HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Երկու քրեակատարողական հիմնարկ եւ դատապարտյալների նոր հիվանդանոց կկառուցվեն. Սուրեն Քրմոյանը անդրադառնում է դիտորդական խմբի զեկույցին

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն այսօր ներկայացրեց զեկույց՝ անդրադառնալով քրեակատարողական համակարգում 2017թ. արձանագրված խնդիրներին, 2018-ին իրականացված ձեռքբերումներին և փոփոխություններին։ Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում առողջապահության եւ բուժսպասարկման հարցերին։

Նշեց, որ թեեւ բարեփոխումներ կատարվել են, բայց զարկերակային ճնշման, հիպերտոնիայի, սրտամկանային հիվանդությունների դեպքում անձը պետության կողմից բավարար գումար չի ստանում վիրահատությունների, պատշաճ բուժօգնության ապահովման համար։

«Չկանոնակարգված եւ ծանր աշխատանքի պատճառով գերակա հարց է մնում կադրային հագեցվածությունը, ՔԿՀ-ում համապատասխան կադրեր խուսափում են աշխատել»,- հայտնեց դիտորդական խմբի նախագահը։

Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը անդրադարձավ դեղորայքային ապահովմանը, ասաց, որ 2018-ին բարեփոխումներ իրականացվել են. «Նախկին 43 մլն դրամի փոխարեն 2018-ին հատկացվել է 150 մլն դրամին համարժեք դեղորայք։ Բոլոր հիմնարկներում բժշկական կահույքն ենք փոխել, պոլիկլինիկական վիճակն ենք ապահովել»։

Ըստ Սուրեն Քրմոյանի՝ բժշկական հաստատությունում գտնվող անձը պետք է ստանա նույն ծավալով բուժօգնություն, ինչը կստանա քաղաքացիական հիվանդանոցներում։ «Երեւանում «Էրեբունի ԲԿ»-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ն եւ «Ուռուցքաբանական կենտրոններն» ունենալու են հատուկ բաժանմունքներ, որտեղ անձինք ստանալու են մասնագիտացված բուժում»,- հավելեց նա։

Արդարադատության նախարարություն ներկայացրած օրենսդրական առաջարկների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Ռոբերտ Ռեւազյանը։

Խոսեց ցմահ դատապարտյալների պահման վիճակից, նշեց, որ անհրաժեշտ է, որ նրանք առանձին չպահվեն, այլ՝ դատապարտյալների հետ։ «Ցմահ դատապարտյալը քսան տարի հետո հնարավորություն ունի դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար, նաեւ հնարավորություն է ստանում ուղղիչ հիմնարկի տեսակը փոխել՝ փակից անցնելու կիսափակի։ Մենք առաջարկել ենք ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխության շեմը նվազեցնել, օրինակ՝ 15 տարի, սա նաեւ հնարավորություն կտա գնահատել այդ մարդու վարքագիծը»,- հայտնեց փաստաբանը։

Քրմոյանը նշեց, որ ցմահ դատապարտյալների համար ևս բարեփոխումներ եղել են. նրանց տեսակցությունների թիվը կրկնապատկվել է, իսկ անջատ պահելու կանոնը վերացվելու է, եւ հնարավորություն է տրվելու, որ անձինք փուլային ձեւով փոփոխեն ուղղիչ հիմնարկի տեսակը։

Զեկույցի ընթացքում դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը խոսեց ՔԿՀ –ում պահվող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին, որոնց նկատմամբ լինում են խտրականություններ, առանձնացրեց, որ ՔԿՀ-ի մաքրման, աղբահանության աշխատանքները նրանք են իրականացնում, մնում են առանձնացված խցերում, օգտվում առանձնացված սպասքից եւ սննդից։ «Անձը լինում է մեկուսացված ՝ ստանալով «կրկնակի պատիժ»»,- հավելեց դիտորդական խմբի անդամը։

Արա Ղարագյոզյանն անդրադարձավ ՔԿՀ-ի շենքային պայմաններին. «Ամենավատ պայմանները հացադուլավորների խցերում են, արձանագրվել են դեպքեր, որ հոսանք չի եղել, կամ պատուհաններն են կոտրված եղել, պատժախցերում սանհանգույցից օգտվել չի լինում. գարշահոտություն է»։

Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը նշեց, որ հիմնական խնդիրները «Նուբարաշեն»-ում են, վերջնական լուծումը կլինի մեկ-երկու նոր քրեակատարողական հիմնարկների բացումը։ «Մենք ծանր շենքային պայմաններ ունենք որոշ ՔԿՀ-ներում, եւ փորձում ենք որոշ չափով լուծում տալ, վերանորոգումներ կատարել, կառավարության հինգամյա ծրագրում մենք նախատեսում ենք Երեւան քաղաքում կառուցել կալանավորների պահելու նոր վայր՝ 1100 տեղով, «Նուբարաշեն»-ի փակման հարցը դրված է»,- հայտնեց Սուրեն Քրմոյանը։

«Հետք»-ի հարցին, թե ի՞նչ դեր է կատարելու «Դատապարտյալների հիվանդանոցը», Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում ՔԿՀ-ում պոլիկլինիկական հատվածն ամբողջությամբ կգործարկվի, իսկ քաղաքացիական հիվանդանոցներում քաղաքացիները կբուժվեն առավել մասնագիտացված։ Նախատեսվում է կառուցել շուրջ  150 հոգանոց քրեակատողական հիմնարկ՝ դատապարտյալների հիվանդանոց, որտեղ կգտնվեն երկարատեւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ հոգեբուժական խնամք, նարկոլոգիական պրոֆիլի հիվանդներ, տուբերկուլյոզով հիվանդներ, նաեւ այն քաղաքացիները, ովքեր քաղաքացիական հիվանդանոցում կվիրահատվեն, բայց այնտեղ կանցնեն վերականգնում։ «Պահման պայմանները բարելավվելու են, իսկ բուժական միջամտությունները, վիրահատությունները կատարվելու են քաղաքացիական հիվանդանոցներում։ Այսօր գործող «Դատապարտյալների հիվանդանոցը» այլեւս չի գործելու»,- նշեց Սուրեն Քրմոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter