HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Լուսակերտ»-ին թույլ չեն տալիս ձու ներմուծել․ ՍԱՏՄ ղեկավարն ասում է՝ տեղականի անվան տակ են ուզում վաճառել

Դեկտեմբերի 8-ին «Լուսակերտ» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել է 302 400 հատ ձու, որը, սակայն չի կարողանում մտցնել հայկական շուկա։

 Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց բեռն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բայց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարբեր պատճառաբանություններով չի թողնում այն ներկրել։ 

ՍԱՏՄ ղեկավարն էլ իր հերթին հավաստիացնում է, որ իրենք կանխում են կեղծարարությունը՝ ներկրված ձվի՝ որպես տեղական արտադրանքի վաճառքը։

 

Արդեն ութերորդ օրն է, ինչ «Լուսակերտ» ընկերության ներկրած ձվերի խմբաքանակը գտնվում է Բագրատաշենի անցակետում․ Հայաստան ներկրելու թույլտվություն չկա: Ըստ ընկերության մատակարարման բաժնի պետ Դավիթ Կիրոկոսյանի՝ չկա նաև հիմնավոր մերժում, որով իրենք կկարողանան բողոքարկել ՍԱՏՄ մերժումը։

«Այդ ձուն, որը պետք է հիմա ներմուծենք, այդտեղ ընդհանրապես շահույթ չենք հետապնդում: Ուղղակի շուկա ենք ուզում պահենք, 150 աշխատատեղ ունենք»,- ասում  է Դ․ Կիրակոսյանը։

Ներկրված ձվի պահպանման ժամկետը 25 օր է: Նշված խմբաքանակի ձվերն արտադրվել են դեկտեմբերի 4-ին, ինչը նշանակում է, որ պահպանման ժամկետի մոտ կեսն արդեն լրացել է:

Դավիթ Կիրակոսյանը պատմում է, որ ՍԱՏՄ-ն սկզբում չի թույլատրել ներկրումը՝ հիմնավորելով թռչնագրիպի դեպքերի առկայությամբ (ձուն ներկրվել է Թաթարստանի այն շրջանից, որտեղ «սահմանված է անորոշ անասնահամաճարակային իրավիճակ»), ապա՝ մակնշման խախտումներով։

«Մենք դիմում էինք գրել, որ այդ ռեգիոնից պատրաստվում ենք ձու ներմուծել, իրենք ( ՍԱՏՄ-ն հեղ․) մերժել էին՝ պատճառաբանելով, որ էդ ռեգիոնը փակ է: Մենք բոլոր թղթերը տրամադրեցինք ու ապացուցեցինք, որ ռեգիոնն արդեն բաց է: Որ տեսան ռեգիոնի մասով չի ստացվում արգելել, հիմա էլ ասում են՝ ձուն թերի է մակնշված»,- պատմում է Դ․ Կիրակոսյանը։

ՍԱՏՄ-ից ներկրումը մերժվել է՝ հիմք ընդունելով 2011թ․ սեպտեմբերի 29-ի կառավարության N1438-Ն որոշումը  (Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին )` մակնշման պահանջների խախտման մասով։

Այստեղ, մասնավորապես, նշված է, որ ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, ինչը բացակայում է։

 

«Չեն թույլատրվում իրացման այն ձվերը և ձվամթերքը, որոնք․․․ 4) չունեն մակնշվածք արտադրանքի յուրաքանչյուր միավորի (չփաթեթավորված ձվի համար) վրա կամ սպառողական տարայի, պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի և (կամ) ուղեկցող փաստաթղթերի մեջ (փաթեթավորված արտադրանքի համար) բացակայում է տեղեկատվությունը»
Մեջբերում 1438-Ն որոշումից

Դավիթ Կիրակոսյանը հավաստիացնում է, որ ձվերը ներկրվել են ոչ թե իրացման ցանցում վաճառվելու, այլ քաղցրավենիքի արտադրամասերի համար, և կառավարության վերը նշված որոշումն այս դեպքում իրենց թույլ է տալիս պարտադիր մակնշումը փակցնել «սպառողական տարաների վրա», ոչ թե առանձին-առանձին:

«Մենք այդ ձուն բերում ենք, ու այնտեղ արկղերի վրա նշված է, որ այդ ձուն չի վաճառվելու խանութներում, սուպերմարկետներում և այլն: Այս ձուն վաճառվելու է խմորեղենի արտադրամասերին: Արկղերի վրա կպցրած է: Իսկ օրենքի մեջ ասում է՝ ձուն վաճառվում է հատիկ, այն պետք է մակնշված լինի, եթե վաճառում ես տարայով, տարան պետք է մակնշված լինի»,- ասում է նա՝ հավելելով, որ դրանց վրա կա նշած՝ «Վաճառքը միայն արտադրամասերին»։

Այս գրությունը բեռի՝ մեր ունեցած լուսանկարներում չի երևում։

Դավիթ Կիրակոսյանն ՍԱՏՄ այս գործողություններում միտում է տեսնում իրենց ընկերության դեմ՝ ասելով, որ նախորդ տարի էլ են նման եղանակով ձու ներկրել և որևէ խնդիր չեն ունեցել։

Ըստ նրա՝ այս տարի ձվի պահանջարկը շատ է, և իրենք սեփական արտադրանքով չեն կարողանում շուկան ծածկել, իսկ տեղական արտադրողների ներկայացրած առաջարկը շատ թանկ է.

«Մենք շուկա ենք կորցնելու: Մենք ուզում ենք ձու ներմուծենք, որ շուկա պահենք, իրենք բոլորը տեղյակ են: «Թռչնաբույծների միությունն» ասել է՝ եկեք այնպես անենք, որ տեղական արտադրողները ձեզ ձու տան այստեղ, դուք մի ներմուծեք,- պատմում է մատակարարման բաժնի պետը։- Տեղական արտադրողներից այս 4 ամսվա ընթացքում ընդամենը 1 առաջարկ է եղել՝ ամենափոքր ձուն ամենաթանկ գնով»:

Այս պնդման հետ, սակայն, համաձայն չէ « Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ Նա կարծում է, որ ընկերությունն ամենայն հավանակությամբ ցանկանում է բիզնես անել, ոչ թե զուտ շուկան պահել։

«Իրենք («Լուսակերտ»-ը, հեղ․) ասում էին, որ արտադրանքի ծավալները նվազել են, շուկայից դուրս ենք մնացել, մենք էլ ուզեցանք իրենց օգնել, մինչև իրենք իրենց արտադրությունը կազմակերպեն։ Ձու գտանք իրենց համար իր բացթողնման գնով (51-55 դրամ, հեղ․), սակայն այս տարբերակին ընկերությունը չհամաձայնեց։ Հասկացանք, որ իրենք ընդհանրապես չեն պատրաստվում արտադրություն կազմակերպել։ Իրենք ուզեցել են ավելի ցածր գին, որ գումար աշխատեն։ Ստացվեց, որ իրենք ուղղակի ուզում են ներկրեն, բիզնես անեն»,- ասում է Ս․ Ստեփանյանը։

«Ես վերջերս եմ տեսել, որ նմուշառում են արել սահմանի վրա։ Ես ուղղակի զարմացած եմ մնացել։ Այդ ապրանքը էնտեղից պիտի ոչ մեկը բաց չթողեր»։

Հատված նմուշառման եզրակացությունից․

«Ներմուծվող ձվերը մեծամասամբ եղել են չմակնշված, իսկ առկա փոքր քանակությունն էլ եղել է միայն ռուսերեն մակնշմամբ, ինչպես նաև խմբաքանակում եղել են աղտոտված և արյունոտ ձվեր, որոնք էլ իրենց հերթին չեն համապատասխանում Տեխնիկական կանոնակարգի պահանջներին»:

Այն նկատառմանը, որ արտադրողն ասում է՝ դրանք ընդամենը մի քանի հատ են, Սերգեյ Ստեփանյանը պատասխանեց, որ նմուշառողը պատահականության սկզբունքով 5 արկղ է բացել և նույնատիպ աղտոտված ձվեր տեսել։

«Սա նշանակում է, որ էնտեղ թափելու ձուն է եղել, վերցրել, բերել են էժան գնով,- կարծում է Ս. Ստեփանյանը։- Որովհետև այդ կեղտոտ ձուն ոչ մեկը չի թողնում․ եթե մի հատ էլ մեծ կետ կա այդ ձուն արդեն գնում է 2-րդ կարգ և չի գնում սննդի համար վաճառքի»։

Նրա խոսքերով՝ «Լուսակերտ»-ը որոշել է այդ ձվերը տալ արտադրամասերին այն ժամանակ, երբ արդեն նմուշառումից հետո իրեն զգուշացրել են, որ ապրանքը չի կարող մտնել հայկական շուկա։

«Ես արտադրողի կողքին եմ միշտ, բայց եթե արտադրողն իրեն նման բան է թույլ տալիս, ուրիշ ճանապարհներ է որոնում, դա արդեն ճիշտ չէ»,-եզրափակեց Ս․ Ստեփանյանը։

 

ՍԱՏՄ ղեկավար․ «Իրենք ուզում են դա տեղականի անվան տակ վաճառել»

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ ապրանքը չի թույլատրվում ներկրել՝  հենց մակնշման խախտումների պատճառով, և իրենք «Լուսակերտ»-ին արդեն 3 անգամ մերժել են ներկրել։

«Իրենք մեր օրենսդրությանը չհամապատասխանող բեռ են բերում: Այսինքն՝ ձվերի վրա մակնշում չկա, կեղտոտ, արյունոտ ձվեր են,- ասում է Գ․ Ավետիսյանը։- Մենք ստուգել ենք, իրենք փորձել են մեզ խաբել. մակնշած ձուն երկու շարքով դրել են, մնացածը՝ մեքենայի հետևի հատվածը, եղել է առանց մակնշումների՝ ճաքած, ջարդած, կեղտոտ ձվեր»,- ասում է ՍԱՏՄ ղեկավարը։

Գեորգի Ավետիսյանը նշում է, որ բոլոր ձվերի վրա առանձին-առանձին պետք է մակնշում լինի՝ անկախ նրանից՝ դրանք ուր են տարվելու, քանի որ պետք է հնարավոր լինի ձվերն իդենտիֆիկացնել, և դրանք պետք է ունենան հետագծելիություն։

Բացի այդ, ՍԱՏՄ-ն ոչ մի երաշխիք չունի՝ հասկանալու՝ արդյոք «Լուսակերտ»-ը դրանց վրա իր ընկերության անունը չի մակնշի և հանի վաճառքի՝ որպես տեղական ձու:

Այն հարցին, արդյոք կա նման ռիսկ, Գեորգի Ավետիսյանն ասաց, որ «իհարկե, իրենք ուզում են իրենց անվան տակ դա տան»։ Այսպիսով, ըստ նրա, ՍԱՏՄ-ն փորձում է կանխել հնարավոր «կեղծարարությունը»։

«Ես իրենց երեկ (13 դեկտեմբերի, հեղ․) զգուշացրեցի, ասացի, որ խնդիրը հետևյալն է ՝ եթե հանկարծ համապատասխանեց, ու դուք հանեցիք շուկա, ես պիտի բոլորին իրազեկեմ, որ դուք ձեր ձուն չեք վաճառում, ներկրված ձու եք վաճառում, նրանք, իհարկե, նման բանի չհամաձայնվեցին: Կեղծարարությունը մնում է կեղծարարություն, մենք ինչի՞ համար թույլ տանք դա»,- ասում է Գ․ Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ այդ ձվերը պետք է հետ ուղարկվեն՝ հավելելով, որ լավություն են արել, որ մինչ օրս չեն ոչնչացրել․

«Դա պետք է հետ գնա: Թող արտահանեն մի տեղ, չգիտեմ, Վրաստանում, Ռուսաստանում փորձեն վաճառեն»,- եզրափակեց նա։

«Լուսակերտ»-ի մատակարարման բաժնի պետն ասում է, որ ընկերությունն անպայման բողոքարկելու է ՍԱՏՄ մերժման որոշումը, քանի որ վերջինս խոչընդոտում է իր ընկերության գործունեությունը և հավելում, որ իրենք հաշիվ-ֆակտուրաներով և պայմանագրերով կարող են ապացուցել, որ այդ ձվերը գնալու են գործարաններ և չեն վաճառվելու խանութներում ու չեն մակնշվելու՝ որպես տեղական։

Իսկ մինչ այդ, ձվերով լի բեռնատարը Բագրատաշենում է, ընկերությունն էլ ամեն օր 49 000 ՀՀ դրամ է վճարում այն անցակետում պահելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter