգային դիտորդները, ովքեր չցանկացան որևէ մեկնաբանություն տալ:
Անի Սուքիասյան
Մեկնաբանել