HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վագա Ֆարմն» ընդդեմ «Նատալի Ֆարմի» և «Ալֆա ֆարմի». ՏՄՊՊՀ-ն քննում է գործը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Վագա Ֆարմ» ընկերությունից՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերությունների:

ՏՄՊՊՀ հաղորդագրության համաձայն՝ «Վագա Ֆարմը» տեղեկացրել է, որ իր մեծածախ և մանրածախ վաճառքի համար որոշ դեղեր ձեռք է բերում վերոնշյալ երկու ընկերություններից: Ըստ բողոքի, ոլորտում գործող այլ տնտեսվարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրվում են զեղչեր, սակայն իրենց անհամեմատ ավելի  մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն կիրառվում: «Վագա Ֆարմը» նշում է, որ ինքը չի կարողանում մրցակցել հավասար պայմաններով, քանի որ մյուս ընկերությունները, իրենց տրամադրված ավելի մեծ զեղչերի հաշվին, կարողանում են վարել ավելի ճկուն գնային քաղաքականություն:  Դիմումատուն նշում է նաև, որ բազմիցս դիմել է մատակարարներին՝ իրենց հանդեպ ևս մյուսներին հավասար զեղչեր կիրառելու խնդրանքով, որը, սակայն մերժվել է՝ անարժանահավատ պատճառաբանություններով:

Վերոնշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում, այսօր Հանձնաժողովում կայացել է հարցի քննարկում՝ «Վագա Ֆարմ», «Նատալի Ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի պատասխան «Վագա Ֆարմի», վերոնշյալ ընկերությունները  խնդրի վերաբերյալ Հանձնաժողովին հայտնեցին  իրենց դիրքորոշումը՝ մասնավորապես նշելով, որ իրենց կողմից կիրառվող զեղչային քաղաքականությունը չի որոշվում միայն պատվիրատուի ձեռք բերված դեղորայքի ծավալներով, գործում են նաև այլ չափանիշներ: Ըստ էության, չժխտելով դեղորայքի վաճառքով զբաղվող տնտեսվարողների հանդեպ զեղչային տարբեր քաղաքականություն կիրառելու հանգամանքը, նրանք Հանձնաժողովին տեղեկացրեցին, որ զեղչեր կիրառելիս առաջնորդվում են առավելապես երկարաժամկետ պայմանավորվածությունների, տնտեսվարողի կանխատեսելիության, առաջարկվող դեղորայքի ողջ տեսականիի ձեռքբերման, դեղատների ցանցերում ճիշտ ներկայացվածության և մի շարք այլ չափանիշների հիման վրա: Բացի այդ, նրանք նշեցին նաև, որ զեղչեր տրամադրում են բոլոր ձեռքբերողներին, իսկ հավելյալ զեղչեր՝ ոչ բոլորին:

Մրցակցային մարմինը, հարուցված վարչական վարույթի շրջանակներում կիրականացնի համակողմանի ուսումնասիրություն և առաջիկայում  կհրապարակի խնդրի վերաբերյալ իր որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter