HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փորձաքննությամբ հաստատվել է. Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները Մարտիրոս Սարյանինն են

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝  Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված նկարների պատկանելիությունը փորձաքննությամբ պարզվել է. դրանք պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին:

Այս մասին այսօր ԱԱԾ-ի կազմակերպած սեմինարի ընթացքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վերջինս խոսեց նաև Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ ենթադրյալ կեղծ անձնագրով հայտնաբերելու ու նրան արտահանձնելու հանգամանքների մասին:

Ըստ ԱԱԾ տնօրենի՝ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է «Ինտերպոլի» աջակցությամբ: Հարցին՝ ԱԱԾ-ն տեղեկություն ունի՞, թե Նարեկ Սարգսյանը ինչպես է Գվատեմալայի կեղծ անձնագիր ձեռք բերել, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռևս պարզ չէ:

Ըստ Վանեցյանի՝ Նարեկ Սարգսյանին առաջիկայում, սահմանված ընթացակարգերի համաձայն, կարտահանձնեն Հայաստանին: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի և իր թիկնապահի նկատմամբ հուլիսի 5-ին հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ իրավապահները, վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր:

Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։

ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարներ, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter