
Աբովյանի 29/10 տեղամասում քվեարկության գաղտնիությունը չէր ապահովվում (տեսանյութ)
Աբովյան քաղաքի թիվ 29/10 ընտրական տեղամասն այնպես է կահավորված, որ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամը հանգիստ կարող է տեսնել, թե քվեախցիկում ընտրողը որ քաղաքական ուժին է ձայն տալիս: Մենք տեսախցիկը շատ չմոտեցրեցինք քվեախցիկին, որպեսզի քվեարկության գաղտնիությունը չխախտենք, սակայն անզեն աչքով էլ հնարավոր էր տեսնել քվեարկության ընթացքը:
Թիվ 29/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վաչագան Ենոքյանը «Հետք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրական տեղամասի կահավորման մեջ որևէ խնդիր չի տեսնում, նույնիսկ վստահեցնում է, որ քվեարկության ընթացքը տեսանելի չէ, քանի որ քվեախցիկի հետևում հանձնաժողովականները պաստառ են կախել: Վաչագան Ենոքյանին խնդրեցինք, որպեսզի քվեախցիկին նայի այն դիրքից, որտեղից մենք տեսանկարահանել ենք, որից հետո նա արձագանքեց. «Եթե մտքներիս դնենք, ամեն ինչ էլ կարող ենք տեսնել: Եթե այսպես նայենք (գլուխը մոտեցնում է քվեախցի կողմը), կտեսնենք: Նման բան մեր մոտ չի եղել, ունեցել ենք միջազգային դիտորդներ, ունեցել ենք վստահված անձինք, որոնք կան: Եթե ինչ-որ բան լիներ, բոլորը մեզ կզգուշացնեին»:
Նշենք, որ մեզ մեկնաբանություն տալուց հետո հանձնաժողովի նախագահը մոտեցավ քվեախցիկներին և դրանք մի փոքր տեղաշարժեց, որպեսզի քվեարկող անձանց գործողությունները հնարավոր չլիներ տեսնել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Մեկնաբանել