HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իսկ ո՞վ է տեղյակ կոալիցիայի նիստից

Կոալիցիայի երեկվա նիստը կարծես թե արտահերթ է եղել եւ հրավիրվել է շատ հապճեպ, որովհետեւ կոալիցիոն շատ պատգամավորներ տեղյակ չեն եղել նման հավաքի մասին:

Այն պահին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընթանում էր նիստը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ հավաքի մասին:

Այսօր էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հավաքի մասին տեղեկություններ չունի:

«Տեղյակ չեմ, որ ընդհանրապես կոալիցիոն նիստ է տեղի ունեցել: Եթե մի բանից տեղյակ չեմ, չեմ կարող ենթադրությություններ անել` նիստ եղե՞լ է, թե՞ չի եղել եւ ի՞նչ է քննարկվել: Իսկ մամուլին հղում անելով՝ չեմ կարող մեկնաբանություններ անել: Եթե անգամ նիստ եղել է, ես չեմ կարող մանրամասներ ասել, որովհետեւ ներկա չեմ եղել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ մամուլը գրում է, որ երեկ որոշվել է վերջնականապես հրադադար հաստատել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ եւ զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից: Իհարկե, սա միակ թեման չի եղել, եւ հիմնականում խոսվել է գալիք ընտրությունների մասին:

Վերջին մի քանի օրերին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմիանց անվանեցին «փուչիկ», «փուչիկը ծակող ասեղ» եւ այլն: Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ կոալիցիոն գործընկերների փոխադարձ մեղադրանքները կապ ունե՞ն ընտրությունների հետ, թե՞ այլ պատճառ կա: Պատգամավորը նշեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս կոչ է արել քաղաքական քննարկումները ծավալել բաց, քաղաքակիրթ եւ կոռեկտության շրջանակներում:

«Բայց նաեւ ասել ենք, որ որեւէ ոչ կոռեկտ ձեւակերպում, հոխորտանք, որեւէ փաստի խեղաթյուրում անպատասխան չենք թողնի: Եթե հետեւեք, Ձեր բնորոշմամբ, «հրաձգությունների» ժամանակագրությանը, ապա կտեսնեք, որ ԲՀԿ-ն երբեւէ նախաձեռնող չի եղել նման ոչ կոռեկտ ձեւակերպումների»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Նա եւս մեկ անգամ քաղաքական ուժերին կոչ արեց լինել քաղաքակիրթ եւ կոռեկտ` անկախ նրանից՝ կիսո՞ւմ են դիմացինի տեսակետը, թե՞ հակառակ կարծիք ունեն:

«Մենք մտնում ենք նախընտրական շատ պատասխանատու փուլ, եւ կարծում եմ, որ այս փուլում պետք է պահպանվի բացարձակապես կոռեկտություն` անգամ ամենաարմատական ընդդիմախոսի նկատմամբ»,- ավելացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter