HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցադրումներ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան

Սույն հրապարակումը վերաբերվում է 14.12.18-ին Ձեր տարածած տեղեկատվությանը, որի համաձայն պետությունը 17 մլն դրամով ձեռք է բերել «Ինչ, որտեղ, երբ» խաղը Հայաստանում իրացնելու արտոնագիր։

Ըստ իս,  վերջինիս հետ կապված մի քանի հարց ունի պարզաբանման կարիք։ Հաջորդիվ ներկայացված են այդ հարցերը, ինչպես նաև առաջարկ, որը կարող է Ձեզ հետաքրքրել խաղի կազմակերպման և հեռարձակման ավելի արդյունավետ լուծումներ գտնելու մասով։

1․ Ի՞նչ պայմաններով է ձեռք բերվել արտոնագիրը։

Հաջորդիվ ներկայացվող տարբերակները ես եմ առաջ քաշել զուտ վերլուծություն կատարելու նպատակով։

Տարբերակ առաջին․ Արտոնագիրը ՀՀ կառավարությունը ձեռք է բերել պայմանով, որ այն հեռարձակվելու է կոնկրետ հեռուստաալիքով։ Եթե սա իրողություն է, ապա ակնկալվում է հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Ինչու՞ է կառավարությունը կատարում ծախս, որը ուղիղ ապահովում է շահույթ առևտրային ընկերության։ Եթե պետությունը որևէ առևտրային ընկերության տալիս է հարկային կամ մաքսային արտոնություն, ապա դա ուղիղ պետք է բխի տնտեսության զարգացման տրամաբանությունից, ինչը այս դեպքի վրա չի կարող տարածվել։ Եթե սա պետք է տեղավորվի սոցիալական գովազդի տրամաբանության մեջ, ապա դա ըստ էության պետք է բխի պետական գնումների կազմակերպման սկզբունքներից, ինչը ամենևին չի ենթադրում գործողություն ի սկզբանե որոշված առևտրային կազմակերպության օգտին։

2․ Եթե արտոնագիրը ձեռք է  բերվել պայմանով, որ խաղը պետք է անցկացվի կոնկրետ հեռուստաընկերության եթերով, ապա որևէ բան չէր խանգարում հենց այդ հեռուստաընկերությանը ձեռք բերել արտոնագիր, հաշվի առնելով խաղի հովանավորների թիվը։

Տարբերակ երկրորդ․  Արտոնագրի ձեռբերման պայմաններում չկա նշում հեռարձակումն ապահովող ընկերության մասին։ Այս դեպքում կարիք կլինի պատասխանել հետևյալ հարցերին․Ինչպե՞ս է որոշվել, թե որ հեռուստաընկերությունն է հաղորդումը եթեր հեռարձակելու։ Եթե դա որոշվել է մրցույթային կարգով, ապա լավ կլիներ հրապարակային դարձնել մրցույթի կազմակերպման պայմանները։ Եթե դա մրցութային կարգով չի եղել, և պարզապես կայացվել է որոշում, ապա սույն որոշումը ապահովում է անհավասար պայմաններ հեռուստաեթերի շուկայում, ինչը կարող է որակվել նաև որպես հովանավորչություն։

Այսպիսով, ամփոփելով, խնդրում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները։

Արդյո՞ք արտոնագրի ձեռքբերման պայմանագրով հստակեցված է թե որ հեռուստաընկերությունը կարող է հեռարձակել խաղը։

Եթե նման պահանջ չկա, ինչպե՞ս է որոշվել կամ որոշվելու խաղը հեռարձակելու հնարավորության հարցը։

Քանի որ նամակս միայն սույն հարցերի պատասխանը ստանալը չէ, հաջորդիվ կներկայացնեմ իմ առաջարկը։

Կազմակերպեք մրցույթ, որտեղ խաղի կազմակերպման կամ հեռուստաեթեր հեռարձակելու իրավունքը կստանա այն հեռուստաընկերությունը, որը կներկայացնի հանրակրթության ոլորտում ամենաարդյունավետ բարեգործական ծրագիրը  (կլինի դա սահմանամերձ գյուղական դպրոցի նորոգում, թե մի այլ բան դա թող որոշեն ծրագիրը ներկայացնողները)։

Ի՞նչ է տալու հարցի նման լուծումը։

1․ Հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողներին, որոնք գործում են հեռուստաշուկայում։ Սրա ապահովումը ուղիղ բխում է ձեր կառավարության որդեգրած ազատական տնտեսության սկզբունքներից։

2․Վստահ եմ, որ բարեգործական ծրագրերով մրցույթը ապահովելու է բարեգործության՝ 17 մլն դրամից ավել արժեք ունեցող ծրագրերի իրագործում, քանի որ այս դեպքում հեռուստաընկերությունները հնարավորություն կստանան ունենալ հետաքրքիր ծրագիր և հանրության ներկայանալ բարեգործական ծրագրերով, բարձրացնելով իրենց հանրային վարկը (մեկ կրակոցով երկու նապաստակ)։

3․ Հանրության առկա դժգուհության փոխարեն կունենանք իրավիճակ, երբ գոհ կլինենք և՛ արտոնագրի ձեռբերման դեմ բողոքողները, և՛ նրանք, ովքեր կողմ են դրան։

Ակնկալում եմ ձեր ամբողջական պատասխանը։

Հարգանքով

ՀՀ քաղաքացի Ազատ Թանանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter