HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթիկցի ընտրողը բողոքում է՝ ո՛չ հավես ունի, ո՛չ ժամանակ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 33/09 ընտրատեղամասում քաղաքացին բողոքում էր, որ իր անունը չի գտնում ցուցակումներում, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Բաղդասարյանը քաղաքացուն հայտնեց, որ քվեարկության օրը կազմված լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար ընտրողն անձը հաստատող փաստաթղթի հետ պետք է ներկայացնի նաև լրացուցիչ տեղականք։ Քաղաքացին բարկացած դուրս եկավ ընտրատեղամասից։ 

«Ես ամեն տարի ստեղ եմ ընտրել, հմի անունս չկա, ներսը ում կմոտենամ,  կսեն գնա ոստիկանություն, ես էլ խո իրանց պարապը չեմ, ոչ հավես ունիմ ոչ ժամանակ»,- ասաց քաղաքացին: 

Մեկ այլ քաղաքացի չօգտագործված քվեաթերթիկները դրել էր ծրարում։ Քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամը նրան հայտնեց, որ այդ դեպքում քվեաթերթիկն անվավեր է ճանաչվելու։ Քաղաքացին վերադարձավ քվեախցիկ, ծրարից հանեց ավելորդ քվեաթերթիկները և նորից մոտեցավ քվեատուփին։

Մյուս քվեարկողը սխալմամբ քվեախցիկում էր թողել տեխնիկական սարքավորումից ստացած կտրոնը, որը նրան հանձնեց հանձնաժողովի նախագահը։

Գրանցամատյանում ոչինչ չի արձանագրվել, իսկ «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի դիտորդ Նարեկ Աղաքարյանը նշեց, որ վաղ առավոտից ոչ մի տարօրինակ կամ արտառոց դեպք չի նկատել։
Ընտրատեղամասում կուտակումներ չկան, հանձնաժողովի քարտուղար Արմինե Մալոյանը նշում է, որ ակտիվությունը ընտրատեղամասում նկատվել է ժամը 11:00-ից։ Տեղամասի 1542 ընտրողներից այս պահի դրությամբ քվեարկել է 710-ը:

Ալբերտ Սերոբյան

Էդգար Ղուշչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter