Զինվոր Սերգեյ Մանուկյանի ինքնասպանության գործը կրկին ուղարկվել է նախաքննության
Գյումրեցի Լամարա Մանուկյանն արդեն 3-րդ տարին է՝ ոչ կարողանում է հաշտվել որդու կորստի, ոչ նրա մահվան հետ կապված դատավարության ընթացքի, ոչ էլ կայացված վճռի հետ:
2009թ. նոյեմբերի 10-ին Նորավանի զորամասի ժամկետային զինծառայող, 1990թ. ծնված Սերգեյ Մանուկյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Նրան ինքնասպանության դրդած անձինք`զորամասի հրամանատար Գեղամ Ասատրյանն ու սպա Վահագն Գասպարյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էին ազատազրկման, իսկ վաշտի հրամանատար Մհեր Սասունյանը համաներմամբ ազատ էր արձակվել:
«Դա ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ սպանություն, որդուս սպանել են»,- պնդում է որդեկորույս մայրը: Ըստ տիկին Լամարայի՝ սխալը եկել է նախաքննական մարմնից:
«Գործը քննող քննիչ Ա. Ավետիսյանն անձամբ է ինձ ասել, որ իրեն հանձնարարված է եղել գործը քննել, որպես ինքնասպանություն,- պատմում է Լամարա Մանուկյանը,-քննիչը Գյումրի էլ էր եկել մի փոխգնդապետի հետ: Մենք թղթեր պիտի ստորագրեինք: Ես երբ էդ թղթերի վրա տեսա գրած ինքնասպանություն բառը, ասի՝ չեմ ստորագրի, որովհետեւ տղայիս սպանել են, Ավետիսյանն էլ, թե ոչինչ, Դուք ստորագրեք, դատարանում կարող եք էս ամեն ինչը փոխել»:
Տիկին Լամարան խոստովանում է, որ մինչ այդ երբեք չէր շփվել դատական ատյանների հետ: Թյուր պատկերացում ուներ հայրենի արդարադատության ու դատավորների վերաբերյալ: Տիկնոջն ապշեցրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր ՀամլետԴավթյանի պահվածքը, եւ դատական նիստեր անցկացնելու նրա մեթոդները:
«Էդ դատարան չէր, էդ դատավոր չէր: Ծաղրածուի ներկայացրած շոուի կնմանվեր էդ ամեն ինչը, քան թե դատավարության»,- դժգոհում է տկն Լամարան: Նրա պատմելով՝ առաջին չորս նիստերը դատավոր Դավթյանը հետաձգել է` գործով անցնող միակ վկայի չներկայանալու պատճառով, եւ բերման ենթարկելու որոշում է կայացրել միայն «վերեւների», այս դեպքում ռազմական ոստիկանություն բողոքելուց հետո:
«Մենք, ուրեմն, հյուսիսից հարավ 6 ժամ ճամփա կկտրեինք, կհասնեինք Գորիս, դատավորը կուգար նիստը կսկսեր ու կհայտարարեր, թե կհետաձգվի, որովհետեւ վկան չի ներկայացել ու հեչ բան չէր ձեռնարկե էդ մարդու ներկայությունն ապահովելու համար: Մենք Գյումրիից կհասնեինք Գորիս, բայց ինքը չէր կրնա Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղից վկային բերել տար: Դատավոր մարդ էր, բայց ընձի կհարցներ, թե «ոնց բերել տամ, տիկին Լամարա»»,- պատմում է Լամարա Մանուկյանը:
Գորիսում ընթացած դատավարական ընթացքից Լամարա Մանուկյանը խիստ դժգոհ է մնացել: Հիմա արդեն հասկացել է, որ այն ժամանակ նիստերն ընթացել են դատավարական նորմերի խախտումներով,սակայն որեւէ բան ձեռնարկել չեն կարողացել:
5-րդ նիստի ժամանակ, երբ ներս են հրավիրել գործով վկա Գոռ Մոմչյանին, վերջինսի դահլիճ մուտք գործելուց անմիջապես հետո դատավոր Հ. Դավթյանը, առանց ընդմիջում հայտարարելու, հեռացել է` պատճառաբանելով, թե կարեւոր թուղթ է մոռացել կաբինետում:
«5-10 րոպե դահլիճն առանց դատավորի էր: Վկան կանգնած, դատավորը չկա ու չկա: Դահլիճում էլ հիմնականում ամբաստանյալ Գեղամ Ասատրյանի կողմնակիցներն էին: Ես ըդտեղ հասկցա, օր դատավորը դիտմամբ դուրս եկավ, որպեսզի Ասատրյանի հարազատները հոգեբանական ճնշման ենթարկեն վկային, որ տղան չկարողանա ցուցմունքներ տալ»,- հիշում է Լամարա Մանուկյանը:
Վկան իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ դիրքերից տեսել է, թե ինչպես է զորամասի հրամանատարը իր հրահանգը մի փոքր ուշացումով կատարելու համար ապտակել Սերգեյին ու հայհոյել: Տղայի դեմքից արյուն է հոսել: Սերգեյը դեմքը մաքրել է ձեռքով, այնուհետեւ արյունոտ ձեռքը քսել մոտակա խողովակին:
Դատարանում Գոռ Մոմչյանը սկզբում ասել է, որ ոչ մի բան չի հիշում, իսկ երբ Լամարա Մանուկյանը տեղից բացականչել է, թե նման բաները մարդիկ ողջ կյանքում չեն մոռանում, դրանից հետո վկան հայտարարել է, որ ինչ գրել է նախաքննական ցուցմունքում, դա է ճիշտը: Լ. Մանուկյանի կարծիքով՝ հենց դահլիճի ճնշումն է եղել պատճառը, որ վկան սկզբում փորձել է իրար հակասող ցուցմունքներ տալ:
Դատավորին ինքնաբացարկ տուժող կողմը հայտնել է երկու անգամ` բանավոր եւ գրավոր:
«Բանավորի վախտ մենք դեռ փաստաբան չունեինք, էդ 4-5 նիստը մենք գնացել ենք առանց փաստաբանի, բայց հետո Զարուհի Փոստանջյանի միջնորդությամբ Տիգրան Մուրադյանը հանձն առավ մեր գործը պաշտպանելու: Այ, ինքնաբացարկի գրավոր միջնորդությունն ինքն է ներկայացրել, որն էլի չի բավարարվել: Մեր մոտ էն տպավորությունն էր, որ դատավորը չի ուզե ճշամարտությունը բացահայտվի»,-նկատում է տիկին Լամարան:
«Գործի թե նախաքննական, թե դատավարական փուլում եղել են ճնշումներ»,- համոզված է Լ. Մանուկյանը: Իրեն տրամադրված գործի 4 հատորներից առաջինում 16-րդ էջի վրա գրիչով գրված հետեւյալ հրահանգավորումը, թե «գործը վարել, որպես ինքնասպանություն», կնոջը բերել է այն եզրահանգման, որ հենց սկզբից էլ ցանկություն չի եղել իրականությունը բացահայտել:
Բացի այդ՝ զորամասի հրամանատար Գեղամ Ասատրյանը սկզբում կալանքի տակ է եղել 3 օր, այնուհետեւ նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությամբ դատարանը կիրառել է խափանման այլընտրանքային միջոց եւ մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել վերջինիս:
Ութ ամիս, երբ ընթացել է նախաքննություն, այնուհետեւ՝ սկսվել դատավարություն, Գեղամ Ասատրյանը գտնվել է ազատության մեջ: Լամարա Մանուկյանն ասում է, որ այդ ընթացքում Ասատրյանը հանդիպել է գործը վարող քննիչի հետ: Դատական նիստի ժամանակ տուժող կողմն այդ հանգամանքը դիտարկել է որպես ճնշում դատավարության կողմի նկատմամբ եւ միջնորդել է փոխել խափանման միջոցը: Գեղամ Ասատրյանին կալանավորել են հենց դատարանի դահլիճում:
«Դատական սաղ պրոցեսը ձեռքով կարձանագրվեր ու կգրվեր էն, ինչ իրանց էր պետք: Ես համոզված չեմ, թե ամբողջ ընթացքը արձանագրվել է,- կասկած է հայտնում տիկին Լամարան,- մենք ճարահատյալ ամենակարեւոր նիստի օրը հետներս կամերա տարանք, բայց մեզի չթողեցին նկարենիք, մենակ թույլ տվեցին ձայնագրել: Բայց էլի կարեւոր մասերը բաց թողեցինք, որովհետեւ ակումուլյատորը նստավ, իսկ մեզի սաղ դատարանով մի հատ «շտեպցել» չտրամադրեցին, օր զարյադկի դնեինք»:
Լամարա Մանուկյանը համաձայ չէ նաեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ: Սերգեյ Մանուկյանը ձախլիկ է եղել, իսկ փաստաթղթերում նշվում է, որ տղան կրակել է աջ ձեռքով: Ինքնասպանության վարկածը առաջ քաշած մարդկանց չի հետաքրքրել նաեւ այն փաստը, որ տղայի մարմնի վրա եղել են բազմաթիվ այլ վնասվածքներ:
«Եթե ինքնասպանություն էր, ուրեմն տղայիս թե մեջքին, թե փորին պիտի այրուն լիներ, որովհետեւ բերանի մեջ է կրակած, բայց միայն փորին էր: Գլխի գլխարկը պիտի վնասված էղներ, բայց գլխարկի վրա մե քերծվածքմ չկար: Պարկուճը գտնվել է, գնդակը`չէ: Լիքը հարցեր կային, որ ըդպես էլ իրանց պատասխանները չստացան էդ դատ կոչվածի ժամանակ»,- ասում է Լամարա Մանուկյանը:
Ըստ նրա՝ իր միակ տղան հավասարակշռված երիտասարդ էր: Մեկ տարի 7 ամիս արդեն ծառայել էր ու երբեք իրենք չէին լսել, որ զորամասում որեւէ մեկի հետ ընդհարված լիներ: Սերգեյը բնավորությամբ հանգիստ եւ բարեհամբյուր անձնավորություն է եղել: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, իսկ ուրբաթ ծնողները պատրաստվում էին գնալ տեսակցության, որի մասին Սերգեյը տեղյակ էր: Երկուշաբթի, երբ խոսել են հեռախոսով, անգամ մոշի մուրաբա է խնդրել մորից՝ պատճառաբանելով, որ մրսած է:
«Ըսքան բանից հետո հնարավոր չէ մտածել, թե մե ապտակիմ համար տղես պիտի գնար ու ինքնասպան լիներ: Ինքն էդքան թույլ չէր, որ էդ քայլն աներ: Եվ հետո, եթե էդքան վիրավորված էր, թող անմիջապես դա աներ, զենքը ստանալուց ու պոստ բարձրանալուց առաջ: Բայց Սերգեյս գնացել, 2 ժամ պոստ է կանգնել, հետո է դեպքը եղել: Եթե անգամ մարդը վիրավորված է, էդ 2 ժամվա մեջ պիտի որ հանգստանար ու սկսեր ավելի սթափ դատել: Սաղ գործն ընպես տարան, օր իբրեւ թե հրամանատարն ու մյուս սպան դրդել են տղայիս ինքնասպանության, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, բայց տղուս իրանք իրականում սպանել են»,- ասում է Լամարա Մանուկյանը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. դեկտեմբերի 20-ի նիստում ամբաստանյալ Վահագն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ և պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 տարի ժամկետով: Մյուս ամբաստանյալ Մհեր Սիմոնյանին մեղավոր է ճանաչել Քր. օր.-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և պատիժ նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով: Այնուհետեւ, կիրառելով «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 19.06.2009թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, Սիմոնյանին ազատել է պատժից: Իսկ ամբաստանյալ Գեղամ Ասատրյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ և պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի ժամանակով:
Թե տուժող կողմը, թե ամբաստանյալները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում,սակայն պաշտպաններ Ս. Ոսկանյանի, Լ. Գրիգորյանի և տուժողի իրավահաջորդ Լ. Մանուկյանի վերաքննիչ բողոքներն ամբողջությամբ մերժվել են:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. դեկտեմբերի 20-ի դատավճիռը վերաքննիչ դատարանն ամբողջությամբ թողել է անփոփոխ: Տուժող կողմը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան, սակայն ներկայացրած բողոքը 2011թ. հուլիսի 12-ին հետ է վերադարձվել:
Որդու ինքնասպանության գործը վերաբացելու եւ ճիշտ ուղով տանելու համար Լամարա Մանուկյանը դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս խորհուրդ է տվել այդ խնդրով դիմել զինվորական դատախազին: Մոտ 2 ամիս առաջ տիկին Լամարան նամակ է ստացել, որ գործով նախաքննությունը վերսկսվել է:
«Էս պահին շատ բան չգիտեմ, բայց չէի ուզենա, որ նույն մարդիկ զբաղվեին էս գործով,- ասում է տիկին Լամարան,- եթե պիտի նույն մարդիկ կանգնին էս գործի գլուխ, ուրեմն դժվար թե իրանց նախկին գրածին հակառակ բան գրեն»:
Լամարա Մանուկյանը հույս ունի, որ վերաբացված գործի քննության ընթացքում գործում կընդգրկվեն այնպիսի կարեւոր վկաներ, որոնց մասին նախկինում «մոռացել» են:
«Գուսաննա գյուղից ծառայող կար տղայիս հետ Տիգրան անունով: Ինքը շատ բան կասեր, բայց վախեցած է: Իմ տղուս մահվան օրը էդ զորամասում ծառայող 60 զինվորին էլ ահավոր ծեծել են: Նույն Տիգրանը մեր տան մեջն ըսավ՝ ընձի կներես, Լամարա տյոտյա, բայց ես ցուցմունք չեմ տա, էս երկրում պաշտպանության չկա, ես ո՞ւմ հույսով խոսամ»,- եզրափակում է որդեկորույս մայրը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել