HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ ինչպես երկկողմ կապերի ընդլայնումը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության խորացումը: Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Լատվիայի խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով և կարևորում է բոլոր գործընկերների հետ հարաբերությունների սերտացումը:

Լատվիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու երկրների միջև կապերը խորացնելու համար: Նա նշել է, որ որպես Եվրոպական միության անդամ երկիր՝ Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով և աջակցել այդ գործընթացում: Ինգրիդա Լևրենցեի խոսքով՝ նաև պետք է ակտիվ աշխատել երկկողմ առևտրաշրջանառության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ու փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով երկու երկրների առևտրաշրջանառության ծավալի աճի հնարավորություններին, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը երկրի տնտեսության տարբեր ճյուղերում՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գործարար միջավայրի, հարկային օրենսդրության բարելավման և ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և առաջարկել դեսպանին Լատվիայի գործարարներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Ինգրիդա Լևրենցեն նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter