HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

««Գոլդեն փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա՝ իրական սեփականատիրոջը թաքցնելու համար»,- ասում է ԱԱԾ տնօրենը

Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ հյուրանոցի սեփականատերերը Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանն ու Ավետիսյանի մայրն են:

Նշենք, որ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը վերը նշված հյուրանոցը նվիրում է պետությանը: «Կա հարուցված քրերական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»,- ասել է Փաշինյանն ու նշել, որ եթե գործընթացը կատարվի, հյուրանոցը պետք է հանվի հրապարակային աճուրդի:

ԱԱԾ տնօրենն, անդրադառնալով այս գործի հանգամանքներին, նշեց, որ այն ամենայն հավանականությամբ կարճվելու է, ապա, շարունակելով, հիշեցրեց, որ քրեական գործի կարճման մի քանի հիմք կա:

ԱԱԾ տնօրենի խոսքից պարզ դարձավ, որ տվյալ դեպքում, խոսքն, ըստ էության, պատճառված վնասի փոխհատուցման պայմաններում անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի մասին է, ուստի լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ պիտի Ավետիսյանն, ով գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, փոխհատուցի պետությանը պատճառված վնասը:

Ի պատասխան ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործով Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը, կարգավիճակ ունի, սակայն չմասնավորեցրեց՝ խոսքը կասկածյալի, թե մեղադրյալի կարգավիճակի մասին է:

«Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց պարզվել, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդի Արտաշես Ավետիսյանն է և նրա մայրը։

Գույքի ձեռքբերման միջոցների օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ եւ պարոն Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի գույքը նվիրաբերել պետությանը: Դա մեղմացուցիչ հանգամանք է, բայց իրավական վերջնական գնահատական կտրվի քննություն իրականացնող մարմնի կողմից»,- ասաց Արթուր Վանեցյանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև այն մասին, որ հյուրանոցը կարող է 10-15, նույնիսկ 20 մլն դոլար արժենալ, և այդ գումարները պետք է մուտքագրվեն պետբյուջե: Հյուրանոցի նվիրատվության առնչությամբ մեզ հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ այն պետությանը նվիրելու վերաբերյալ դիմումը կոմիտեում գրել է Ավետիսյանի որդին, և դրա առնչությամբ իրենք դիմել են Կառավարություն՝ համապատասխան եզրակացություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի՝ գործի նախաքննության սկզբնական փուլում տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը՝ հանրությանը այդ կերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը: ԱԱԾ-ն հատկանշական է համարել այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն: Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Հետագայում, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ՝ «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը:

Վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքն, ըստ ԱԱԾ-ի, 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter