HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լույս» խմբակցության դիրքորոշումը Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վերաբերյալ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տարածել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության դիրքորոշումը Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև. 

«Նոյեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, մանրամասն ուսումնասիրելով նախագիծը, արձանագրում է, որ այն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երևանի բյուջեի, որն այդքան քննադատեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս:

Այսպիսով, բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են այն փոփոխությունները, որոնց նկատմամբ հրավիրում ենք ձեր ուշադրությունը.

- Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն
նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը
ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:

- Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:

- Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է
շուրջ 160 մլն դրամով:

Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետևյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները:

- Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով:

- Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:

- Կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլնից նվազել է մինչև 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով:

- Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով:

- Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչև 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով:

Աշխատակազմի վրա ծախսվող գումարների ավելացումը պետք է տեղի ունենար օպտիմալացման արդյունքում և ոչ թե հարկատուների կողմից վճարվող գումարներից՝ թվաբանական ավելացմամբ:

Իհարկե բազմաթիվ կարևոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ՝ ավելացվել են: Սակայն մենք ներկայացնում ենք քաղաքային տնտեսության այն կարևորագույն բաղադրիչները (տրանսպորտ, վերելակներ, կանաչապատում, փողոցների լուսավորություն, բազմաբնակարան շենքերի պահպանում) որոնցից բխում է քաղաքի զարգացումը և անվտանգության պահպանումը և որոնց ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարևոր հոդվածների մեծացմամբ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը այս մասով առաջարկություններ քաղաքապետարանին չի ներկայացրել և չի ներկայացնելու, քանզի ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Այսպիսով մենք դիմում ենք Երևանի բնակիչներին և ավագանու մեր գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter