HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդդեմ Արարատի մարզպետի և «Ազատություն» ռադիոկայանի

«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Սոկրատ Հախվերդյանն ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և «Ազատություն» ռադիոկայանի հայցադիմում է  ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Նա մարզպետից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և փոխհատուցել պատճառված վնասը՝ 800,000 դրամ, իսկ լրատվամիջոցից՝ իր ֆեյսբուքյան էջում Գարիկ Սարգսյանին տրամադրել հարթակ (հնարավորություն) Սոկրատ Հախվերդյանի նկատմամբ զրպարտչական համարվող տեղեկության հերքման համար:

Նշենք, որ դեռևս 02.11.2017թ. «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ ի դեմս պետական բաժնեմասի լիազոր ներկայացուցիչ Արարատի արդեն նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի և Սոկրատ Հախվերդյանի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով վերջինս զբաղեցրել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը:

Արարատի գործող մարզպետ Գարիկ Սարգսյանի այս տարվա սեպտեմբերի 4-ի կարգադրությամբ Սոկրատ Հախվերդյանն ազատվել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի զբաղեցրած պաշտոնից և լուծվել է վերջինիս հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

Հոկտեմբերի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ տեղի ունեցած ֆեյսբուքյան ասուլիսից հետո ֆեյսբուքյան օգտատեր Անուշիկ Գրիգորյանը հարց է ուղղել մարզպետին. «Ձեր մարզպետ նշանակվելու օրվանից սկսած Արտաշատում լուրեր էին պտտվում, որ Արտաշատի բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը խոստացել եք Ձեր մտերիմներից մեկին, ով ատամնաբույժ է։ Ու որպեսզի Դուք կարողանայիք հիմնավորել արդեն նախկին տնօրեն Սոկրատ Հախվերդյանի աշխատանքից ազատումը, մի քանի ամիս շարունակ փորձում էիք նրա գործունեության հետ կապված որևէ ապօրինություն գտնել։ Այնուամենայնիվ, չկարողանալով որևէ ապօրինություն գտնել՝ չսպասեցիք Ձեր իսկ նախաձեռնած աուդիտի արդյունքներին ու որոշեցիք ընդամենը 1 տարի առաջ մրցութային կարգով նշանակված 30 տարվա փորձ ունեցող վաստակաշատ բժշկին ուղղակի ազատել աշխատանքից առանց որևէ պատճառի։ Փաստորեն, սա ակնհայտ կամայական որոշում էր։ Չե՞ք կարծում, որ այսպիսի կամայական որոշումներով արժեզրկում եք Փաշինյանի կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը Ձեր մարզում»:

Դրան ի պատասխան՝ Գարիկ Սարգսյանը պատասխանել է, որ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնների տնօրենները աշխատանքից ազատվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի դրույթներին համապատասխան և հավելել է. «Բացի այդ, տնօրենին աշխատանքից ազատելու պատճառ է հանդիսացել առողջապահական վերոհիշյալ հիմնարկում առկա ֆինանսատնտեսական անմխիթար վիճակը»:

Սոկրատ Հախվերդյանը կարծում է, որ մարզպետն, ըստ էության, իրեն մեղադրում է օրենսդրության պահանջների խախտման, ստանձնած պարտականությունների չկատարման մեջ, որը հանգեցրել է աշխատանքից ազատման:

Հայցվորը հայցադիմումում շեշտել է այն փաստը, որ նշված տեղեկությունները տարածվել են հրապարակայնորեն՝ ֆեյսբուքյան հարթակում, ինչն ապահովում է տեղեկատվության հասանելիության բարձր մակարդակ և տարածման ընդգրկուն շրջանակ, ինչից ակնհայտ է դառնում, որ մարզպետի հրապարակած տեղեկությունները կարող են ազդել իր վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման կամ առկա կարծիքի փոփոխման վրա: Բացի այդ, Ս. Հախվերդյանի հասցեին հնչեցված զրպարտչական տեղեկություններն իրենց մեջ իրական վտանգ են պարունակում վերջինիս բարի և անբասիր համբավի արատավորման, հանրության աչքում վերջինիս՝ որպես բժշկական կենտրոնի ղեկավարի հեղինակազրկման առումով:

Սոկրատ Հախվերդյանը պահանջում է պարտավորեցնել Գարիկ Սարգսյանին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքել իր նկատմամբ հրապարակված զրպարտչական տեղեկությունն այն մասին, որ Սոկրատ Հախվերդյանին աշխատանքից ազատելու պատճառ է հանդիսացել առողջապահական վերոհիշյալ հիմնարկում առկա ֆինանսատնտեսական անմխիթար վիճակը, և վճարել փոխհատուցում: Իսկ «Ազատություն» ռադիոկայանին պարտավորեցնել տրամադրել հարթակ, որպեսզի մարզպետը կարողանա հերքել:

Նշենք, որ դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ: Հայցվորը միջնորդել է 800,000 դրամ հայցագնի չափով արգելանք դնել Գարիկ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների վրա, սակայն, դատարանը միջնորդությունը մերժել է: Գործը քննելու է դատավոր Հենրիկ Դարբինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter