HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատել կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակել:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել էր գրավի ցանկացած չափ սահմանել:

Հարությունյանը նշեց, որ Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը կքննվի այսօր:

Նշենք, որ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 27-ին:

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017թ. իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 մլն դրամի, 1 272 900 դոլարի և 124 մլն դրամին համարժեք՝ 218 000 եվրոյի չհայտարարագրման։

Բացի դրանից, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։

Նախաքննության սկզբնական փուլում՝ մինչև գրավի դիմաց ազատ արձակվելը Ղազարյանը մեկ ամիս մնացել էր կալանքի տակ, արդեն ևս մեկ ամիս կալանքի տակ է գտնվում այն բանից հետո, երբ կրկին կալանավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter