HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանում կվերանայվեն հաստիքացուցակները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները կվերանայվեն: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նման հանձնարարական է տվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք չեն էլ հաճախում աշխատանքի:  

Քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, պարզվել է, որ մայրաքաղաքում կա դպրոց, որն ունի ինը փոխտնօրեն: Մեկ այլ դպրոցում փոխտնօրենը նաև բանվոր է և կաթսայատան պատասխանատու: Որոշ կազմակերպություններում էլ գրանցված հաստիքներից զբաղեցված է միայն դրանց կեսը, իսկ մնացած հաստիքների գումարը բաշխված է մյուս աշխատակիցների միջև:

«Այսուհետ այս պրակտիկան ավարտվում է: Անուն առ անուն, կոնկրետ ով ինչով է զբաղված՝ ստուգվում է: Ես ձեզ վստահեցնում եմ, հենց սկսեք ստուգել, միանգամից կբացահայտվեն այն հաստիքներն ու անձնավորությունները, որոնք ուղղակի չեն գալիս աշխատանքի: Ակնկալում եմ այստեղ շատ կոնկրետ աշխատանք: Բնականաբար այս գործընթացը ծավալուն է լինելու, բայց պետք է սա անել, որպեսզի եկող տարի մեր այդ բոլոր կազմակերպություններն ավելի լավ աշխատեն: Մենք պետք է բոլոր այն բացակա հաստիքները, որոնք ուղղակի գրված են, և պետությունը գումար է վճարում դրանց  համար, լրացնենք: Համոզված եմ, որ այս պարագայում մյուս տարի բոլոր այս կազմակերպություններն ավելի լավ աշխատանք ցույց կտան»,-ընդգծել է Հայկ Մարությանը:  

Երևանի քաղաքապետն իր մտահոգությունն է հայտնել մայրաքաղաքի որոշ հատվածներում ճանապարհային նշանների բացակայության կամ ոչ ճիշտ վայրերում տեղադրման առնչությամբ: Երբեմն լինում են դեպքեր, երբ տնտեսվարողների պահանջով դրանք նախատեսված վայրերում չեն տեղակայվում: Քաղաքապետ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բացառել նման դեպքերը:

«Ինչ-որ տնտեսվարողի քմահաճույքի համար մենք չենք կարող մեր քաղաքացիների անվտանգությունը հարցականի տակ դնել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Մի շարք ծրագրերի վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է ցուցաբերել սկզբունքային մոտեցում, որպեսզի աշխատանքներն ավարտվեն նախատեսված ժամկետներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter