Հանձնաժողովի նախագահ. «Ընտրողների 80 տոկոսը չի տիրապետում ընտրության կարգին»
Վանաձորի 23/27 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1411 է, որից 508-ն արդեն կատարել են իրենց ընտրությունը: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Վարդանյանի խոսքով, այստեղ ակտիվությունը նկատվում է ընտրության հենց սկզբից և շարունակվում է նույն տեմպով:
«Սովորաբար մեզ մոտ ակտիվություն օրվա երկրորդ կեսին է նկատվում, բայց այսօր ամբողջ օրվա ընթացքում ակտիվ են, նույն քանակը ընտրատեղամասում պահպանվում է, քաղաքացիներին 2-2 ենք ներս թողնում: Դա շատ լավ է, որ ակտիվ են»,-ասում է Ա. Վարդանյանը:
Արդեն երրորդ անգամ հանձնաժողովի նախագահի պարտականությունները ստանձնած Անահիտ Վարդանյանի խոսքով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, դրական փոփոխություններ են նկատվում. «Մարդիկ առաջվա պես մոլորված չես գալիս, այլ տրամադրված, և զգացվում է, որ մտքում արդեն որոշած են գալիս: Ոգևորություն կա մարդկանց մեջ»:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ արտահերթ ընտրությունների միակ վատ գիծն այն է, որ քաղաքացիներից շատերը չեն տիրապետում ընտրության կարգին. «Իրենք շատ են խառնվում, մենք անընդհատ փորձում ենք շտկենք, դիտողություններ ենք անում ընտրության կարգի վերաբերյալ. կա՛մ բերում են բաց վիճակում, կա՛մ բոլոր քվեաթերթիկները նույն ծրարի մեջ խցկած: Ճիշտ է՝ մասան շատ տարբեր է, բայց հիմնականում 80 տոկոսը սխալվում է: Հնարավոր է լարվածությունից են շփոթվում»:
Ընտրատեղամասում արդեն իսկ 8 անձ օգնության կարիք է ունեցել՝ կապված տեսողության, լսողության, լեզվին չտիրապետելու և այլնի հետ: Նման դեպքերում տրամադրվել են օգնողներ, անհրաժեշտության դեպքում՝ խոշորացույց:
«Տեխնիկական բնույթի թերություններ չեն եղել, հերթեր չեն գոյացել, միակ թերությունը ընտրողների ոչ պատշաճ տեղեկացվածությունն է»,-ասում է հանձնաժողովի քարտուղարը:
«Լավ ապագայի նկատմամբ լավ ակնկալիքներով»,- այսպես բնորոշեց այսօր ընտրության գալու իր մոտիվացիան Ալլա Գրիգորյանը, ում համար ևս ընտրությունն անցավ սահուն և առանց ավելորդ լարվածության:
Գոհար Մովսիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել