Հողագործները Դենիել Յոհաննեսին են պատմել իրենց հաջողությունների մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին, ով Հայաստան է ժամանել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված հնգամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով:
Նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին' Հայաստանին ցուցաբերած օժանդակության, իրականացրած արդյունավետ ծրագրերի համար, և ընդգծել, որ դրանք Հայաստանում երբևէ իրականացված ամենահաջող ծրագրերից են:
«Շատ կարևոր է, որ ծրագրերն ուղղված են գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք նաև ջանքեր ենք գործադրում, որ այն ծրագրերը, որոնք չհասցրինք իրականացնել հիմնադրամի աջակցությամբ, իրագործենք այլ միջոցներով, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ և ինքը, և կառավարության ղեկավարը մարզերում ծանոթացել են ծրագրերի իրականացման գործընթացին ու կարծում են, որ հասարակությունը լավ է ընկալում դրանք:
Դենիել Յոհաննեսն ասել է, որ ինքն այս այցի ընթացքում հանդիպել է շահառուներին ու հողագործներին, այցելել այն վայրերը, որտեղ հիմնադրամը վերանորոգել, վերականգնել է ջրանցքները:
«Շատ տպավորված եմ իմ տեսածով: Ըստ իս, այս ներդրումները դրական փոփոխությունների են հանգեցրել, որոնք զգալի են նաև ժողովրդի համար: Հողագործներից շատերի հետ խոսեցի, ովքեր ինձ պատմեցին, որ հնարավորություն են ունեցել կրկնապատկել, եռապատկել, անգամ քառապատկել իրենց բերքն ու եկամուտներն այս ծրագրերի շնորհիվ»,- ասել է Դենիել Յոհաննեսը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել