HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառքի գործով ԱԱԾ-ին հաղորդում տված քաղաքացին հրաժարվում է քննիչ Միքայել Զադոյանի դեմ տված իր նախաքննական ցուցմունքներից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր շարունակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Գասպարյանը, հիշեցնենք, վերջին երկու դատական նիստերի ընթացքում  ցուցմունք է տվել, հրապարակվել են նաև նրա նախաքննական ցուցմունքները՝ նկատի ունենալով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան:

Այսօր Բաբկեն Գասպարյանը պարզաբանումներ էր տալիս ցուցմունքներում եղած  այդ հակասությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Բաբկեն Գասպարյանը ԱԱԾ-ին հայտնել է, որ որդու մասնակցությամբ գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում:

Հաղորդումից հետո ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց ինքը՝ Գասպարյանը, որդու գործով քննիչ Միքայել Զադոյանը, փաստաբան Գայանե Գալոյանն ու Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի արդեն նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, որի վերաբերյալ գործը քննվում է անջատված՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի վարույթում:

Ըստ գործի նյութերի՝ Բաբկեն Գասպարյանի որդուն՝  Սոս Գասպարյանին, վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, և որդին նման պայմաններում պետք է ազատ արձակվեր, ինչը, սակայն չի արվել:

Հաղորդում տալուց հետո ԱԱԾ-ն Գասպարյանի մասնակցությամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացրել. Գասպարյանն այցելել է Գայանե Գալոյանի աշխատասենյակ, ինչպես նաև հանդիպել Միքայել Զադոյանին ու որդու գործի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել վերջիններից, և այս ամենը տեսանկարահանվել է:

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արա Մնացականյանը մեջբերեց Գասպարյանի նախաքննական ցուցմունքներից կոնկրետ հատվածներ, որոնք, ըստ նրա, հակասում են դատարանում տված ցուցմունքներին:

Մասնավորարպես՝ նախաքննական ցուցմունքներից մեկում Բաբկեն Գասպարյանն ասում է, որ երբ այցելել է քննիչ Միքայել Զադոյանին, նրան ասել է, որ իր մոտ 3000 ԱՄՆ դոլար գումար կա և առաջարկել գումարը տալ նրան, որպեսզի որդուն ավելի մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրվի, ու նա ազատ արձակվի։ Դրան, ըստ ցուցմունքի, քննիչը չի առարկել, ապա ասել է, որ գնում է կանչելու քննչական բաժնի պետի տեղակալին, դուրս է եկել սենյակից ու քիչ հետո վերադարձել, շուտով Զադոյանի աշխատասենյակ է եկել նաև տեղակալը եւ Բաբկեն Գասպարյանին ասել է, որ օրենքի շրջանակներում կօգնեն որդուն:

Դատարանում, սակայն, Բաբկեն Գասպարյանն ասել է, թե 3000 ԱՄՆ դոլար գումարը վերցրել ու գնացել է քննիչի մոտ, բայց Զադոյանը կարծես թե չի էլ լսել առաջարկը, որևէ կերպ չի արձագանքել դրան:

Հակասության վերաբերյալ պարզաբանում տալիս Բաբկեն Գասպարյանը պնդեց, որ Զադոյանից արձագանք չի ստացել, ապա շարունակելով՝ ասաց, որ հաղորդում տալիս ինքը չի գիտակցել իր գրած յուրաքանչյուր բառի իրավական նշանակությունը:

Մեղադրողի հարցին՝ եթե Միքայել Զադոյանը չէր լսել գումարի վերաբերյալ իր առաջարկն, ինչո՞ւ էր գնացել Քննչական բաժնի տեղակալին՝ Բունիաթ Եղիազարյանին կանչելու, Գասպարյանը պատասխանեց, որ Զադոյանը ցանկացել է սենյակից դուրս գալ, սակայն երբ աշխատասենյակի դուռը բացել է, Եղիազարյանը դռան մոտ է եղել, հավանաբար եկել էր շրջայց կատարելու:

Դատախազն ընթերցեց Գասպարյանի նախաքննական մեկ այլ ցուցմունքից հատված, որում Գասպարյանն ասում է, որ երբ տղայի գործով հանդիպել է փաստաբան Գայանե Գալոյանի հետ, վերջինս ասել է, որ գնում է  քննչական բաժին՝ «տղաներին տեսնելու, նրանց հետո խոսելու»: Ապա, ըստ նախաքննական ցուցմունքի, վերադառնալով՝ Գայանե Գալոյանն ասել է, որ տղաներին տեսել է, ինքը դառնում է Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի պաշտպանը, ինչպես նաև նշել, որ տղաները գործի համար պահանջում են 3000 ԱՄՆ դոլար գումար: Դատարանում, սակայն, Գասպարյանը նշել է, որ Գալոյանն իրեն չի ասել, թե ում հետ է զրուցել: Այս հակասության վերաբերյալ ևս Գասպարյանը պնդեց այն, ինչ ասել է դատարանում:

Մեղադրողը շարունակեց ընթերցել Գասպարյանի նախաքննական ցուցմունքը, որում վերջինս գրել է, որ երբ Գայանե Գալոյանն ասել էլ, թե գործի համար 3000 դոլար են ուզում, ինքը հասկացել է, թե Քննչական բաժնում համաձայնության են եկել իր նշած գումարի շուրջ: Ապա հարցրեց, թե նման պայմաններում Գասպարյանը շարունակո՞ւմ է պնդել, որ քննիչ Միքայել Զադոյանը, հավանաբար, չի լսել գումար տալու վերաբերյալ իր առաջարկը: Գասպարյանը պնդեց, որ Զադոյանն իր առաջարկին չի արձագանքել, նախաքննական ցուցմունքում արտահայտած իր մտքերը ենթադրություններ են:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Գասպարյանը նշել է, որ քննչականին գումար է տրվել, սակայն դատարանում հրաժարվեց իր այս ցուցմունքից ու պնդեց,  թե չգիտի՝ գումարն ում է տրվել:

Գասպարյանն իր խոսքում նշեց, որ ինքը վիրավորված է քննիչ Միքայել Զադոյանից, որ որդու արարքն ի սկզբանե ճիշտ չեն որակել, որով, ըստ էության, չեն կատարել իրենց լիազորությունները:

Գայանե Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը հարցրեց, թե արդյոք այս գործի հիմքում ընկած չէ Գասպարյանի՝ վիրավորված լինելու հանգամանքը։ Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ, շարունակելով, հստակեցրեց, թե հնարավո՞ր է, որ Բաբկեն Գասպարյանը Գայանե Գալոյանին ևս գումար չի տվել, ինչին ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ դա բացառվում է, պնդեց, որ ինքը 3000 ԱՄՆ դոլար գումարը տվել է Գալոյանին:

Պաշտպան Անժելա Հոբոսյանի հարցին՝  Բաբկեն Գասպարյանը Գայանե Գալոյանին հանդիպելիս՝ մինչ վերջինիս քննչական բաժին գնալը, նրան ասե՞լ է, որ իր մոտ գումար կա, Գասպարյանը պատասխանեց, որ Գալոյանին այդ ժամանակ գումարի մասին չի ասել:

Քննիչ Միքայել Զադոյանի պաշտպաններից Սիմոն Ամիրխանյանը հիշեցրեց գործում առկա գաղտնի տեսանկարահանման մասին այն ժամանակ, երբ Գասպարյանն այցելել էր Միքայել Զադոյանին՝ գործի վերաբերյալ խոսելու: Պաշտպանը հարց ուղղեց՝ եթե Գասպարյանը Զադոյանին կաշառք էր առաջարկել, ինչո՞ւ  նրա հետ հանդիպման ժամանակ այդ գումարի մասին չի խոսել:  Ամիրխանյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ գաղտնի արվող տեսանկարահանման, այսինքն՝  ԱԱԾ-ի կողմից իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառման ժամանակ Գասպարյանն ուղղորդվել է ԱԱԾ-ի կողմից, հետևաբար, նրան կաշառք առաջարկած լինելու պարագայում, ենթադրվում է, որ պետք է դրա մասին խոսակցություն սկսեր:

Ի պատասխան՝ Գասպարյանը կրկնեց այն, ինչ ասել էր դատարանում. ինքը խոսել է գումարի մասին, բայց Զադոյանը չի արձագանքել:

Դատավոր Մեսրոպ Մակյանը Գասպարյանին հարց ուղղեց՝ այժմ, ըստ իրեն, Զադոյանին հասե՞լ է այն գումարը, որն ինքն, իր պնդմամբ, տվել է Գայանե Գալոյանին։ Ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ հաստատ համոզված չէ, թե հասել է: Դատավորի հարցին՝ եթե համոզված չէ, որ Զադոյանը գումար է վերցրել, ինչո՞ւ է  ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տեսագրության մեջ Գալոյանին փորձում տանել քննիչ Զադոյանի մոտ՝ վերջինիս հետ զրուցելու Գասպարյանը պատասխանեց, թե որդու գործով քննիչը Զադոյանն էր:

Փաստաբան Գայանե Գալոյանն այսօր ևս կարճ ցուցմունք տվեց և հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին:

Գալոյանը կասկած հայտնեց, որ Բաբկեն Գասպարյանն ու վերջինիս ընտանիքի անդամները վրեժխնդրությունից դրդված են իր դեմ ցուցմունքներ տվել:

«Բաբկեն Գասպարյանն ինձ գումար չի առաջարկել, ես գումար չեմ վերցրել, որևէ մեկին գումար չեմ փոխանցել, ո'չ խորհուրդ եմ տվել, որ ինքը տա և ո'չ էլ առաջարկել եմ իմ միջոցով փոխանցել: Գումարային հարցով իմ միակ խորհուրդն իրեն եղել է այն, որ փոխհատուցի տուժողներին պատճառված վնասը: Ես ընկալում եմ, որ ինքն այդ գումարն ի նկատի ունի»,- հայտարարեց Գալոյանը:

Վերջինս նշեց, որ Սոս Գասպարյանի արարքն, ըստ Բաբկեն Գասպարյանի նկարագրածի, կլասիկ 112-րդ հոդված է եղել, այսինքն՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելն, ուստի արարքի վերաորակման հարց ի սկզբանե չի առաջացել: Վերաորակման հարցն, ըստ Գալոյանի, առաջ է քաշվել այն ժամանակ, երբ Սոս Գասպարյանն արդեն առերեսվել է տուժողների հետ:

Ըստ Գայանե Գալոյանի՝ որդու գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Բաբկեն Գասպարյանն անընդհատ այցելել է իր փատաբանական գրասենյակ, շարունակ բոլորի հետ խոսել ու ներկայացրել  իր որդու պատմությունը: Ըստ Գալոյանի՝ եթե Բաբկեն Գասպարյանը որդու գործի համար կաշառք տված լիներ, ապա դրա մասին բոլորը պիտի իմացած լինեին, որովհետև նա մարդկային այն տեսակը չէ, որ լռեր:

«Ես ամեն անգամ հարց եմ տվել՝ ի՞նչ ես ինձնից ուզում, և ոչ մի անգամ նա չի ասել՝ փող եմ տվել, փողս հետ տուր»,- նշեց Գայանե Գալոյանը:

Մեղադրողն ընթերցեց Գալոյանի աշխատասենյակում իրականացված ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված տեսագրությունից մի հատված, որտեղ Գալոյանը, պատասխանելով Բաբկեն Գասպարյանի հարցին այն մասին, թե ինչո՞ւ է ինքը տվել 3000 դոլարը, Գալոյանը պատասխանում է, որ տվել է, որպեսզի Գասպարյանի մյուս որդուն էլ չտանեն (նշենք, որ Սոս Գասպարյանի մասնակցությամբ միջադեպի ժամանակ նա եղել է եղբոր հետ-հեղ): ՄԵղադրողը հարց ուղղեց՝ եթե Գասպարյանը Գալոյանին գումար չի տվել, ինչո՞ւ է արել վերը նշված արտահայտությունը, սակայն Գալոյանն այդ հարցին չպատախանեց: Վերջինս նշեց, որ հրաժարվում է հարցերի պատասխանել:

Գալոյանի հարցաքննությունից հետո Միքայել Զադոյանի պաշտպանները միջնորդեցին նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել 2 մլն դրամ գրավով կամ գրավի այլ չափով, որը ողջամիտ կհամարի դատարանը:

Նշենք, որ գործի քննության ընթացքում արդեն երկու անգամ Զադոյանի խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցով փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժել է: Միջնորդությունը մերժելու վերջին որոշման մեջ, ըստ Հրանտ Անանյանի, դատարանը նշել էր, որ դեռևս չի հարցաքննվել գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը, ուստի դատարանը գտել էր, որ դեռևս առկա է նրա նկատմամբ անօրինական ազդեցություն գործելու վտանգը:

Այսօր, փաստորեն, Բաբկեն Գասպարյանի հարցաքննությունն ավարտվել է։ Ըստ Հրանտ Անանյանի՝ թեև ի սկզբանե էլ Զադոյանին կալանավորելու հիմք չի եղել, բայց եթե տեսականորեն ընդունենք, որ նման հիմք եղել է, ապա վտանգը, որի համար նա պահվում էր կալանքի տակ,  այլևս չկա: Հրանտ Անանյանը բացառեց նաև, որ Զադոյանը փախուստի կդիմի և հիշեցրեց, որ նա ինքնակամ է ներկայացել դատարան՝ կալանքի հարցի քննության ժամանակ և հենց դատարանի դահլիճից էլ կալանավորվել է:

Մեղադրող դատախազն առարկեց գրավի միջնորդության դեմ: Վերջինս նշեց, որ նկատի ունենալով Զադոյանին վերագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը՝ հանգամանքը, որ Զադոյանին վերագրվում է այնպիսի արարք, որի համար բացառապես ազատազրկման ձևով պատիժ է սահմանված, գտնում է, որ չի վերացել ռիսկը, որ Զադոյանը կարող է թաքնվել և այսպիսով հնարավոր մեղադրական դատավճռի դեպքում վճռի կատարման անհնարինություն է առաջացնել:

Դատարանը մերժեց Զադոյանին գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը 2019թ.-ի հունվարի 12-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter