HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հայերեն է թարգմանվել Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» վեպը

Լույս է տեսել Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» վեպի (1981թ.) հայերեն թարգմանությունը:

Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Թարգմանիչը Արամ Արսենյանն է:

«Էն ոճը, էն գրական հնարքները, որ կիրառել է Ռուշդին, կարծում եմ շատ մեծ խնդիրներ է դնում թարգմանչի առջև, այսինքն՝ գիտակցության կտրտվածությունը, պատկերների՝ մեկը մյուսի մեջ մտնելը, թռիչքները մի ժամանակաշրջանից մյուսին ու էս ամեն ինչը՝ խտացված հնդկական մշակույթով, բառերով, տերմիններով, տիպիկ հնդկական մտածելակերպին բնորոշ ձևակերպումներով»,- շնորհանդեսի ժամանակ ասաց հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը:

Սալման Ռուշդին հնդկական ծագումով բրիտանացի գրող է: Ծնվել է 1947թ-ին՝ քաշմիրցի մուսուլմանական ընտանիքում: Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Բրիտանիա, Քեմբրիջի համալսարանում ուսանել պատմություն:

«Կեսգիշերի զավակները» Ռուշդիի երկրորդ վեպն է: Այն գրված է մոգական ռեալիզմի ժանրում և անդրադառնում է բրիտանական գաղութատիրությունից Հնդկաստանի անկախացմանը (1947թ.): Վեպն արժանացել է անգլիագիր գրականության «Բուքեր» մրցանակին:

Սալման Ռուշդին հայտնի է իր մեկ այլ ստեղծագործությամբ ևս: 1988թ-ին հրատարակված «Սատանայական բանաստեղծություններ» վեպը ոչ միայն մեծ ճանաչում է բերել գրողին, այլև հարուցել մուսուլմանական աշխարհի դժգոհությունը՝ համարվելով հակաիսլամական: Վեպն առիթ է դարձել բողոքի ցույցերի, գրքի հրապարակային այրումների, գրախանութների պայթեցումների Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում: Այն արգելվել է մի քանի երկրներում՝ Հնդկաստան, Բանգլադեշ, Սուդան, Հարավային Աֆրիկա, Շրի Լանկա, իսկ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խոմեյնին գրքի հրապարակման հաջորդ տարում Ռուշդիի համար գլխագին է սահմանել, որը մնում է ուժի մեջ, որքան էլ Իրանի հետագա առաջնորդները հրաժարվել են դրանից: Որոշ ժամանակ հեղինակը ստիպված է եղել ապրել ընդհատակում: Այժմ Ռուշդին բնակվում է ԱՄՆ-ում և շարունակվում է ստեղծագործել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter