HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց մարդ լինելու՝ հայ լինել չի կարելի

Լեռ Կամսար

Արտասահմանյան հայերը, որոնք որպես տուրիստ Հայաստան են գալիս, բոլշևիկ կառավարության կողմից մեծարվում, ավելի ճիշտ կաշառվում են ու գնում տեղները ներգաղթ պրոպագանդում։

Եվ երևակայեցեք՝ հավատացողներ էլ լինում են։ Էլ չեն ասում այդ քարոզիչներին՝ եթե ձեր ասածի նման Հայաստանը լիառատ դրախտ է, խոսքն ազատ, ընտրությունն ազատ, ամեն բան ազատ՝ ինչո՞ւ ինքներդ չեք ներգաղթում, ինչո՞ւ  եք թողնում ձեր նկարագրած դրախտը և վերադառնում դժոխք։

Անամոթնե՜ր, վաճառվածնե՜ր։

Դուք նման եք այն աղվեսին, որ որսին խաբում, տանում մտցնում է գայլի որջը, իսկ ինքը փախչում, ետ է գնում, նոր որս բերելու։

Այն մի քանի հայերը, որոնք հրաշքով թուրքի յաթաղանից ազատվել ու ապաստանել են օտար երկնքի տակ, դուք բերում բոլշևիկյան յաթաղանի տա՞կ եք պառկեցնում։ Ինչո՞ւ․ որպեսզի հայ լինի այստեղ, Հայաստան լինի, դուք էլ նրա անունը շահագործելով ման գաք արտասահմաններում ու ապրեք։

Հայաստան սիրող հայը պետք չէ բաց պատուհանից խոսի Հայաստանի հետ․ մեր դուռը բաց է, ներս մտեք ու խոսեք։ Սովետական Ռուսաստանը այն մահվան խցիկն է, ուր պատերազմի ժամանակ գերիներին լցնում և հեղձուձիչ գազով խեղդում են։

Իսկ կոմունիզմն ավելին է, քան հեղձուցիչ գազը։

Կոմունիզմը սպանելուց առաջ հանում է զոհի ուղեղը, կտրում ձեռները, կապում ոտները ու չարացնում սիրտը՝ դարձնում անզգա, ինչպես աշնան տերևը ծառին, մեկ էլ տեսար՝ Մոսկվայից Խրուշչովի ճառը փչեց, և տերևները խշշալով վայր թափվեցին։

Առանց մարդ լինելու՝ հայ լինել չի կարելի։ Իսկական հայրենասեր հայը նա է ներկայումս, որ կհրաժարվի հայ լինելուց, որովհետև մարդ չէ։

Հայաստան կուզեք կառուցել գող ավազակներո՞վ, երկերեսանի պնակալեզներո՞վ, կաշառակեր դատավորներո՞վ, եղբայրասպան չեկիստներո՞վ, կույսեր լլկող ղեկավարներո՞վ։

Եթե այո՝ խնդրում եմ ինձ հանեք հայերի ցանկից, ես հայ չեմ։

------

Այսպիսի մի տուրիստի ես պատահեցի մի քանի օր առաջ։ Մի շատ փափկասուն տիկին էր, նուրբ մատներով և խնամված երեսով։

Երբ թվում էր բոլշևիկների առավելությունները, մտքիս մեջ ասում էի․ «Ա՜խ, մի Հայաստան գար այս կինը բնակվելու, նասիլկան տային ձեռքը՝ հինգ փթանոց քարը բարձած, առներ, բարձրանար շենքի հինգերորդ հարկը, որ խելքը գլուխը գար։

Ի միջի այլոց, ասեմ՝ այս կինը որպես հիշատակ փոխանակ մի համբույր տալու՝ տասը դոլար փող տվեց ինձ․․․»

                                                                                              1962թ․, անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter