HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատար

Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ- շտաբի պետ է նշանակվել գնդապետ Ջալալ Հարությունյանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ լրատվական ծառայությունը:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Լևոն Մնացականյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության գործում մատուցած ծանրակշիռ ավանդի համար, շնորհավորել Կարեն Աբրահամյանին և Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջիններս էլ ավելի կբարձրացնեն բանակի մարտունակության աստիճանը:

ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մասնակցում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի զինակիցներ,

այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:  Ուզում եմ նաև հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են  մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ:

Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter