HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում 171 ընտանիք կօգտվի արևային էներգիայից

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի օժանդակությամբ Տավուշում 171 ընտանիք կսկսի օգտվել արևային էներգիայից:

2017թ. հիմնադրամը Տավուշի մարզում ներդրել էր արևային էներգիայի կիրառման ծրագիրը: Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաև համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը: 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արևային ջրատաքացուցիչներ: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը` նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում:

Բացի այս, ընթացիկ տարում Տավուշի մարզի համար 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից: Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը: Բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը և փոխվել է կերակրման մեթոդը: Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի շնորհիվ ներմուծվել են  ֆերմայի կառավարման արդի մեթոդներ:

Լուսաձոր համայնքում 8 հեկտարի վրա արդեն իրականացված Էլիտար աշնանացան 20 տոննա ցորենի բերքը հավասարապես բաժանվել է Լուսաձոր համայնքի 150 գյուղացիական տնտեսություններին:  Գյուղացիներին անհատույց տրամադրվել է ճակնդեղի սերմեր, ինչից ստացված 150 տոննա բերքը գնվել է նրանցից: 2018թ. Մարզի 10 համայնքների 4000 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է շուրջ 7000 տնկի (խնձորենի, նռենի, բալենի, արքայանարինջ և այլն):  Գյուղատնտեսի կողմից իրականացվել են պրակտիկ դասընթացներ`տնկիների ճիշտ մշակման վերաբերյալ:

Կիրանց, Նավուր, Գոշ, Գանձաքար, Արծվաբերդ, Կողբ համայնքներում հիմնադրամի կողմից կառուցված փոքր մինի-ֆերմաներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Այժմ գրեթե բոլոր փոքր ֆերմաներն ունեն հարդանոց, որտեղ կարող են պահեստավորել անասնակերը:

Ընթացիկ տարում ընդլայնվել է կաթնամթերքի արտադրամասը և համալրվել նոր սարքավորումներով՝ նպաստելով հիգիենայի կանոնների առավել պահպանմանը: Արտադրամասի աշխատակիցներին իր մասնագիտական փորձառությունն է փոխանցում ֆրանսիացի պանրագործ Պատրիկ Ֆրանժինը, ով պարբերաբար այցելում է Հայաստան: 2019թ.–ին նախատեսվում է նաև այլ ֆրանսիացի փորձագետների այց` նոր պանրատեսակներ ստանալու համար: Լուսաձորում արտադրվող կաթնամթերքը վաճառվում է Իջևանի և Երևանի ֆիրմային խանութներում, սուպերմարկետում, ինչպես նաև Մոսկվայի մեծածախ առևտրի կենտրոններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter