Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքում ընտրողները մեծ հույսեր են կապում ընտրություններին
Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքում ընտրողները մեծ հույսեր են կապում ԱԺ արտահերթ ընտրություններին։ Համայնքն ունի 525 ընտրող, ժամը 16:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 248-ը։
Հանձնաժողովի նախագահը նշում է, որ գյուղից մոտ 120 մարդ բացակայում է բնակավայրից, արտագնա աշխատանքի է մեկնել ու ընտրություններին չի կարող մասնակցել։ Իսկ նրանք, ովքեր եկել էին քվեարկելու, մեծ ակնկալիքներ ունեն ընտրությունների արդյունքներից:
«Ընտրել եմ թոռներիս ապագան, իմ գիտակցությամբ եմ ընտրել»-մեզ հետ իր սպասելիքներով կիսվեց 56-ամյա Կարինե Նազարեթյանը։
Լիլիթ Գևորգյանն էլ ասում է. «Լավի սպասում ունեմ, արդար
ընտրություններ են, ընտրում եմ մեր վաղվա օրը»։
Լիլիթ Սաֆարյանն առաջին անգամն է մասնակցում ընտրություններին, ասում է` շատ է սպասել այս օրվան.
-Առաջին անգամն եմ ընտրում, անսովոր զգացմունքներ ունեմ, բայց լավ է, որ իմ ձայնն ունեմ։
-Որքանո՞վ ես կարևորում յուրաքանչյուր քաղաքացու և քո ընտրությունը։
-Կարևորվում է այնքանով, որ քո կամքը նշանակություն ունի, դեր է խաղում, վառ սպասելիքներ ունեմ։
-Մտավախություններ չունե՞ս։
-Մարդը մտավախություն միշտ ունի, գրեթե ամեն ինչում, բայց կարևորում եմ իմ աջակցությունն ստացած ուժի գործունեությունը։
-Ընտրական գործընթացը քվեարկությամբ ավարտա՞ծ եք համարում։
-Ոչ, իհարկե, ընտրողը միշտ սպասելիքներ ունի և պետք է տեր կանգնի իր քվեին, պահանջատեր լինի։
Նարինե Մաթևոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել