HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Հարությունյան. «Եթե չկա օրենսդրական դաշտ, գործադիրը չի կարող արդյունվետ աշխատել»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի հետ զրուցել ենք կուսակցության նախընտրական ծրագրի՝ մշակույթին վերաբերող դրույթների ու քաղաքականության շուրջ։

Տիկին Հարությունյան, «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ծրագրում նշված դրույթները,  օրինակ՝ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, մարզերում ժամանակակից արվեստի կենտրոնների հիմնումը, մշակութային շինությունների վերանորոգումը իրականացնելու համար ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ: Որտեղի՞ց են հայթայթվելու այդ գումարները:

Ֆինանսների հայթայթման գործընթացն անմիջականորեն կապված է օրենսդրական դաշտի հետ։ Եթե օրենսդրական դաշտում կատարվեն այն փոփոխությունները, որոնք մենք ենք պատկերացնում, ապա մշակույթի և արվեստի ոլորտում գործող արվեստագետների և կառույցների համար նպաստավոր պայմաններ կստեղծենք։ Օրինակ՝ երբ գործարարը կամ որևէ արդյունաբերական կազմակերպություն ցանկանում է աջակցություն ցուցաբերել որևէ մշակութային նախագծի, ապա քաղաքակիրթ երկրներում իրենց ազատում են հարկերից, քանի որ իրենց  շահույթը ներդնում են մշակույթը զարգացնելու համար։ Հայաստանում նման օրինակ է պարոն Ծառուկյանը, որ, լինելով գործարար, վերցրել է սպորտի ոլորտը և աջակցություն է ցուցաբերում։ Այն փաստը, որ այսօր այդ ոլորտում հաջողություններ ունենք, նաև պայմանավորված է նրանով, որ գոյություն ունի մեկը, որի ուշադրության կենտրոնում է գտնվում այսինչ ոլորտը։ Եթե պետության կողմից օրենսդրորեն սահմանվի հարկային դաշտը, որ պետությունը հնարավորություն է ընձեռում գործարարներին աջակցել մշակույթի ոլորտի զարգացմանը և ազատվել հարկերից, ապա ես ավելի քան վստահ եմ, որ դրանով կապահովենք այդ նախագծերը ֆինանսավորելու առնվազն մեկ աղբյուր։

Արդյո՞ք կան գործարարներ, որոնք պատրաստ են հենց մշակույթի մեջ ներդրում անելու։

Քաղաքական գործիչները անընդհատ նշում են, թե որքան հին մշակույթ ունենք և այս ոլորտում գործնական քայլը անելը ամենավառ ապացույցը կլինի իրենց կողմից, որ, իրոք, այդպես է։ Ձեր հարցից հանգեցի այն մտքին, որ սփյուռքահայերին ևս պետք է ընդգրկել, այսինքն՝ նրանց նույնպես պետք է ընձեռել այդ հնարավորությունը, որովհետև սփյուռքում ապրող հայերը ավելի են հասկանում հայ մշակույթի կարևորությունը և դա իրենց համար օգնության ձեռք մեկնելու լրացուցիչ հնարավորություն կլինի։

Հավանաբար, հարկերից ազատվելու հեռանկարը այստեղի գործարարներին ավելի շատ կխթանի ներդրումներ անելու, քան սփյուռքահայերին։

Լիովին համամիտ եմ։ Դա ֆինանսավորման առաջին հնարավորությունն է, իսկ երկրորդը մշակույթի ապակենտրոնացումն է, այսինքն՝ մշակույթի հավասարաչափ զարգացումը։ «Լուսավոր Հայաստան»-ը մտադիր է մարզերում վերակենդանացնել բոլոր մշակույթի տները, որոնք եղել են Խորհրդային միության ժամանակ և այդպիսով մշակույթը ֆինանսավորելու պետության բեռը տեղափոխել նաև մարզային կառույցների վրա, որ մարզպետների համար էլ պարզ լինի՝ երբ իրենք նշանակվում են տվյալ մարզի ղեկավար, ապա պետք է իրենց մարզի ցանկացած գործարարի նույն կերպ հնարավորություն տան խթանել տվյալ մարզի մշակութային կյանքի զարգացմանը։

Բացի հարկային արտոնություններից, ուրիշ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ է պետք անել։

Մշակույթի զարգացումը պետք է հասարակական կազմակերպությունների միջոցով լինի։ Քաղաքակիրթ երկրներում մշակութային համակարգը գործում է, քանի որ շատ ակտիվ աշխատում են այդ ոլորտի մասնավոր կառույցները։ Ես ինքս վեց տարի մշակույթի նախարարությունում աշխատելուց հետո դուրս եկա և հիմնեցի հասարակական կազմակերպություն, որովհետև վեց տարի գործադիրում աշխատելուց հետո ինձ համար պարզ դարձավ, որ հայ արվեստագետը ընդամենը մեկ հասցե ունի դիմելու, դա մշակույթի նախարարությունն է և չկան այլ կառույցներ, որոնք կարող են իրենց նախաձեռնությամբ աջակցել արվեստի դաշտին կամ անհատ արվեստագետներին։ Կարծում եմ՝ պետք է լինի անցումային փուլ և աշխատանքի առաջին օրվանից սահմանվի՝ մշակույթի ոլորտում ինչպես են պետության ծախսերը աստիճանաբար փոխանցվելու հասարակական կառույցներին։ Հայաստանում ունենք բազմաթիվ հասարակական կառույցներ, սակայն դրանցից շատ քչերն են գործում։ Պետք է այդ միջանկյալ փուլի ընթացքում հնարավորություն տալ, որ այդ հասարակական կազմակերպությունների ղեկավարները սովորեն ինքնուրույն աշխատել, ինքնուրույն գումարներ հայթայթել։ Իմ փորձից կարող եմ ասել, որ այս վեց տարվա ընթացքում մեր ծրագրերի ֆինանսավորման գրեթե ութսուն տոկոսը հայթայթել ենք մեր կապերի և ջանքերի միջոցով, իսկ պետության աջակցությունը եղել է ճանապարհածախսի վճարի կամ աշխատանքների տեղափոխման տեսքով։ Այդպես էլ պետք է լինի ցանկացած ուրիշ նախագծի համար, այսինքն՝ պետությունը պետք է տա որոշակի սուբսիդիա, բայց այն պայմանով, որ այդ հասարակական կառույցը բյուջեի մյուս հատվածը ինքը արդեն պետք է գտնի։ Այդպիսով հնարավորություն կտրվի հասարակական կազմակերպություններին մտնել մրցակցության մեջ, որ միշտ բերում է որակի բարձրացման, ցանկացած հասարակական կազմակերպություն կհասկանա, որ եթե ինքը դա լավ չարեց, ապա հաջորդ տարի պետության կողմից չի ստանա այն ֆինանսավորումը, որն անհրաժեշտ է հաջորդ տարվա գործունեության համար։ Ցավոք, մենք չենք կարող ֆինասավորման առումով կտրուկ փոփոխություններ անել մշակույթի ոլորտում, որովհետև դաշտը դեռ պատրաստ չէ։ Գործադիրում աշխատելու վեց տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ եթե չկա օրենսդրական դաշտ, գործադիրը չի կարող արդյունավետ աշխատել, ինչպես ակնկալում է հասարակությունը։

Ձեր ծրագրում տեղ է գտել Մեղրի-Իրան-Արցախ մշակութային հանգույց ձևավորելու մասին գաղափարը։ Կմանարամասնե՞ք՝ ի՞նչ է այն ենթադրում, և ինչպե՞ս եք իրականացնելու:

Կարծում եմ՝ Մեղրիի նման քաղաք ունեցող պետությունը պետք է այն վաղուց մշակութային տուրիզմի և գյուղատնտեսության առումով կենտրոն դարձներ։ Այնտեղ, օրինակ, աճում է կիվի, որը ոչ մեկն այսօր դեռևս բրենդ չի դարձրել։ Մեղրին այն վերջին կետն է, որից հետո ուղևորվում ենք Արցախ կամ դեպի Իրան և պետք է կարողանանք ամրապնդել այդ սահմանը, որը նաև անմիջականորեն Արցախի հետ է կապված, իսկ ամրապնդելու լավագույն և մատչելի հնարավորությունը պետության համար ո՞րն է։ Եթե փորձենք քաղաքական բարդ տերմիններով բացատրել, թե որքան կարևոր է այդ սահմանը, ավելի դժվար է լինելու, հարկավոր է ցանկացած քաղաքական հարց փորձել մշակույթի միջոցով լուծել։ Հայաստանը պետք է այդ եռանկյունիում լինի այն նախաձեռնող կենտրոնը, որը կառաջարկի Մեղրիում հիմնել ժամանակակից արվեստի կենտրոն, որի միջոցով դեպի իրեն կհրավիրի Արցախում և Իրանում գործող արվեստագետներին։ Դրանք կլինեն փոխանակման ծրագրեր։ Մեղրիում կկառուցենք արվեստագետների կացարաններ և կխթանենք քաղաքի ինֆրաստրուկտուրայի զարգացմանը, կենտրոնի առկայության դեպքում պետք է վերականգնվեն կամ կառուցվեն հյուրանոցներ, որովհետև զբոսաշրջիկը, որ ժամանում է Հայաստան, այդքան էլ չի կարևորում Երևանը, նա ցանկանում է տեսնել Հայաստանը։ Ժամանաակակից արվեստի կենտրոնը միայն թանգարան չի լինելու, դա իր մեջ ներառելու է նաև կրթական համակարգ, երեխաները նկարչական կամ այլ խմբակներ հաճախելու հնարավորություն կունենան։ Ժամանակակից արվեստի դաշտում գործող արվեստագետների համար Ալավերդին հետաքրքիր է նրանով, որ եղել է գործարանային քաղաք, այդ գործարաններն այժմ լքված են։ Նման գործարանները Չինաստանում դարձնում են ցուցասրահներ կամ արվեստագետների կացարաններ։ Դրա միջոցով պետությունը շատ չնչին վարձակալությամբ արվեստագետներին տրամադրում է այդ արվեստանոցները, բայց կարողանում է նաև այդ արվեստագետների ստեղծած աշխատանքների միջոցով համալրել իր թանգարանները։ Մեր թանգարաններում երեսուն տարվա անդունդ կա, որովհետև չեն համալրվել այդ ընթացքում ստեղծված արվեստի գործերով։ Երբ ունենանք կենտրոնը, կսահմանենք նաև, որ ցանկացած արվեստագետ, որ մասնակցում է փոխանակման ծրագրին, իր այստեղ ստեղծած աշխատանքներից մեկը պետք է թողնի Հայաստանում, և արդյունքում կունենաք ոչ միայն հայ արվեստագետների աշխատանքներ, այլև կստեղծենք միջազգային հավաքածու, որ հետագայում կարող ենք մարզերում դարձնել շրջիկ ցուցահանդես։ Այդպես այն երեխան, որ ուզում է գնալ թանգարան, սակայն իր մարզում չկա հնարավորություն, կունենա մշակույթի հետ շփվելու հնարավորություն։։

Նանե Պետրոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter