
Լոռիում ընտրատեղամասերի գրեթե կեսը հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար
Թիվ 9 ընտրատարածքի (Լոռու մարզ) ընտրատեղամասերի գրեթե 50 տոկոսը հարմարեցված չէ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:
Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը բարձրաձայնում է խնդրի մասին՝ մատնանշելով նաև պատճառները:
«Մոտավորապես 50 տոկոսը մատչելի չեն հաշմանդամություն ունեցողների համար. ասեմ, որ այլընտրանք չլինելու պատճառով, այլ շինություն չլինելու պատճառով է: Ունենք տեղամասեր, որ ընդամենը 30 քառակուսի մետր մասնավորից վարձակալությամբ վերցված տաղավարներ են»,-նշեց Տ. Պապանյանը:
Ընտրությունը թիվ 23 ընտրատարածքում կատարվում է նաև շրջիկ 4 արկղերի միջոցով, որից մեկը Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցն է: Տ. Պապանյանի խոսքով՝ «3 քաղաքացի պետք է ընտրեր, հանձնաժողովը գնացել է, բայց այդ մարդիկ բոլորը դուրս գրված են եղել, դատարկ հետ են եկել: Շրջիկ արկղ ունենք նաև Վանաձորի բժշկական կենտրոնում և Հոգենյարդաբանական դիսպանսերում, ինչպես նաև զինվորական հոսպիտալում»:
Գոհար Մովսիսյան
Մեկնաբանել