HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». համայնքների խոշորացումն այլընտրանք չունի

Հարցազրույց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ

- Պարոն Գևորգյան, որո՞նք են Ձեր գլխավորած գերատեսչության առջև դրված այս տարվա գերակա խնդիրները:

- Կցանկանայի երեք ուղղություն առանձնացնել: Առաջինը տարածքային կառավարման նախարարության հիմնական անելիքներն են: Երկրորդը այն խնդիրներն ու ծրագրերն են, որոնք նախարարությունն այլ գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է: Եվ երրորդ ուղղությամբ մեր անելիքները կապված են հանրապետական նշանակության իրադարձությունների հետ: Սկսեմ վերջից: Այս տարի խորհրդարանական ընտրություններ են: Բացի այդ, առաջին անգամ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո ՏԻՄ կենտրոնացված ընտրություններ են տեղի ունենալու: Ե°վ խորհրդարանական, և° ՏԻՄ ընտրությունների պարագայում, կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրություններն անցկացվեն այնպես, ինչպես պահանջում է մեր օրենսդրությունը: Առաջին հերթին նկատի ունեմ կազմակերպչական և տեխնիկական հարցերը:

Ինչ վերաբերում է տարածքային կառավարման նախարարության այս տարվա հիմնական անելիքներին` մենք վերջին տարիներին հատկապես մի քանի խումբ խնդիրների առանձնակի ուշադրություն ենք դարձնում: Դրանցից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտների շարունակական աճի ապահովումն է: Մենք կարող ենք արդեն արձանագրել, որ այս հարցի լուծման ուղղությամբ ինչ-որ չափով դրական միտումների հասել ենք: Այս առումով ընթացիկ տարվա համար արդեն խնդիր ենք դրել ավելի մեծ ուշադրություն դարձնել համայնքների ծախսային քաղաքականությանը: Մի բան է գումարները հավաքել, այլ բան է` կարողանալ այդ գումարները ծախսել այնպես, որ համայնքի բնակչության հիմնախնդիրները լուծվեն: Նախարարության այս տարվա գերակա խնդիրներից մեկը լինելու է ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության նախապատրաստումը, համայնքների տեղական բյուջեների տիպաբանության մշակումը և նմանատիպ այլ հարցերի լուծումը: Մասնավորապես, մեր վերլուծությունները ցույց են տվել, որ առկա է խնդիր` պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիաների մասով. մինչև 300 բնակչություն ունեցող համայնքներին մենք տալիս ենք ֆիքսված 3,5 միլիոն դրամ դոտացիա, բայց 300-ից մի քիչ ավելի բնակչություն ունեցող համայնքներն ստանում են այդ 3,5 միլիոնից ավելի քիչ: Որոշակի անարդար իրավիճակ է ստեղծվում: Ես կարծում եմ, որ մենք այս տարի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, որպեսզի դոտացիայի նվազագույն չափը լինի 3,5 միլիոն դրամ: Մեր մյուս գերակա խնդիրն այն է, որ այս տարի ուզում ենք առանձնահատուկ ուսումնասիրել և վերհանել այն հարցերը, որոնք վերաբերում են ՏԻՄ և գործարար շրջանակների հարաբերություններին: Գիտեք, որ բազմաթիվ վարչական գործառույթներ կան, որոնցով օժտված են մեր ՏԻՄ-երը, տալիս են տարբեր համաձայնություններ, թույլտվություններ, արտոնագրեր և այլն: Մենք ուզում ենք այդ ամբողջ դաշտն ուսումնասիրել, միգուցե այդ վերլուծությունների արդյունքում հանդես գանք այդ հարաբերությունները պարզեցնելու առաջարկով: Ես համոզված եմ, որ շատ ընթացակարգեր կարելի է ավելի պարզեցնել կամ ընդհանրապես վերացնել` հաշվի առնելով նաև տնտեսական միջավայրն ավելի բարվոք դարձնելու ցանկությունը:

Հաջորդ անելիքը տարածքային զարգացման հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ գործիքակազմի ձևավորումն է: Գիտեք, որ նախորդ տարի հավանության արժանացավ տարածքային զարգացման հայեցակարգը, որը ենթադրում է, որ որոշակի գործիքներ պետք է լինեն, որոնցով կառավարությունը պետք է առաջնորդվի տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն իրականացնելու համար: Տարբեր մեթոդներ պետք է մշակվեն, տեղեկատվական բազաներ պետք է ձևավորվեն, որոնց վերլուծությունները պետք է որոշ ծրագրեր հուշեն և° կառավարությանը, և° նախարարությանը, և° այլ գերատեսչությունների: Սրանք են հիմնական գերակա ուղղությունները:

Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ գյուղատնտեսությանն աջակցելու ռազմավարությունը: Գործուն աջակցություն պետք է ցույց տալ այն բոլոր ծրագրերին, որոնք կառավարության կողմից իրականացվում են: Անցած տարի նմանատիպ մի քանի ծրագրեր եղան և° սերմարտադրության, և° օրգանական պարարտանյութի բաշխման ուղղությամբ: Հատուկ ծրագիր եղավ գյուղատնտեսության մատչելի վարկավորման ուղղությամբ: Այս ծրագրերից զատ այս տարի հատուկ սուբսիդավորման ծրագիր ենք իրականացնելու. մատչելի գներով պարարտանյութ կներկրվի Հայաստան և կհատկացվի գյուղացիական տնտեսություններին: Եվ այս բոլոր ծրագրերը պարզ է, որ առանց տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հնարավոր չէ իրականացնել, դրանց արդյունավետությունը կախված է լինելու նաև այս համակարգի կազմակերպված աշխատանքից:

- Չնայած կառավարության կողմից արդեն հավանության արժանացավ Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը, և շուտով գործնական աշխատանքները կմեկնարկեն, սակայն համայնքապետների մեծ մասը դեմ է այդ հայեցակարգին: Մեր իրականացրած դիտարկումների արդյունքում պարզվեց, որ փաստաթղթին դեմ են արտահայտվում հիմնականում փոքր համայնքների ղեկավարներն ու բնակիչները: Ձեր կարծիքով ինչո՞վ է դա պայմանավորված:

- Մենք դեռ չունենք որոշում, թե որտեղից պետք է սկսենք այդ աշխատանքները: Այս պահի դրությամբ պատկերացումներ ունենք այն հնարավոր մոդելների մասին, որոնք կարող են կիրառվել: Ես առիթ ունեցել եմ ասելու և մեկ անգամ ևս կցանկանամ կրկնել, որ սա այն գործընթացն է, որտեղ շատ չենք շտապելու: Փորձելու ենք հետևողական բացատրական աշխատանքով հասարակական անհրաժեշտ ընկալում ձևավորել, որպեսզի այս բարեփոխումները հաջողեն: Ես կարծում եմ, որ մեկնարկի մասին ռեալ է խոսել 2014-2015 թվականների կտրվածքով: Արդեն այսօր մենք ունենք Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի օրինակով մշակված համայնքների խոշորացման լուծումները: Դժվար է լինելու այդ ծրագրի իրականացումը, բայց անխուսափելի է, որովհետև մեր տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումն առանց համայնքների խոշորացման անհնար է պատկերացնել: Ռեսուրսային, նյութատեխնիկական հնարավորություններով այսօր մեր համայնքների զարգացման պոտենցիալը խիստ սահմանափակ է: Դա առաջին հերթին, իհարկե, վնասում է հենց բնակչությանը, որովհետև այս սահմանափակ հնարավորությունները համայնքի ղեկավարությանը թույլ չեն տալիս բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցելու: Իսկ արդեն մատուցված ծառայություններն էլ համապատասխան որակ չունեն: Այս գաղափարի ներդրման հետ կապված հիմնական ռիսկերը լինելու են սուբյեկտիվ` շատ պարզ պատճառով: Պատկերացրեք, մարդկանց երկու խումբ կա, որ, անձնական շահից ելնելով, դեմ է լինելու այդ բարեփոխումներին: Եվ պարզ է, որ այդ մարդիկ, մարզերի բնակչության հետ ավելի շատ շփվելու հնարավորություն ունենալով, նրանց տրամադրելու են այդ բարեփոխումների դեմ: Առաջին հերթին դրանք այն համայնքների ղեկավարներն են, որոնք այս խոշորացման արդյունքում կորցնելու են իրենց պաշտոնները: Իսկ մենք ոչ թե բնակավայրերն ենք միացնում, այլ համայնքների վարչական գործառույթներն ենք միավորում: Եթե 10 գյուղ վաղը լինելու է մեկ վարչական միավոր, պարզ է, որ մենք 10 գյուղապետի փոխարեն ունենալու ենք մեկ գյուղապետ: Բնականաբար, այդ խոշորացված համայնքի ղեկավարն ունենալու է իր լիազոր ներկայացուցիչները համայնքում, ձևավորվելու է խոշորացված ավագանի և այլն: Բարեփոխումներին դեմ արտահայտվող երկրորդ խմբում համայնքային այն ծառայողներն են, ովքեր այս գործընթացի արդյունքում կարող են չունենալ իրենց աշխատանքը շարունակելու հնարավորություն: Լինելու են տարբեր այլ սուբյեկտիվ պատճառաբանություններ, նաև քաղաքական գործիչներն են փորձելու այս խնդիրն այլ կերպ ներկայացնել և մեկնաբանել: Ուզում եմ ասել հետևյալը` աշխարհում այս ոլորտում կատարվող բարեփոխումներն այլընտրանք չունեն. համայնքները խոշորացման ճանապարհով են զարգանում: Այսինքն` սա օբյեկտիվ ճանապարհն է: Պետք է ամեն ինչ անենք, որ հասարակական ընկալումը համապատասխանեցնենք այդ պատկերացումներին: Հիմնական խնդիրն այն է, որ շատերը սա ներկայացնում են ոչ թե վարչական բարեփոխում, այլ որպես գյուղերի մեխանիկական միացում, ինչն իրականությանը չի համապատասխանում: Ես կարծում եմ, որ առաջիկա 1-2 տարին դժվար է լինելու ընկալելու, համակերպվելու առումով, բայց հետո բնակչությունն զգալու է նաև այդ բարեփոխումների առավելությունը:

- Արդեն մի քանի տարի է` կառավարությունը համայնքների համաչափ զարգացումից է խոսում: Սակայն սահմանամերձ բնակավայրեր կատարած մեր այցերի ընթացքում պարզեցինք, որ բարեփոխումները դեռ հեռավոր գյուղեր չեն հասել: Ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում համաչափ զարգացնել սահմանամերձ և հեռավոր գյուղերը, ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները:

- Ես համաձայն չեմ նմանատիպ գնահատականի հետ այն պարզ պատճառով, որ նախ մենք խոսում ենք տարածքների համաչափ զարգացման մասին, ինչն իր մեջ պարունակում է մի քանի հարթություններ: Առաջինը` երբ մենք սկսեցինք խոսել զարգացման անհավասարության մասին, նկատի ունեինք այն, որ այսօր էական տարբերություն է առկա Երևանի և մնացած մարզերի միջև: Եվ դա անդրադառնում է նաև կյանքի որակի վրա: Պարզ է, որ մարզերի բնակչությունը, տեսնելով, որ Երևանում եկամուտ ստանալու ավելի մեծ հնարավորություններ կան, ձգտելու է գալ այստեղ: Ուստի մեր առաջին խնդիրն էր` ամեն ինչ անել, որ Երևանի և մարզերի միջև տարբերությունը մեղմվի, և պետության ուշադրությունն ավելի շատ բևեռվի մարզերի վրա: Մեր մարզերի միջև նույնպես կա մեծ տարբերություն: Կան մարզեր, որոնք քիչ թե շատ բարվոք վիճակում են, կան մարզեր, որոնք օբյեկտիվորեն ավելի վատ վիճակում են:

Եթե, օրինակ, պաշտոնական թվերով խոսենք, ապա կտեսնենք, որ վերջին 4 տարիներին ավելանում է մարզերում կատարվող կապիտալ ներդրումների ծավալը: 2008 թվականին բոլոր կապիտալ ներդրումների 12,6%-ն է ուղղվել մարզեր, 2009 թվականին` արդեն 31,6%-ը, 2010-ի`ն 40,1%-ը, իսկ 2011-ին` 45,1%-ը: Պարզ է, որ այն խնդիրները, որոնք կուտակվել են 10-20 տարիների ընթացքում, հնարավոր չէ մեկ կամ երկու տարվա ընթացքում լուծել: Պարզ է նաև, որ ձեր նշած համայնքներում այդ խնդիրները տարիներով են կուտակվել: Հանրապետության կտրվածքով տարբեր մարզերում տարբեր առաջնահերթ խնդիրներ կան: Միայն վերջին 3 տարիներին պետությունը 140 մլն դոլար ներդրումներ է կատարել ոռոգման համակարգում: Վերջին տարիների պետական ծրագրերով միայն մարզերում ենք բացում վերանորոգված, ժամանակակից բուժտեխնիկայով համալրված հիվանդանոցներ: Հետագայում այդ աշխատանքները մարզկենտրոններից դուրս են իրականացվելու. արդիականացնելու ենք մյուս համայնքների բուժհիմնարկները: Ցավոք սրտի, այո, մեր այսօրվա հիմնական խնդիրը մարզերի կտրվածքով շարունակում է մնալ գյուղատնտեսության արդյունավետությունը: Մենք չենք կարող ասել, որ Հայաստանի ամբողջ տարածքում ունենք արդյունավետ գյուղատնտեսություն: Եվ տեսանելի ապագայում դժվար է պատկերացնել, որ դա կլինի: Մի բան է ունենալ զարգացած գյուղացիական տնտեսություններ Արարատյան դաշտավայրում, այլ բան է` ունենալ եկամտաբեր գյուղատնտեսություն, օրինակ, 2000 մետր բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում: Հատկապես վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական խնդիրների լուծմանը` հաշվի առնելով, որ մարզերի բնակչության հիմնական եկամուտը հողի շնորհիվ է ձևավորվում: Ես կարծում եմ` աշխատանքների մի մասի արդյունավետությունն արդեն զգացվել է: Տարածաշրջան առ տարածաշրջան փորձելու ենք հնարավորություններ ստեղծել, որպեսզի մեր բնակչությունը բարեկեցիկ կյանքի հնարավորություն ունենա: Վերջերս Տաթևում էի: Ճոպանուղու բացումից հետո այստեղ բավականին մեծ զարգացումներ են տեղի ունեցել: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում 70 հազար մարդ է այցելել Տաթև: Սա իր հետևից բերում է նաև ենթակառուցվածքների զարգացում, բնակչության արտադրած գյուղմթերքի սպառման հնարավորություն: Գորիսի հյուրանոցների ծանրաբեռնվածությունն այս տարի անհամեմատ ավելի մեծ է եղել, քան նախորդ տարիներին: Պատկերացնել, որ մենք յուրաքանչյուր գյուղում ունենալու ենք այս կամ այն արտադրամասը, ինչպես դա եղել է ԽՍՀՄ տարիներին, անհնար է: Շատ գյուղեր ունենք, որտեղ այս կամ այն հզոր արտադրական միավորի մասնաճյուղն է եղել ԽՍՀՄ տարիներին, սակայն հիմա այդ միավորը չկա, մասնաճյուղն էլ չկա: Եվ այսօր ամենավատ վիճակում գտնվող համայնքները նրանք են, որոնք ԽՍՀՄ տարիներին արտադրական կորիզ են ունեցել:

- Բայց մարդիկ հաճախ ասում են` եթե մի կարի արտադրամաս էլ լինի, էլի գոհ ենք, կանանց աշխատատեղի հարցը կլուծվի:

- Բայց դրա համար պետք է համապատասխան հետաքրքրություն լինի: Պետությունը չպետք է այդ բիզնեսը հիմնի, մասնավորը պետք է անի: Մասնավորն էլ իր հաշվարկներն ունի, չի կարող հիմնել մի արտադրություն, որը կես տարի հետո կփակվի: Այնտեղ, որտեղ հնարավոր է, այնտեղ, որտեղ համայնքն իր հերթին կարող է աջակցել նման նախաձեռնություններին, նմանատիպ ծրագրերն իրականություն են դառնում: Վերջերս նմանատիպ մի արտադրամաս բացվեց Ամասիայում: Այսինքն` ստեղծվելու են այնպիսի արտադրամասեր, որոնք պահանջարկ կունենան. ցավոք, սա է իրականությունը:

- Պարոն Գևորգյան, մարզեր կատարած մեր այցերի ընթացքում նաև պարզեցինք, որ մարդիկ չեն վստահում պաշտոնյաներին, շատերին նույնիսկ դեմքով չեն տեսել: Եզակի պաշտոնյաներից մեկը, ում մարզերի բնակչության մեծամասնությունը վստահում է, Դուք եք: Ամեն քայլափոխի մարդիկ Ձեր անունն էին տալիս: Իսկ Դուք` որպես փոխվարչապետ, փորձե՞լ եք մյուս իրավասու պաշտոնյաներին բացատրել, որ նրանք էլ մարզաբնակների հետ հաճախակի շփվեն, տեղում ծանոթանան մարդկանց հոգսերին:

- Ծանոթ եմ այդ խնդրին. իրոք, շատ հանդիպումների ժամանակ այս դժգոհությունը զգում եմ: Այցերի ժամանակ պարզվում է, որ տարիներ շարունակ այդ համայնք պետական պաշտոնյաներ չեն այցելել: Անկեղծ պետք է ասեմ, որ այստեղ երկու խնդիր կա: Մի բան է, որ համայնք այցելում է մարզպետը: Տեղի բնակչությունը դա որպես պետական պաշտոնյայի այց չի ընկալում, որովհետև մարզպետն իրենցն է: Իհարկե, բոլորը ցանկություն ունեն, որ իրենց խնդիրներն ու հոգսերը հասցնեն Երևանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ իմաստով կարող եմ ասել, որ նախ մենք մարզպետների հետ պայմանավորվել ենք, որ, անկախ ամեն ինչից, տարվա ընթացքում յուրաքանչյուր մարզպետ իր մարզի յուրաքանչյուր համայնքում պետք է լինի: Արդեն մարզպետները ոչ թե մարզի բնակչությանը մարզպետարաններում են ընդունում, այլ տարածաշրջաններում` ընդունելության օրեր նշանակելով: Հանրապետության նախագահն ու վարչապետը բավականին հաճախ են լինում մարզերում, տեղում ծանոթանում են խնդիրներին: Որպես իրենց այցելության արձագանք` տարբեր պաշտոնյաներ գնում են մարզեր` խնդիրներին տեղում ծանոթանալու: Դա, իհարկե, այն ծավալով չի կատարվում, որ բնակչության մոտ դժգոհությունները վերանան: Բայց չենք կարող ասել, թե իմ գործընկերներն ընդհանրապես չեն այցելում մարզեր: Օրինակ` գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարները հաճախ են լինում մարզերում:

- Մարզերում մեծ խնդիր է գյուղմթերքի չիրացման հարցը, ինչը թևաթափ է անում գյուղացուն: Օրինակ` Գեղարքունիքում նախորդ տարի համատարած կաղամբ են մշակել, սակայն բերքը չի իրացվել:

- Նախ փաստենք, որ 2011 թվականը գյուղատնտեսության համար բավականին հաջող տարի էր` և° բնակլիմայական պայմանների, և° կառավարության ձեռնարկած օժանդակության առումով: Գյուղմթերքի իրացման էական խնդիրներ չենք ունեցել: Միակ խնդրահարույց հարցը եղել է կաղամբը, ոչ միայն Գեղարքունիքում, այլև Արմավիրում: Ցավոք, մենք գյուղմթերքի մի քանի տեսակ ունենք, որոնց իրացումը ամեն տարի խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես խոսքը կաղամբի և սոխի մասին է: Մի տարի սոխ ու կաղամբ քիչ են մշակում` դեֆիցիտ ենք ունենում: Այդ զգացումներով, գյուղացիները մյուս տարի ավելի շատ են մշակում, արդյունքում ավելցուկ ենք ունենում: Սա է խնդիրը: Մենք մոնիտորինգ ենք իրականացրել 39 խոշոր և մի քանի մանր վերամշակող ընկերություններում: Թվերին տիրապետելով` կարող եմ հետևյալն ասել` 2011 թվականին Հայաստանի վերամշակող ընկերությունները մթերել են 50987 տոննա բանջարեղեն` 2010-ի 29682 տոննայի դիմաց: 2011 թվականին մեթերվել է 14285 տոննա պտուղ` 2010-ի 3623 տոննայի դիմաց: Սա վկայում է այն մասին, որ ավելի շատ գյուղմթերք է արտադրվել, և արտադրանքն էլ մթերվել է: 2011 թվականին Հայաստանից արտահանվել է 16884 տոննա բանջարեղեն և միրգ, իսկ 2010-ին` 12463 տոննա: Եթե նախկինում միայն ծիրան ու խնձոր էին արտահանում ավտոմոբիլային ճանապարհով, ապա այսօր բանջարեղեն էլ են արտահանում: Թափ է առել տարբեր խոտաբույսերի մթերման գործընթացը: Մեծ պահանջարկ ունի հայկական թեյերի արտադրությունը: Իմ ունեցած տեղեկություններով` այդ տարի մթերումների դիմաց 98-99%-ով բոլոր վճարումները կատարված են: Ձեր ասած խնդրի միակ լուծումն այն է, որ արտադրող և մթերող հարաբերությունները պետք է կարգավորված լինեն պայմանագրով, որպեսզի գյուղացիները երաշխավորված լինեն, որ իրենց ջանքերն արդյունք կտան: Այդ դեպքում եթե կազմակերպությունները չմթերեն, ապա գյուղացին տվյալ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքեր կունենա: Այս մշակույթը կամաց-կամաց փորձում ենք ներմուծել:

- Առջևում ՏԻՄ ընտրություններն են, և արդեն խոսակցություններ կան, որ մարզպետները փորձում են իրենց թեկնածուի օգտին որոշակի գործողություններ իրականացնել: Դուք հետևո՞ւմ եք այդ գործընթացներին, և արդյոք կանխվո՞ւմ են մարզպետների անօրինական գործողությունները:

- Առաջին անգամ այս տարի մենք կենտրոնացված ենք կազմակերպելու ՏԻՄ ընտրությունները: Ես չեմ հիշում մեր պատմության կամ իմ պաշտոնավարման ընթացքում մի դեպք, որ ընտրությունների ժամանակ նմանատիպ խոսակցություններ չլինեն: Ինձ համար խնդիր է առաջանում միայն այն դեպքում, երբ հարցը տեղափոխվում է իրավական դաշտ` արդյոք մարզպետը խախտե՞լ է որևէ օրենք: Եթե խախտել է, ապա պետք է լինի կոնկրետ ապացույց, կոնկրետ փաստ: Եկեք մի բան հասկանանք` բացի նրանից, որ մարզպետը կառավարության ներկայացուցիչն է այնտեղ, շատ դեպքերում նա նաև կուսակցական գործիչ է: Մենք մարզպետներ ունենք, ովքեր նաև համապատասխան կուսակցության մարզային խորհրդի նախագահ են: Եվ շատ անտրամաբանական կլինի, եթե Հանրապետական կուսակցությունն այս կամ այն համայնքում առաջարկի կոնկրետ գյուղապետի թեկնածու, իսկ մարզպետը նրան չպաշտպանի:

- Պարոն Գևորգյան, ընտրական շրջանում նաև մարզերում կրթական հաստատությունների քաղաքականացման հարցն է սրվում, ասում են` ուսուցիչներին ստիպում են անդամագրվել այս կամ այն կուսակցությանը: Դա՞ էլ է անհիմն:

- Այն, ինչ-որ ասում եք, ես մամուլից եմ ծանոթանում: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ դժվար եմ պատկերացնում, թե այսօր ժամանակակից մարդուն, այն էլ ուսուցչին, կարող են ասել` դու պետք է այս կուսակցության անդամ լինես, որովետև դա պետք է:

- Բայց ասում են ու եթե չանի, աշխատանքից կազատեն: Դժվա՞ր է նույն մարզպետի համար ուսուցչին գործից ազատելը:

- Ունե՞ք կոնկրետ դեպք: Եթե լինի կոնկրետ փաստ, ուրեմն այդ դեպքում կխոսենք: Այդ փաստը պետք է նախ իրավապահ մարմիններն ուսումնասիրեն: Ես բացառում եմ, որ մարդուն կարող են գործից հանել նրա համար, որ ասել են` անդամագրվի այս կամ այն կուսակցությանն ու նա չի համաձայնվել: Ուրեմն նաև այդ պաշտոնյան ինչքան պետք է չպատկերացնի այսօրվա իրականությունը: Հազար ու մի ձև կա այսօր համոզելու, առաջարկելու, բայց այլևս այն ժամանակները չեն, երբ վարչական մեթոդներով մարդկանց կուսակցությանն էին անդամագրում: Ես կարծում եմ` շատ բան կախված է նաև մարդկանց քաղաքացիական դիրքորոշումից: Եթե նման դեպքեր կան, թող լինեն 1-2-ը, ովքեր իրոք կդիմեն իրավապահներին, մենք էլ հետևողականորեն այդ բողոքների հետևից կգնանք: Ամեն ամսվա վերջին երկուշաբթի օրն ինձ մոտ քաղաքացիների ընդունելություն է լինում, բազմաթիվ հարցերով մարդիկ գալիս են ինձ մոտ: Բայց մի դեպք չի եղել, որ մեկը գա մարզպետից բողոքի, թե` ինձ ստիպել է այս կամ այն կուսակցությանն անդամագրվել:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter