Ընտրողները տեղյակ չեն ընտրության կարգին
Գավառի Հացառատ թաղամասի թիվ 19/21 ընտրատեղամասում թե՛ տարեց, թե՛ երիտասարդ ընտրողները շարունակ խախտում են ընտրության կարգը՝ դրանից անտեղյակ լինելով։ Լինում են դեպքեր, երբ ընտրողները, մինչ քվեախցին մոտենալը, հերթի մեջ կանգնած` սկսում են ընտրել իրենց անհրաժեշտ թերթիկը կամ 5 րոպե քվեախցի մոտ անցկացնելուց հետո դուրս են գալիս` քվեաթերթիկը ծրարի մեջ ծալած, կամ իրենց կտրոնը գցում են քվեախցում եղած «աղբամանում» և դուրս գալիս առանց կտրոնի։
Ընտրողներից մեկն էլ բավականին երկար ժամանակ քվեախցի մոտ մնալուց հետո հայտարարեց, որ 4 համարի քվեաթերթիկը չկա, այն չգտավ նաև «աղբարկղից», բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Եփրեմյանը հավաստիացրեց, որ այնտեղ կան բոլոր կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկները։ Ընտրողին տրամադրվեց նոր քվեաթերթիկ, դրա մասին կազմվեց արձանագրություն։
Ընտրատեղամասի գրանցամատյանում գրանցված օգնողների թիվը ժամը 14։30-ի դրությամբ՝ 8 է։ Տեղամասում քվեարկելու իրավունք ունի 1994 քաղաքացի, նույն ժամի դրությամբ՝ 49 հոգի է քվեարկել։
Մերի Սարգսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել