HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». հողակտորի համար պայքարող կինը սպառնում է ինքնահրկիզվել

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զաքարիա Սարկավագի 131 շենքի բնակիչ Լեյլա Ասատրյանը շարունակում է պայքարել իր տան պատուհանի տակ գտնվող փոքրիկ հողակտորի համար: Հիշեցնենք, որ խոսքը զոհված ազատամարտիկի այրու կողմից 18 տարի շարունակ մշակված հողակտորի մասին է, որի համար նա թեև սեփականության վկայական չունի, բայց տարիներ շարունակ պայքար է մղում, որպեսզի չխլեն իր ձեռքից:

Բոլորովին վերջերս հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է վերոնշյալ բակում հանգստի գոտի կառուցել, հողակտորն էլ պետք է այդ նպատակով օգտագործվի: Սակայն տիկինը համոզված է, որ ոչ թե հանգստի գոտի, այլ հերթական օբյեկտն է կառուցվելու իրենց բակում, ինչը հարուստների ձեռքի գործն է: «Ի՞նչ հանգստի գոտի իմ պատուհանի տակ»,- հարցադրում է անում նա:

Այս հարցի վրա ուշադրություն սևեռելու նպատակով Լեյլա Ասատրյանը նախորդ տարեվերջին հացադուլ հայտարարեց քաղաքապետարանի մոտ' պահանջելով, որ իրեն անձամբ ընդունի և բողոքը լսի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սակայն տիկնոջ պահանջը չբավարարվեց: «2006 թվականից իմ հողակտորի սեփականաշնորհման բոլոր դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե հողակտորն ընդհանուր բակային սեփականություն է: Սակայն ինչո՞վ և ինչպե՞ս բացատրել, որ այդ նույն յոթերորդ գոտի համարվող հողատարածքի շարունակությունը սեփականաշնորհվել է և վաճառվել:

Իսկ 2011 թվականի մարտ ամսից շինարարություն է սկսվել նույն հողակտորի վրա, մինչդեռ թաղապետարանի և քաղաքապետարանի որոշ գաղութարարներ միշտ էլ ցանկացել են կոծկել ճշմարտությունը»,- «Հայացք»-ին ասաց խմբագրություն այցելած Լեյլա Ասատրյանը: Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի' տիկնոջն ուղղված գրությունից պարզ է դարձել, որ դեռևս 2008 թվականին է իր մշակած հողակտորի շարունակությունը աճուրդային եղանակով օտարվել հարևանին:

Լեյլա Ասատրյանը զարմացած է' եթե հարևանի հողակտորը սեփականաշնորհել են, հետո նա այն վաճառել է, ինչո՞ւ նույն սկզբունքը չի կարող գործել իր հողակտորի դեպքում: Նա հարցով բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանին, սակայն դրական պատասխան չի ստացել: «Ինձ անընդհատ խաբել են, տարբեր պատասխաններ տվել: Այլևս ոչ ոքի չեմ հավատում, ես իմ հողակտորն եմ ուզում»,- վրոդովված ասում է նա:

Լեյլա Ասատրյանը հարցով դիմել է Գլխավոր դատախազություն, սակայն ասում է, որ առանձնապես մեծ հույսեր չունի, թե հօգուտ իրեն որոշում կկայացվի: Ի դեպ, հարցի չլուծման դեպքում նա սպառնում է ինքնահրկիզվել:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գլխավոր ճարտարապետ Արտակ Սարգսյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է եղել, որ Լեյլա Ասատրյանի հարևանի հողակտորը սեփականաշնորհվել է, և, ի վերջո, ի՞նչ է կառուցվելու վերոնշյալ բակում:

Սակայն Արտակ Սարգսյանի քարտուղարուհին պատասխանեց, որ նա տեղում չէ, որ ինքն էլ է տեղյակ այդ խնդրի մասին և որ բակում, իրոք, հանգստի գոտի է կառուցվելու:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter