HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հայցվորն իր պահանջները ներկայացրեց. «Ժողովուրդ»-ի դատը շարունակվում է

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Բենիկ Հարությունյանի՝ վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման և հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:

Այսօրվա նիստում պատասխանողի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը դատարանին ներկայացրեց «Fertex»-ի միջոցով ԱՄՆ-ից իրեն ուղարկված փաստաթուղթ, որն անգլերեն տարբերակով էր: Հ. Ճարոյանը նշեց, որ այդ փաստաթղթի հայերեն տարբերակն արդեն նախորդ նիստին նա ներկայացրել է դատարանին: Դա, ըստ Հ. Ճարոյանի, դատարանի այն վճռի օրինակն է, որի հիման վրա լրագրողը պատրաստել է իր նյութը: Սակայն հայցվոր կողմը առարկեց, որպեսզի դատարանը այն որպես ապացույց ընդունի, քանի որ նրա հայերեն տարբերակը արդեն առկա է դատարանում:

Դատավոր Ռ. Ափինյանի հարցին, թե արդյոք կողմերը չե՞ն ցանկանում հաշտության գալ, հայցվորի ներկայացուցիչ Գնել Նազարյանը պատասխանեց, որ միայն այն դեպքում, երբ պատասխանողն ամբողջությամբ կհերքի իր գրածը, իսկ Հ. Ճարոյանը պատասխանեց, որ թող հայցվորը ներկայացնի հաշտության տեքստ՝ չնայած հայցվորը նշեց, որ ժամանակին նման տեքստ ներկայացրել են, սակայն կողմը համաձայն չի եղել, այդ իսկ պատճառով նրանք այժմ հաշտության առաջարկ չունեն ներկայացնելու:

Հ. Ճարոյանը դատարանին հայտնեց, որ Նունե Սերոբյանի հոդվածում արված պնդումների, հարցազրույցի և ներկայացված տվյալների հիման վրա միջնորդում է Ն. Սերոբյանին ճանաչել որպես պատասխանող, այսինքն՝ փոխել պատասխանողին, քանի որ այս դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը որպես ամբիոն է հանդես եկել: Հայցվորը դատարանին հայտնեց, որ Նունե Սերոբյանի հարցազրույցը, որը տպագրվել է (N179)-ում, (N151) հոդվածի շարունակությունն է, և իրենք հայցապահանջը ավելացրել են (N179) հոդվածի մասով:

Ըստ պատասխանողի՝ սույն գործով, եթե անգամ առկա են զրպարտություն և վիրավորանք, դրանք չեն հասցվել թերթի կողմից, այլ Ն. Սերոբյանի կողմից, իսկ թերթը պետք է այս գործընթացում հանդես գար որպես 3-րդ անձ:

Հայցվորը առարկեց միջնորդությանը՝ մեկնաբանելով, որ համաձայն օրենքի՝ լրատվության միջոցը պարտավոր էր ստուգել իրեն տրված ինֆորմացիան և ճշտել տեղեկատվության հավաստի լինելը:

Դատարանը, լսելով պատասխանողի միջնորդության կապակցությամբ արտահայտված դիրքորոշումը, որոշեց մերժել այն:

Հ. Ճարոյանը այնուհետև միջնորդեց դատարանին Ն. Սերոբյանին դատակոչել որպես վկա: Սակայն դատավոր Ռ. Ափինյանը հետաձգեց վկայի դատակոչման միջնորդության քննարկումը, մինչև կողմերը կքննարկեն ապացուցման բաշխման բեռը:

Այսպիսով, կողմերն անցան ապացուցման բեռի բաշխման փուլին: Գ. Նազարյանը դատարանին ներկայացրեց, թե հոդվածում առկա որ արտահայտություններն է հայցվորը համարում վիրավորանք և որը՝ զրպարտություն: Հայցվորը վիրավորանք է համարում «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ հոդվածի հետևյալ արտահայտությունները.

« ...Ասում է Բենիկ Հարությունյանի կողմից «քցված» Նունեն…»: Հայցվորը կարծիքով՝ սրանով հոդվածի հեղինակը նկատի է ունեցել այն, որ հայցվորը իր գործընկերոջը խաբել է և գումար է շորթել:

« …Ինչևէ, այս պատմության մեջ հետաքրքիրը ոչ միայն այն է, որ Սերժ Սարգսյանի մերձավորը «քցել» է ներդրումներ կատարած տիկնոջը, այլև այն, որ նա իր անլուրջ խոսակցություններով «խրտնեցրել» է ներդրումների պատրաստակամությամբ Հայաստան եկած գործարարին… »:

Ըստ հայցվորի՝ թերթի (N179) համարում հրապարկված «ԲԵՆԻԿԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ» վերտառությամբ հոդվածում հետևյալ արտահայտություններն են վիրավորել հայցվորին.

« ...Բոլորը գիտեն, որ Բենիկ Հարությունյանը կաշառելու, մարդկանց վախեցնելու շատ մեծ կարողություն և ընդունակություն ունի, ու դա մենակ մեր կարծիքը չէ… »:

Հայցվորը սա և որպես վիրավորանք է դիտում, և որպես զրպարտություն: Ըստ հայցվորի՝ լրագրողը պետք է ճշտեր Ն. Սերոբյանի տված ինֆորմացիայի հավաստի լինելը: Սակայն դատավոր Ռ. Ափինյանը նկատեց, որ լրագրողական ժանրերից մեկը դա հարցազրույց վերցնելն է, այսինքն` լրագրողը հարցազրույց է վերցրել և դրա մասին հրապարակել:

Հայցվորը որպես զրպարտություն է համարում հետևյալ արտահայտությունները.

« ...Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Նունեի ընկերներից Արևշատը, Հրազդանի քննչականի պետը, ով «Բենիկի վարորդի ախպերն է», պատճառաբանել է, թե գործը քաղաքացիաիրավական բնույթի է... »

Դատավորի հարցին, թե ի՞նչն է զրպարտություն, պատասխանողը նշեց, թե թերթի այն ձևակերպումը, որ Բենիկ Հարությունյանն ունի կապեր և իր անօրինական գործերը ուզում է լուծել կապերի միջոցով:

Հայցվորը վիրավորանք է համարում նաև ստորև ներկայացվող նախադասությունը. « ...Հետաքրքիր է, թե ինչու այդ դեպքում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և 130 գիտական աշխատանքների և գյուտերի (անգամ գիտության և արվեստի ասպետի կոչում ունեցող) Բենիկ Հարությունյանի մասին ստահոդ տեղեկություններ տարածող Նունե Սերոբյանի նկատմամբ սուտ մատնության մեղադրանքով քրեական գործ չեն հարուցում...»:

Դատավորի հարցին, թե արդյոք քննչականի պետը Բենիկ Հարությունյանի եղբա՞յրն է, հայցվորը պատասխանեց՝ ոչ:

Դատավորի հարցրեց նաև, թե ի՞նչ պատճառաբանությամբ է մերժվել քրեական գործի հարուցումը: Քանի որ կողմերը հավաստի ոչինչ չասացին, դատավորը պատասխանողի վրա դրեց սույն քրեական գործի նյութերը դատարան ներկայացնելու պարտականությունը:

« ...Այսպիսով` գործընկերները որոշել են, որ Նունեն և գործընկերը Լոս Անջելեսից պետք է ոսկու հանքերի ու նաև մյուս ընկերության համար ներդրողներ գտնեն: ...ԱՄՆ գործընկերները, ի կատարում Բենիկի հետ կնքած պայմանագրի, Հայաստան են ուղարկել 5 միլիոն դոլարի պոտենցիալ ներդրողի, ով ԱՄՆ վերադառնալուց հետո նրանց ասել է, թե Բենիկն իր վրա անլուրջ մարդու տպավորություն է թողել: Բենիկը տարել է այդ մարդուն, հանքերը ցույց է տվել և ասել` 5 միլիոն պետք չէ, 100 հազար ուղարկիր, ոսկիները կհանենք, կգնանք Արգենտինա՞, թե՞ Բրազիլիա...»:

Հայցվորը սա նույնպես որպես զրպարտություն է դիտում և կրկնում, որ լրագրողը պետք է ստուգեր Ն. Սերոբյանի տված ինֆորմացիայի իսկությունը:

Այսքանով, հայցվորը ավարտեց իր պահանջները: Դատարանը հերթական դատական նիստի օր նշանակեց մարտի 5-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter