HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս հաղթահարել գրագողությունը. առաջարկ հայաստանյան բուհերին

Մի քանի օր առաջ փողոցում Արմենին հանդիպեցի: Հին ընկերներիցս է Արմենը: Անհանգիստ էր ու մտահոգ: Շուտով մագիստրոսական թեզ է գրելու, բայց գիտական աշխատանք անելու  փորձ չունի:  Այն, որ բակալավրիատը  հասարակագիտական մասնագիտությամբ ավարտած ուսանողը դեռ ոչ մի գիտական հոդված չի գրել, միջազգային ստանդարտներով՝ անհավանական, իսկ ահա մեր կրթական միջավայրում՝  սովորական բան է:

Ինչու՞ են ուսանողներն առհասարակ դժվարանում

Ի տարբերություն գրական-գեղարվեստական ստեղծագործությունների, որոնց ստեղծման համար խոշոր հաշվով հերիք են բնատուր ձիրքը, օժտվածությունն ու ներշնչանքը, գիտական աշխատանք անելու համար հատուկ գիտելիքներ են պետք,  անհրաժեշտ է բովանդակայինից մինչև երկրորդական թվացող տեխնիկական առանձնահատկությունների իմացություն: Կան օրենքներ, որոնք գիտական աշխատանքը տարբերակում են, ասենք, շարադրությունից կամ ակնարկից:

Առանց այդ ստանդարտների հստակ իմացության, ուսանողն ունի երկու ընտրություն. կա՛մ գրել վատ աշխատանք կա՛մ դիմել գրագողության: Երկու տարբերակն էլ լայն տարածված են հայաստանյան բուհերում:

Իրավիճակը Գերմանիայում. համառոտ անդրադարձ

Բրեմենի համալսարանում, ինչպես նախորդ հոդվածում էի ներկայացրել, ուսանողը բացարձակ ազատ է ու ինքն է դասացուցակ «հավաքում»: Բայց մի առարկա կա, որը հենց առաջին կիսամյակում բոլոր ուսանողների համար ՊԱՐՏԱԴԻՐ է: Խոսքը «Propädeutik» նախապատրաստական դասընթացի մասին  է:  Առարկայի նպատակն ակադեմիական հիմնային հմտություններ սովորեցնելն է:

Այնպիսի տարրական բաներ, ինչպիսիք են օրինակ՝ գրադարանից օգտվելը կամ գիտական հոդվածներ կարդալը (հատկապես ինչը կարդալ, ինչը բաց թողնել), սովորում ես հենց այդ դասընթացի ժամանակ: Անցնելով այս առարկան՝ ձեռք ես բերում համակարգված, քննադատական ու տրամաբանական մտածողություն, սովորում ես  փաստարկել, ինչպես նաև մեկ թեմայի շուրջ համակարգային աշխատել:

Photo: Universität Bremen / Matej Meza
Լուսանկարը՝ Universität Bremen / Matej Meza

Դասընթացը գործնական բնույթ ունի․ կոնկրետ Բրեմենի համալսարանում այս առարկայից հավաքում ես ընդամենը երեք կրեդիտային միավոր: Մոտ 90 ժամվա ընթացքում ուսանողը սովորում է գտնել գիտական աշխատանքի թեմա, նկատել կոնկրետ խնդիր, հարցադրում անել, զեկույց գրել, սովորում է ինչպես գրականություն փնտրել, ինչպես փաստագրել աշխատանքը, ճիշտ հղում անել, ծանոթանում է գիտական ոճի առանձնահատկություններին և այլն: Դասընթացի ամենակարևոր բաղադրիչը, որ ես կառանձնացնեի, գիտական էթիկայի մասին քննարկումներն են: Հուզական առումով էլ այս դասընթացը հարգանք ու պատասխանատվություն է առաջացնում գիտական աշխատանքի նկատմամաբ:

Երբ երկրորդ կիսամյակում առաջին գիտական աշխատանքը պետք է անեի, ես ու համալսարանի բոլոր երկրորդ կիսամյակի ուսանողները, տիրապետում էինք ակադեմիական հիմնական պահանջներին ու չափանիշներին: Այսօրվա նման հիշում եմ տասը էջանոց աշխատանք ունեի՝ «Ատելության խոսքը ցանցում» թեմայով: Հուզված էի, որովհետև աշխատանքին բոլորը շատ լուրջ էին վերաբերվում, ուզում էի լավ հոդված գրել: Բայց այն վախն ու շփոթվածությունը, որ այժմ Արմենն է ապրում, հաստատ չունեի: Ինչու՞: Որովհետև համալսարանն ինձ նախապատրաստել էր, ես ունեի հստակ քայլերի հստակ հաջորդականություն, պլան, աշխատանքի մեթոդ:

Որպես հասարակագիտական մասնագիտութուն սովորող, երրորդ և չորրորդ կիսամյակներում հանգամանալից ծանոթացանք նաև հետազոտության նախ որակական, ապա՝ քանակական մեթոդներին: Քանի որ այս ծրագրերը ոչ բոլոր ֆակուլտետների ուսանողներն են անցնում, չեմ անդրադառնա դրանց:

9 քայլ դեպի առանց գրագողություն Հայաստան

1.Դասացուցակներում ներառել վերոնշյալ դասընթացի նման որևէ առարկա, օրինակ՝ «Գիտական աշխատանքի մեթոդներ»:

Տվեք ուսանողին գործիքներ, սովորեցրեք՝ ինչպես աշխատեն, ու կթեթևանա բոլորի գործը: Իհարկե, կարելի է  հակադարձել, որ ինֆորմացիայի դարում լավ ուսանողը կարող է ցանկացած տեղեկատվություն գտնել համացանցում, բայց ինքնուրույն ձեռք բերած ինֆորմացիան դեռ գիտելիք չէ, այն չի կարող  համակարգված ակադեմիական կուրսին փոխարինել:  Բացի այդ, կարևոր է  միասնական համակարգ ունենալը:

  1. Համալսարանների կայքերում ունենալ գիտական աշխատանքի մանրամասն ուղեցույց

Բրեմենի համալսարանում գոյություն ունեն ուղեցույցեր, որոնք, կարելի է ասել, վերոնշյալ դասընթացի համառոտագրությունն են: Ուղեցույցը անդրադառնում է ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական հարցերի, ինչպես, օրինակ՝ ընդունված տառաչափ կամ էջերի լուսանցքի չափ:

Սա հնարավորություն է տալիս ուսանողին աշխատանքը սկսելուց առաջ կամ ընթացքում ևս մեկ անգամ վերանայել այս կամ այն կետը: Առանձին բուհերում ուղեցույցեր մշակելուց հետո կարելի է աստիճանաբար կատարելագործել համակարգն ու հայաստանյան բոլոր բուհերում միասնական համակարգ ներդնել:

  1. Թեմայի ինքնուրույն ընտրություն

Գերմանիայում ուսումնառությանս վեց կիսամյակների ընթացքում ինձ որևէ թեմա չի պարտադրվել: Այստեղ ուսանողն ինքն է ընտրում թեմա՝ ըստ հետաքրքրությունների ու նախասիրությունների: Եթե ուսանողին «վերևից» հանձնարարվում է թեմա, դժվար թե ուսանողի գլխում կայծ առաջանա՝ հետազոտելու, խորանալու, բացահայտելու իրեն ոչ հոգեհարազատ թեման:

  1. Խորհրդատվության ժամեր

Սա, թերևս, ամենադժվար իրագործելի քայլերից է, որովհետև համալսարանների համար ֆինանսական լրացուցիչ բեռ է ենթադրում: Ընդհանրապես,  հայաստանում լրացուցիչ խորհրդատվությունը դասախոսների բարի կամքի շնորհիվ է տեղի ունենում: Օրինակ՝ Գերմանիայում  չես կարող դասախոսին պատահական տեսնել ու մոտենալ, հարց ուղղել: Դա անքաղաքավարի, անհարգալից քայլ է: Անհրաժեշտ է նախ՝ գրանցվել խորհրդատվության, նշել հարցերդ, որ դասախոսը պատրաստվի, որից հետո նշանակված ժամին գնալ խորհրդատվության: Խորհրդատվությունը սովորաբար 15-20 րոպե է տևում, բայց այդ կարճ ժամանակն էլ արդյունավետ օգտագործվում է՝ շնորհիվ կոնկրետության և երկու կողմերի նախապատրաստվածության:  Բնականաբար, Գերմանիայում դասախոսը վարձատրվում է այդ աշխատանքի համար:

48275026_299203967390303_867913809921048576_n.jpg (752 KB)

  1. «Ես՝ Արմինե Հովհաննիսյանս, հաստատում եմ, որ աշխատանքը կատարել եմ ինքնուրույն….»

Շաբաթների լարված աշխատանքից հետո գրում ես վերջին էջը՝  եզրահանգումը: Քեզ թվում է, թե դու ավարտեցի՞ր աշխատանքը: Ոչ, դու ամենակարևորը դեռ չես արել: Հոդվածը հանձնելիս նաև փաստաթուղթ ես հանձնում, որը մոտավորապես այս տեքստն ունի. «Ես, Արմինե Հովհաննիսյանս, հաստատում եմ, որ աշխատանքը կատարել եմ ես: Ուրիշի մտքերն ընդգծված են և նշված՝ որպես այդպիսին: Ես տեղյակ եմ, որ գրագողությունը հանցանք է ու  գրագողության դեպքում կարող եմ հետևանքներ կրել, ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը»:

Երբ դու ստորագրում ես այս տեքստի տակ, գիտակցում ես քո ամբողջ պատասխանատվությունը, հասկանում, որ գիտական էթիկան չհարգելու դեպքում՝ բարոյականից բացի նաև իրավաբանորեն լուրջ խնդիրներ կունենաս:

  1. Թափանցիկություն

Գիտական աշխատանքը էլեկտրոնային փոստով  ուղարկելիս՝ ոչ միայն դասախոսիդ հասցեն  ես նշում, այլև՝  ֆակուլտետի դեկանի կամ որևէ ասիստենտի հասցեն:  Այս քայլը մի կողմից թափանցիկություն է ապահովում, ու բացառում դասախոսի ցանկացած բացասական մտադրություն, մյուս կողմից էլ կազմակերպչական բնույթ ունի:  

  1. Թեմայի «երկար-բարակ» քննարկում

Երբ կիսամյակի սկզբում ընտրեցի գիտական հոդվածիս թեման, թվաց՝ արագ կաշխատեմ, կգրեմ, հաջորդ շաբաթներում կհանձնեմ: Բայց արի ու տես, որ նախ պետք է ներկայացնեի ռեֆերատ՝ թե ինչպես է Պլատոնը քննադատում  դեմոկրատիան: Այնուհետև դասախոսին ու կուրսի բոլոր մասնակիցներին ուղարկեցի ներկայացրածս տեքստը: Սա հետաքրքիր քայլ է, որովհետև բանավոր ներկայացրած բովանդակությունը գրավոր ներկայացնելիս ևս մեկ անգամ խմբագրում ես տեքստը, փաստերը և դատողություններդ ստուգում ու կատարելագործում ես: 

Բնականաբար, ամեն մի օղակում թե ղեկավարից, թե մյուս ուսանողներից  հետադարձ քննադատություն, խորհուրդներ ես ստանում, լրացումներ կատարում:  Ու երբ հոդվածը սկսում ես գրել, աշխատանքի զգալի մասն արդեն կատարված է: Մնում է միայն ի մի բերել տեքստը, որոշ լրացումներ կատարել ու ստանդարտ տեսքով հանձնել:

Այսպիսով՝ մի վախեցեք թեմայի երկար-բարակ քննարկումից: Ուզու՞մ եք, որ որևէ մեկը գրագողության չդիմի, թույլ տվեք աշխատանքը քայլ առ քայլ կիսամյակի ընթացքում կատարի:

  1. Փաստագրում

Այս քայլը նույնպես հայաստանյան և արտասահմանյան բուհերի սկզբունքային տարբերություններից է: Բանավոր աշխատանքի ժամանակ երբեմն անճշտություններ են լինում: Վտանգ կա, որ ասվածն  արագ կմոռացվի:

Իսկ գրածը ամրապնդվում է, հետագայում էլ, երբ անհրաժեշտ է, այս կամ այն բանը վերհիշել, միանգամից բացում ես տվյալ թեմայի պրոտոկոլը: Ընդ որում, փաստագրելու տարբեր ձևեր կան՝ «reading diary», «mind map», սովորական փաստագրում և այլն: Կարևորն այն է, որ ոչ մի աշխատանք չի մնում «օդում»:

  1. Խրախուսեք ուսանողներին՝ սեփական օրինակով

 «Մշակութային հիշողություն» առարկան դասավանդողը, որն ինքն էլ մագիստրատուրայի ուսանող էր,  հետազոտում էր Բեռլինի  վիետնամական համայնքը: Մենք՝ դեռ ոչ մի լուրջ հեազոտության մեջ չներգրավված ուսանողներս, կլանված հետևում էինք նրա աշխատանքին: Չէ որ մի բան է, երբ դասագրքային ոճով ներկայացվում է թեման, մեկ այլ բան, երբ դասախոսն ինքն է գլխավոր դերում, պատմում է, թե աշխատանքի ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում, լուծման մեր տարբերակները լսում և այլն: Հավատացեք, դա ոչ միայն հետաքրքիր է, այլև  մոտիվացնող:

….

Արմենն աշխատանքը մի կերպ գլուխ կբերի: Չնայած հետազոտության  ոչ մի գործիքի ու մեթոդի չի տիրապետում:  Սակայն բոլորը չէ, որ այսպես են վարվում:  Անվիճելի է, որ մեր երկրի բուհերում գրագողությունը լուրջ խնդիր է: Լուրջ ու միաժամանակ՝ անտեսված: Գիտական աշխատանք կատարելու դժվարությունների մասին ահազանգում են ոչ միայն ոլորտի փորձագետներ, այլ նաև դասախոսներ ու ուսանողներ: ԶԼՄ-ներում էլ պարբերաբար քննարկումներ են ծավալվում գրավոր ինքնուրույն աշխատանքի կազմակերպման թեմայով, սակայն այդ քննարկումները խնդրի լուծման չեն հանգեցնում: Ավելին, գրագողությունը կարծես թե Հայաստանում չի ընկալվում որպես կրթությանը խոչընդոտող, հրատապ լուծում պահանջող  խնդիր: Հակառակ դեպքում՝ չէինք ունենա գրագողության բացահայտ առաջարկ անող տասնյակ գրասենյակներ, ու խնդիրն էլ օրակարգային կդառնար ԿԳՆ-ի և համալսարանների ղեկավարների համար: Ի դեպ՝ այս տարվա նոյեմբերի 7-ին հարևան Ռուսաստանում արգելվեց գիտական աշխատանքներ գրելու ծառայությունների գովազդը:

Կարևո՞ր է ակադեմիական գրագրությունը

Բնականաբար, բոլոր ուսանողները հետագայում գիտնականներ, հետազոտողներ չեն դառնալու: Ուսանողների չնչին տոկոսն է շարունակում ակադեմիական կարիերան: Սակայն գիտական աշխատանք անելը մի շարք որակներ է ձևավորում ուսանողի մոտ, որոնք նաև հետագա մասնագիտության մեջ են կիրառվում, դարձնում նրան ավելի համակարգված, զարգացնում քննադատական մտածողությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter