HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մհեր Խաչատրյան. «Գյումրիում փլված մեկ հասցեի դիմաց 6 անգամ բնակարան են տվել, ու սա միակ դեպքը չի եղել»

Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում դեռեւս առկա է 93 տնակային թաղամաս՝ բաղկացած 2-ից մինչեւ 200 տնակից: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը 2017-18 թթ-ին իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է բնակելի 2826 տնակ: «Ըստ 2017թ.-ի հուլիսին քաղաքապետարանից մեզ տրամադրած ցուցակների՝ տնակների թիվը 3529 էր: 4 ամիս իրականացրած մանրամասն ուսումնասիրությունների ու վերահաշվառման արդյունքում ցուցակը պակասեց 800 տնակով,- ասում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայիս տնօրեն (պաշտոնավարում է 2018թ. հուլիսից) Մհեր Խաչատրյանը,- պարզվեց, որ 800 տնակ ֆիզիկապես գոյություն չուներ, սակայն հասցեականությունը ցուցակներում պահպանվել էր»:

Անփութության արդյունք է, թե՞ դիտավորություն: Ու՞մ է ձեռնտու եղել այսքան տարի անօթեւանների ցուցակում պահել գոյություն չունեցող տնակների հասցեները: «Բոլորին,-պատասխանում է զրուցակիցս,- շատերին՝ իշխանություններին, տնակատերերին, դրսի բարերարներին օգնության անվան տակ «քամողներին»՝ բոլոր նրանց, որոնք կարող էին այս ամենից օգուտ քաղել»:

30-years-after-Spitak-earthquake-Mher-Khachatryan.jpg (117 KB)

Տնակների առկայությունը նախկինում ամենաշահարկվող թեման է եղել հատկապես ընտրությունների շրջանում՝ լինի տեղական, թե համապետական: Խոստումներ, 5-10 հազար դրամների բաժանում, օգնության տրամադրում՝ հանուն քվեի, իսկ արդյունքում զրոյական տեղաշարժ խնդրում: «Մեկ ուրիշ բան էլ բացահայտվեց մեր ուսումնասիրությունների արդյունքում,- ասում է Մհեր Խաչատրյանը,- պարզվեց՝ կա 312 տնակ, որ ֆիզիկապես գոյություն ունեն, մարդիկ ապրում են, սակայն ցուցակներում ներառված չեն: Ինչու՞ չկան...տարբերակներից մեկը՝ գուցե էդ ժամանակ հաշվառում իրականացնող 15 հոգանոց խմբի անդամը, որ էդ տարածքում է նշանակված եղել, թերացել է իր աշխատանքում, բոլոր տնակները չի պտտվել՝ ընդամենը պլյուս է դրել ու անցել առաջ: Դե արի գտի, թե ո՞վ է եղել տվյալ տարածքում նշանակված, ով է աշխատել, որ պատասխանատվության կանչես: Աբսուրդը գիտե՞ք որն է, որ իրար կողք կողքի դրված տնակներից մեկը հաշվառված է, մյուսը՝ ոչ, այսինքն հաշվառողը մեկը տեսել է, մյուսը՝ չէ: Էս լոգիկան ընդհանրապես հնարավոր չէ բացատրել: Ու՞մ է ձեռնտու եղել հաշվառումից դուրս մնալը, չգրանցվելը՝ տնակում ապրողին, թե՞ հաշվառողին, ու՞մ»:

30-years-after-Spitak-earthquake-7.jpg (152 KB)

Երկրաշարժի հետեւանքով Գյումրիում անպիտան է դարձել 21 հազար բնակարան: Աղետի գոտում անօթեւաններին տրամադրվել է 25 հազար տնակ: Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարիների ընթացքում, Գյումրիում ավելի շատ բնակարան կառուցվել է, քան ավերվել է: Տրամաբանությունը հուշում է, որ դեռեւս 2012թ-ին պետք է հրաժեշտ տված լինեինք վերջին տնակին, սակայն 2018թ-ի դեկտեմբերին, երկրաշարժի 30-րդ տարելիցին դեռ խոսում ենք անօթեւանության, բնակարանների ձեռք բերման անհրաժեշտության, տնակային ավանների վերացման մասին: 

Մհեր Խաչատրյանն ասում է, որ եթե նախկին իշխանությունները ժամանակին ցուցաբերեին քաղաքական կամք, ապա խնդիրը վաղուց էին լուծել: Եթե պատկան մարմինները չգնային պայմանավորվածությունների ճանապարհով, եթե կանխվեր դոմիկների «կարուսելը», ում պատահի տնակային հասցեներում գրանցելը, ապա հնարավոր կլիներ շատ ավելի վաղ ձերբազատվել այս թնջուկից: Զրուցակիցս պատրաստակամ է ներկայացնել բոլոր բացահայտումները, որ արել է հիմնադրամում նախ՝ որպես մշտադիտարկման աշխատանքների կամավոր, հիմա արդեն տնօրեն աշխատելու ընթացքում:

30-years-after-Spitak-earthquake-2.jpg (180 KB)

Եվ այսպես, բացահայտում թիվ 1. «Տեսեք, մի անօթեւան, 2004թ-ին Ուրբանի ծրագրով ԲԳՎ է ստացել, գնացել գյուղում տուն է առել, դոմիկն էլ քանդել, վերացրել է, չկա էդ դոմիկը: Կանցնի 8 տարի, մեկ ուրիշ տնակատեր տուն կստանա Մուշ թաղամասում: Տունը սեփականաշնորհելու համար քանդման ակտ պետք է ներկայացնի քաղաքապետարան, իսկ ակտը ստանալու համար պիտի տնակը քանդի, տարածքն էլ մաքրի: Կոնկրետ ինքը տնակը չի քանդում, ավելի ճիշտ՝ մասամբ է քանդում՝ ունեցած երկու դոմիկից մեկը, մյուսը փաստացի չի քանդում՝ թիթեղյա տնակ է...հիմա սա X տնակն է, որը չի քանդվում, էն նախորդ պատմության (2004թ-ին քանդած) Y տնակի հասցեն վերցնում, դնում են սրա վրա ու ստանում նոր՝ Z տնակ: Ու հետո էս Z տնակի բնակիչը բարձրաձայնում է, թե ինքը անօթեւան է, տնակի բնակիչ է, իրեն պետք է տուն տան, որովհետեւ ինքը, ասացեք խնդրեմ, 3 տեղ մաղարիչ է արել, մինչեւ Z տնակի տեր է դարձել, ավելի ճիշտ մեր ուսերին ավելորդ բեռ»:

Բացահայտում թիվ 2. «Անօթեւան անձը 2012թ-ին կորցրած բնակարանի դիմաց տուն է ստացել պետությունից Մուշ թաղամասում: Տունը սեփականաշնորհելու համար իրեն պետք է եղել ձեռքին ունենալ դոմիկի քանդման ակտը: Քանի որ փողը մութ տեղը լույս է տալիս, էս մարդը գումարով ձեռք է բերել քանդման ակտը՝ դոմիկը չի քանդել: 2014թ-ին սեփականաշնորհել ու վաճառել է Մուշ թաղամասում ստացած բնակարանը եւ վերադարձել չքանդած տնակ: 2017թ-ին, այս նույն մարդը՝ որպես տնակի բնակիչ, Համահայկական հիմնադրամից ստանում է երկրորդ բնակարանը, եւ միայն այդ ժամանակ է տնակը քանդվում, քանի որ քաղաքապետարանից հիմնադրամին խորհուրդ էին տվել տունը տալ միայն տնակի քանդման ակտը ստանալուց եւ քանդման պրոցեսն արձանագրելուց հետո»:

30-years-after-Spitak-earthquake-9.jpg (147 KB)

Աղետի գոտում բնակարանների գնման վկայագիր(ԲԳՎ) ծրագիրը ներդրվեց 2003թ-ին: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) աղետի գոտու վերականգման ծրագրով Ուրբան ինստիտուտը բնակարանի գնման վկայագրեր տրամադրեց Շիրակի եւ Լոռու մարզերի անօթեւաններին: Բնակարանների ձեռք բերման գործընթացն այն ժամանակ չէր վերահսկվում եւ արդյունքում շատերը, չկարողանալով նշած ժամանակահատվածում գնել բնակարան նախատեսված գնով, կեղծ առք ու վաճառքի պայմանագրեր էին կնքում բարեկամների, հարազատների հետ, գումարը ստանում էին, եւ ոչ ոք չէր հետաքրքրվում, արդյո՞ք անօթեւանը գնել է այդ բնակարանը, թե՞ վերադարձել է կրկին չքանդած տնակ:

Մի քանի տարի առաջ, երբ արդեն ԲԳՎ ծրագիրն իրականացվում էր պետական մակարդակով, գումարն էլ հատկացնում էր կառավարությունը, հաշվի առնելով անցյալի արատավոր փորձը՝ անօթեւանի առաջ դրվեց հետեւյալ պայմանը. բնակարանի գնման պայմանագիրը կնքելու պահին փոխանցվում է նախատեսված գումարի 60 տոկոսը, իսկ մնացած 40 տոկոսը՝ տնակի քանդման ակտը ներկայացնելուց հետո:

30-years-after-Spitak-earthquake-4.jpg (132 KB)

Բացահայտում թիվ 3. «Ակտը ձեռք բերելու համար էլի մաղարիչի տարբերակն է գործել: Այսինքն, ամեն դեպքում ում պետք է եղել` ճարը գտել է, գնացել, համապատասխան գումարը տվել են, ակտը գնել են, տարել ներկայացրել են, գումարների փոխանցումն ապահովել են, բայց տնակը չեն ապամոնտաժել, ընդամենը ցուցակներից հանվել է հասցեականությունը: Նման տնակները հետագայում վաճառվել են կամ տրվել են վարձով: Սա էլ օրինակներից մեկը, թե ինչու՞ չեն պակասել դոմիկները քաղաքից»:

Բացահայտում թիվ 4. «Ես հաշվառման ժամանակ մի դեպք բացահայտեցի, որ խոշոր մի պաշտոնյա, իր կողմից սեփականաշնորհած հողի վրա ունի դրած երեք տնակ, դրանք հասցեավորված են, եւ ինքը այդ տնակները տալիս է վարձով՝ իրեն լրացուցիչ եկամուտ ապահովելով: Հիմա հարց եմ տալիս. ի՞նչ իրավուքով պետական բարձր պաշտոնյան, թեկուզ նախկին, Գյումրիում՝ աղետի գոտում, պետք է ունենա հաշվառված տնակային միավոր: Ինչու պետք է պետական պաշտոնյան, օգտագործելով գյուղից եկած անտուն մարդկանց խոցելի վիճակը, որ էժան վարձով տեղ են ման գալիս, 10 հազար դրամով այդ տնակները տա վարձակալության: Եթե պատկան մարմինները փորձեն հետաքրքրվել, գուցե պարզվի, որ այդ նախկին պաշտոնյան գուցե եւ նպաստ էլ ձեւակերպած լինի տնակային հասցեներով»:

30-years-after-Spitak-earthquake-3.jpg (178 KB)

Բացահայտում թիվ 5. «Սա թերեւս բացահայտում չէի համարի, այլ ավելի շուտ, ակնառու, աղաղակող փաստերի վրա աչք փակել կկոչեի: Մշտապես թմբկահարվում է, որ Գյումրիում այս տարիներին կառուցվել է շատ ավելի մեծ քանակությամբ բնակարան, քան փլուզվել է՝ 25000 նոր 21000 փլվածի դիմաց: Այսինքն, մեկ փլված հասցե՝ մեկ բնակարան կարգախոսն, ըստ էս թվերի, մի բան էլ գերազանցվել է: Սակայն տարիներ շարունակ անօթեւանների թիվն ինչքան էլ պակասել է, այսօրվա դրությամբ մենք ունենք անօթեւաններ, որոնք ոչ մի ծրագրից չեն օգտվել եւ երբեւէ բնակարան չեն ստացել: Ցուցակները ֆիլտրելիս հայտնաբերել եմ փլված տան հասցե, որի դիմաց 6 անգամ տուն են տվել: Ու սա եզակի օրինակը չէ: Ոչ պաշտոնական խոսակցություններ են շրջանառվում, որ նախկին իշխանությունների օրոք, 2000 դոլարի դիմաց մարդկանց ընդգրկել են անօթեւանների ցուցակ: Այդ նպատակով հավանաբար օգտագործվել են այն հասցեները, որոնց տերերը բնակարանի փոխհատուցում ստացել են ասենք 90-ականներին»:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ստեղծվել է 2015թ-ի դեկտեմբերին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ անօթեւանների համար սոցիալական բնակարանների ձեռք բերման նպատակով: Երկու տարվա ընթացքում հիմնադրամն՝ իր եւ բարերարների տրամադրած միջոցների հաշվին, կարողացել է գնել 29 բնակարան: Փաստաթղթերով բնակարանը հիմնադրամի սեփականությունն է, եւ անօթեւանը չի կարող իր ցանկությամբ այն վաճառել: Բնակարանի բանալին անօթեւանին հանձնելու պահից հրապարակայնորեն քանդում են ժամանակավոր կացարանը՝ հետագա շահարկումներից խուսափելու եւ անօթեւանի հետ վերադարձը կանխելու համար:

30-years-after-Spitak-earthquake-6.jpg (155 KB)

«Հիմնադրամն աշխատաքներն իրականացնում է թիրախավորված,- ասում է Մհեր Խաչատրյանը,- կենտրոնանում ենք կոնկրետ որեւէ տնակային թաղամասի վրա: Հիմա բուսաբանական այգու տարածքի տնակային ավանով ենք զբաղված, սրանից առաջ Բարեկամության այգու տարածքն էինք վերցրել: Էս ընթացքում էդ տարածքից անօթեւան 12 ընտանիքի համար հասցրեցինք բնակարան ձեռք բերել, հետո կիսատ թողեցինք, դուրս եկանք, որովհետեւ բարերար Ռուբեն Վարդանյանն ու IDA կազմակերպությունը զբաղվեցին մնացած 20 ընտանիքներով: Իրենք այգին վերականգնելու են որպես կանաչ գոտի, կառուցում են սմարթ-այգի, սարքում են զբոսաշրջային կենտրոն»:

Զրուցակիցս ասում է, որ չկա այնպիսի չափանիշ, որով իրենք որոշեն, թե, ասենք, 2826 տնակատերից ում պետք է տան առաջնահերթությունը բնակարան հատկացնելիս: «Եթե նայում ես դոմիկատիրոջ տեսանկյունից, իր վիճակը քաղաքում եղած մյուս դոմիկատերերի համեմատ ամենածայրահեղն է : Հիմա, եթե ես ասեմ, որ պատի ճեղքն է չափանիշը՝ կսկսեն պատի ճեղքը լայնացնել, եթե ասեմ, որ առաջնահերթության նախապայմանն էն է, որ չունենան կոմունալ հարմարություններ, ով էլ որ ունի կգնա, կքանդի, կավերի, եթե ասեմ ծակ կտուրն է պայմանը՝ կգնան, կտուրը սետկա կսարքեն: Դրա համար էլ որոշվեց ըստ թաղամասերի, որ արդարությունն ու չեզոքությունը պահպանվի»:

30-years-after-Spitak-earthquake-5.jpg (98 KB)

Դրված սկզբունքից շեղում լինում է միայն այն դեպքերում, երբ բնակարանն ամբողջությամբ գնվում է բարերարի միջոցներով, եւ որոշակի պայմաններ առաջարկվում են նրա կողմից: Այդ ժամանակ անօթեւանն ընտրվում է ընդհանուր ցուցակից՝ առանց թաղամասի հստակեցման: «Իմ հաշվարկով, եթե ունենանք 30 մլն դոլար, ապա մեկ տարում տնակներն իսպառ կմաքրենք քաղաքից: Եվ դրա համար հարկ չի լինի բնակարանաշինությամբ զբաղվել: Քաղաքում կա բավարար բնակֆոնդ հարցը լուծելու համար: Բացի դրանից, մեկ բնակարանի կառուցման վրա ծախսվելիք գումարով կարելի է երկու պատրաստի բնակարան գնել: Մնում է, որ ներկայիս իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն՝ Գյումրին առանց այդ նվաստացնող տնակային թաղամասերի տեսնելու»,-զրույցն ամփոփում է Մհեր Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։