HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվել է Հայաստանի առաջին դեսպանը

Դեկտեմբերի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick):

Նախարարը նշել է, որ ուրախ է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նման որոշման համար և կարևորել է երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացումը:

Նույն օրը դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնել է Լիխտենշտայնի Իշխանապետության թագաժառանգ Նորին Վսեմություն Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին (Alois von und zu Liechtenstein):

Արտգործնախարարությունը հայտնում է, որ համատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացել է նրանց առանձնազրույցը: Դեսպան Աշոտ Սմբատյանը Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին փոխանցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բարեմաղթանքները:

Աշոտ Սմբատյանը հանդիպել է նաև Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցի քաղաքապետ Էվալդ Օսպելտին (Ewald Ospelt): Կողմերը քննարկել են մշակութային համագործակցության հնարավոր հեռանկարները:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեսպան Սմբատյանը հանդիպել է նաև Լիխտենշտայնի Իշխանապետության կառավարության արտաքին քաղաքականության հարցերը համակարգող գլխավոր քարտուղարի տեղակալ Դոմենիկ Վանգերի (Domenik Wanger) հետ: Վերջինիս խնդրանքով դեսպանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter