HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի խոսքով՝ Արմեն Գևորգյանը չի թաքնվել ու չի թաքնվի քննությունից. նա ցուցմունք է տվել

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատական նիստն ընդմիջվել է: Պաշտպանական կողմը լրացուցիչ ապացույցներ է պահանջել դրանց ծանոթանալու համար: Այս մասին քիչ առաջ դատարանում գտնվող լրագրողներին ասաց նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը: 

Վերջինս նշեց, որ պահանջված նյութերը կարևոր են հետագայում Գևորգյանի կալանավորման պայմանների և հիմքերի վիճարկման տեսանկյունից:
Հարցին՝ ըստ մեղադրանքի՝ «Մարտի 1-ի» գործի շրջանակներու՞մ է Գևորգյանը կաշառք ստացել, պաշտպանը չպատաախանեց՝ նշելով, որ դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին, որոնք համարվում են նախաքննական գաղտնիք:
Փաստաբանը, սակայն, պարզաբանեց, որ կաշառքի և փողերի լվացման վերաբերյալ գործը քննվում է «Մարտի 1-ի» գործի հետ, մեկ վարույթում:
Պաշտպանը նշեց, որ Գևորգյանը ցուցմունք է տվել, իրեն մեղավոր չի ճանաչել, հետագայում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումը մանրամասն կհայտնի:
Հարցին՝ Գևորգյանի դեմ ցուցմունք տրվե՞լ է, և արդյոք ցուցմունք տվող անձը գործարար Սիլվա Համբարձումյա՞նն է, Ալեքսանյանը պատասխանեց.
«Եթե վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել, բնականաբար ներկայացնում է որոշակի փաստական տվյալներ կալանավորման հիմքերի և պայմանների առկայության մասին, բայց թե կոնկրետ ինչ փաստական տվյալներ են ներկայացվել, նման տեղեկություն հայտնել չեմ կարող»: 
Հարցին, թե արդյոք Գևորգյանն առերեսվել է գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, Ալեքսանյանը չպատասխանեց: 

Մեր տեղեկություններով՝ գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքն առնչվում է Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործին: Իսկ Մայրապետյանի դեմ, մեր տեղեկություններով, ցուցմունք է տվել Սիլվա Համբարձումյանը:
Պաշտպանը չնշեց նաև, թե ըստ մեղադրանքի՝ Գևորգյանի ստացած ենթադրյալ կաշառքի չափը որքան է, ինչպես նաև, թե ինչ չափի փողերի լվացման մասին է խոսքը: 
Գևորգյանն այս պահին դատարանում չէ. վերջինս նիստի ավարտից հետո դահլիճից դուրս է եկել փակ գոտով:
Ալեքսանյանի խոսքով՝ Արմեն Գևորգյանը հայտարարություն չի արել. ըստ պաշտպանի՝ այս փուլում դեռևս լսվել է միայն քննիչի ներկայացրած միջնորդությունը, պարզաբանվել են որոշակի հարցեր, որից հետո միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ նյութեր պահանջելու վերաբերյալ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ «Մարտի 1-ի» գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է սահմանադրական կարգ տապալելու մեջ, իր նկատմամբ քրեական հետապնդման մեջ քաղաքական խնդիր է տեսնում, Արմեն Գևորգյանը նման խնդիր տեսնու՞մ է, թե ոչ, Ալեքսանյանը պատասխանեց, որ Գևորգյանը նման հայտարարություններ չի արել, իսկ եթե հետագայում անի, ապա այդ մասին հասարակությունը կտեղեկացվի:
Հարցին, թե նախաքննական մարմինը ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության մեջ, պաշտպանը պատասխանեց, որ ըստ քննության իրականացնող մարմնի՝ Գևորգյանը կարող է խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը կամ թաքնվել քննությունից, ազդեցություն ունենալ վկաների կամ գործով անցնող այլ անձանց վրա: Համապատասխան փուլում, ըստ Ալեքսանյանի, պաշտպանական կողմը կներկայացնի իր առարկությունները վերը նշվածի վերաբերյալ:

Փաստաբանը չնշեց, թե ով է գործը քննող դատավորը. մեր տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանն է:
Ալեքսանյանը նշեց, որ դատավորի՝ կանխակալ վերաբերմունք ունենալու մասին չի կարող խոսել, հույս հայտնեց, որ նա արդարացի որոշում կկայացնի:

Նշենք, որ նախկինում, երբ Գևորգյանը մեղադրվում էր միայն արդարադատության կայացմանը խոչընդոտելու մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հարցին, թե արդյոք քննություն իրականացնող մարմինը ներկայացնո՞ւմ է տվյալներ այն մասին, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում Գևորգյանը կատարել է ոչ իրավաչափ գործողություն, խախտել է արդյոք խափանման միջոցի պայմանը, Ալեքսանյանը նշեց՝ հանգամանքը, որ նա նման գործողություններ չի կատարել, վկայում է նաև այն փաստը, որ Գևորգյանը ներկա է սույն դատական նիստին, այսինքն, ըստ էության, Արմեն Գևորգյանը չի փորձել թաքնվել, չի էլ թաքնվելու: 

Հարցին՝ Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ըստ քննությունն իրականացնող մարմնի պայմանավորվա՞ծ է բացառապես նրան՝ նոր, ծանր մեղադրանք առաջադրելու հանգամանքներով, Ալեքսանյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ, ըստ էության, վարույթն իրականացնող մարմնի հիմնավորումն այն է, որ Գևորգյանին ծանր մեղադրանք է առաջադրվել, և դրանով է պայմանավորված նրա ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հավանականությունը:
Ըստ պաշտպանի՝ թեև իրենք գտնում են, որ Գևորգյանին կալանավորելու հիմքեր եւ պայմաններ առկա չեն, այնուամենայնիվ, եթե հետագայում դատարանը այդպիսի հիմքեր տեսնի, ապա իրենք միջնորդելու են, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի կալանավորման այլընտրանքային միջոց՝ գրավ: Թե որքա՞ն գրավ կարող է վճարել Գեւորգյանը՝ պաշտպանը չմանրամասնեց:

Արմեն Գևորգյանի՝ «Մարտի 1-ի» գործով դիրքորոշման վերաբերյալ հարցին, Ալեքսանյանը պատասխանեց, որ ինչպես սահմանադրական կարգը տապալելու, այնպես էլ մյուս հոդվածներով առաջադրված մեղադրանքների հետ առնչություն չունի նա: 
Հարցին, թե Քոչարյանի հետ Գևորգյանը կապ, շփում ունեցել է՝ նկատի ունենալով, որ նրանք նույն գործով են անցնում, պաշտպանը պատասխանեց, որ իր պաշտպանյալը Քոչարյանի հետ շփում չի ունեցել: Հարցին, թե նրա մեղադրանքի հիմքու՞մ էլ է դրված 0038 հրամանը, Ալեքսանյանը չպատասխանեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter