HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային միացյալ կուսակցություն-1974. ՊԱԿ-ի զոհը` Ռուբեն Խաչատրյան

սկիզբը

Ըստ էության, որպես ՊԱԿ-ի զոհ կարելի է ներկայացնել շատերին: Երեւի այս կազմակերպության կողմից բոլոր կալանավորվածներն ու հետապնդվածներն էլ ինչ-որ իմաստով զոհեր են: Եղել են մարդիկ, ովքեր զոհվել են բառի ամենաիսկական իմաստով, երբ գտնվել են ՊԱԿ-ի մեկուսարանում կամ կալանավայրերում: Ռուբեն Խաչատրյանը զոհերի այս շարքում տարբերվում է մյուսներից: Կյանքից հեռանալիս նա չի գտնվել ոչ ՊԱԿ-ի մեկուսարանում եւ ոչ էլ կալանավայրում: Նա կյանքից հեռացել է իր տանը եւ իր կամքով: Բայց նրա ապրած կյանքը, նախաքննության ընթացքում նրա հետ ողջ կատարվածը, նրա հետագա ճակատագիրը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այս մարդու նկատմամբ ավելի քան դաժան են վարվել: Ի՞նչ է կատարվել իրականում, ինչպե՞ս են կարողացել ՊԱԿ-ի աշխատակիցները նրա ունեցած առողջական խնդիրն օգտագործել իր ու իր ընկերների դեմ, ունեցե՞լ է արդյոք նա առողջական խնդիր, թե՞ այն ձեռք է բերել ՊԱԿ-ի մեկուսարանում, մեզ հայտնի չէ: Բայց, որ նկատելի առողջական խնդիրներ չունեցող մարդը կալանավորվելուց անմիջապես հետո, լուրջ հոգեկան խանգարումով մարդ է դարձել` հաստատ է: Նրա պատմությունն էապես տարբերվում է մյուսներից:

Ռուբեն Լյուդվիգի Խաչատրյանը ծնվել է 1937 թ., Արթիկի շրջանի Լուսակերտ գյուղում: Մինչեւ ձերբակալվելը Երեւանում տրոլեյբուսի վարորդ է աշխատել: Այլախոհական գործունեությամբ սկսել է զբաղվել 60-ականների կեսերից: Մինչեւ 60-ականների վերջերը տարված է եղել ժամանակի ոգուն բնորոշ հողային պահանջներով ու հայրենասիրությամբ` Ղարաբաղ, Նախիջեւան, Ցեղասպանության խնդիր, լեզվի մաքրություն:  Առնչվել է այդ շրջանում ընդհատակյա գործող կազմակերպությունների ու առանձին գործող այլախոհների հետ: Կապեր է ունեցել «Հանուն Հայրենիքի» ամսագիրը հրատարակող խմբակի անդամների, Հայաստանի վերամիավորման միության անդամներ Վալտեր Մելիքյանի ու Յուրա Բուդաղյանի հետ: Երկար տարիներ համագործակցել է Բագրատ Շահվերդյանի հետ: 1960-ականների վերջերին նրա մեջ հասունացել է անկախության գաղափարը: 70-ականների սկզբին կապեր է հաստատել Ազգային միացյալ կուսակցության հետ: Դարձել է այդ կուսակցության անդամ: Ակտիվորեն մասնակցել է 1973 թ. ԱՄԿ-ի ծավալած գործունեությանը: Ձերբակալվել է Բագրատ Շահվերդյանի դատավարության օրը` 1973 թ. դեկտեմբերի 10-ին: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Դատապարտվել է 2 տարի վեց ամիս ազատազրկման: Նախաքննության փուլում, ինչպես նաեւ հետագայում` ինքնասպանության փորձեր է կատարել: Նրա հետ առնչվող մարդիկ պնդում են, որ ձերբակալությունից հետո նա եղել է դեղերի կամ նման կարգի այլ ազդեցության տակ, ինչի հետեւանքով նրա հոգեկան վիճակը խաթարվել է: Դատավճռի կայացումից հետո, անհասկանալի պատճառով քաղբանտարկյալների համար նախատեսված կալանավայր ուղարկելու փոխարեն, նրան տանում են Կապան եւ միայն ամիսներ անց տեղափոխում Մորդովիա` քաղաքական բանտարկյալների համար նախատեսված կալանավայր: Նախաքննության փուլում ՊԱԿ-ի մեկուսարանում կասկածելի բժշկական միջամտությունը, դրան հաջորդած ազատազրկումը, էտապը, բանտային ու գաղութային ծանր պայմանները, բժշկական օգնության իսպառ բացակայությունը պատճառ են դառնում նրա հոգեկան վիճակի էլ ավելի խաթարման: Ժամանակ անց, արդեն լուրջ առողջական խնդիրներ ունեցող Խաչատրյանին վաղաժամ ազատ են արձակում: 1994-ին նա ինքնասպանություն է գործում Երեւանի իր բնակարանում:

Պատմում է Ռուբեն Խաչատրյանի կինը` Տիգրանուհին

Ռուբենի ձերբակալությունը մեզ համար անակնկալ էր: Տանը նստած հաց էինք ուտում, դուռը զանգեցին, ես բացեցի: Ներս մտան եւ հայտարարեցին, որ մեր տունը պետք է խուզարկեն: Ես, իհարկե, տեղյակ  էի, թե ինչով է զբաղվում Ռուբիկը, բայց միեւնույն է`խուզարկության ու ձերբակալության փաստն անակնկալ էր: Ռուբիկին տարան ՊԱԿ-ի մեկուսարան: Ամեն ամիս նրան հանձնուք էինք տանում: Որեւէ նեղություն հատուկ ծառայությունները մեզ չեն պատճառել: Որեւէ վատ բան չեմ տեսել կամ զգացել: Քննիչը մի շատ խելոք ու լավ մարդ էր:

Մեզ տեսակցություններ էր տրամադրում: Անգամ պատրաստակամություն հայտնեց Ռուբիկին իր ծնողների հետ տեսակցություն տրամադրել: Ես այդ քննիչից շատ գոհ եմ: Ինչքան գնում էի, ինքն էր ներքեւ իջնում ու ինձանից վերցնում հանձնուքը: Տեսակցությունների ժամանակ Ռուբիկը բան չէր խոսում: Միայն ասում էր, որ չմտածեմ, ամեն ինչ լավ է լինելու: Ե՛վ Ռուբիկի, ե՛ւ Շահվերդյան Բագրատի, ե՛ւ Պարույր Հայրիկյանի դատավարություններին ես ներգրավված եմ եղել որպես վկա: Բնական է, որ դատարանում ասում էի` ոչնչից տեղյակ չեմ: Բացատրում էի, որ` այո, գիտեմ նրանց, այցելել են մեր տուն, բայց ես նրանց ընդամենը հյուրասիրել եմ, ավել ոչինչ, իսկ թե ինչով են նրանք զբաղվել` տեղյակ չեմ:

Ռուբիկին տվեցին երկու տարի վեց ամիս եւ տեղափոխեցին Կապան: Այնտեղ ընտանիքով տեսակցության ենք գնացել նրան: Մի քանի ամիս անց տեղափոխեցին Մորդովիա, որտեղ մնաց մեկ տարի ութ ամիս: Այդ ողջ ընթացքում մենք տեսակցության չգնացինք: Մի օր էլ Պետական անվտանգության կոմիտեից զանգահարեցին մեզ, կանչեցին իրենց մոտ եւ ասացին` պետք է դիմում-խնդրագիր գրեք, որ Ռուբիկին վաղակետ ազատ արձակեն: Հենց իրենք էլ թելադրեցին դիմումի բովանդակությունը: Շեշտը հիմնականում պետք է դրվեր իմ վատառողջ լինելու վրա: Պահանջվող դիմումը գրեցինք ամուսնուս եղբոր հետ: Ոչնչից տեղյակ չէինք: Հետո պարզվեց, որ Ռուբիկն արդեն շատ վատ է:

Նրան սրսկել են: Մինչեւ այդ սրսկումը շատ են չարչարել: Նա ցույց էր տալիս իր ծոծրակի ու ուսի միացման հատվածն ու ասում, որ այդտեղից են սրսկել: Մի օր` հերթական անգամ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ տանը ոչ ոք չկար, երկուսով զրուցում էինք, ասաց. «Երբ ինձ սրսկեցին, բիբերս լայնացան: Սենյակի պատին կախված հայելու մեջ նայեցի ինձ ու սարսափով տեսա, որ բիբերս լայնացած են: Կարծես ուշաթափվեցի: Երեւի 15-20 րոպե ոչինչ չեմ զգացել: Երբ աչքերս բացեցի, տանում էին ինձ: Լավ հիշում եմ` սենյակների շարք էր ու մերկ ոտքեր: Աչքիս առաջ ծնողներս էին ու դուք` ընտանիքիս անդամները, մեռած պառկած»:

Պատմում է Ռուբեն Խաչատրյանի դուստրը` Գոհարը

Երկժամյա տեսակցության գնացինք Կապան` ուղղաթիռով: Այդ ժամանակ հայրիկն արդեն շատ վատ էր: Ես փոքր էի, բայց լավ հիշում եմ: Հիշում եմ, հայրիկը երեւաց վանդակաճաղերի հետեւից: Շատ զայրացած տեսք ուներ: Ձեռքերը հետեւում կապած էին: Երեւի չէր ցանկանում, որ մենք այդ վիճակում տեսնենք իրեն: Գոռոցով պահանջեց, որ հետ տանեն իրեն: Երեւի կալանավայրի աշխատակիցներն էլ հասկացան վիճակի անհեթեթությունը եւ ձեռքերն արձակեցին: Այնուհետեւ հայրիկը զայրացավ հորեղբորս վրա` ասելով. «Ինչու՞ ես երեխաներին բերել»: Առաջին անգամ այնտեղ ինձ անծանոթ ու շեղված բան տեսա նրա հայացքում: Ինչ արել են նրա հետ, արել են այստեղ` Երեւանում, ՊԱԿ-ի մեկուսարանում: Շատ խորթ էր, մի տեսակ չարացած: Մեզ` ինձ ու եղբորս, այդ օրը չսիրեց, չգուրգուրեց: Միայն համբուրեց երկուսիս ճակատը: Մենք լացում էինք, չէինք ցանկանում բաժանվել: Հորեղբայրս դժվարությամբ դուրս հանեց մեզ: Հայրիկիս հայացքը կյանքում չեմ մոռանա: Մինչեւ ձերբակալվելը նրա դեմքին մշտապես բարի ժպիտ էր, իսկ այնտեղ ահավոր հայացք ուներ:

…Բոլորի համար էլ պարզ էր, որ իրենք հիվանդացրին հայրիկին եւ ավելորդ գլխացավանքներ չունենալու համար որոշեցին ժամկետից շուտ ազատ արձակել:

Շատ լավ եմ հիշում հայրիկի վերադարձը: Տանը ես ու եղբայրս` Աղասն էինք: Դուռը ծեծեց ու ինքն էլ բացեց: Երկար անձրեւանոցով, լայնեզր գլխարկով ներս մտավ, ձեռքերը լայն բացեց ու անձայն լաց եղավ: Բոլորովին այլ մարդ էր: Կապանի հետ համեմատության եզր անգամ չկար: Ընդհանրապես նա փոփոխական էր: Ազատ արձակվելուց հետո էլ էր փոխվում: Տարիներ շարունակ, ժամանակ առ ժամանակ պառկում էր հոգեբուժարանում, ստանում համապատասխան բուժումներ ու տուն վերադառնում: Հիշում եմ` հիվանդության սրացումներից մեկի ժամանակ տանը հայրիկի հետ ոչ ոք չկար, ինձանից ու եղբորիցս բացի: Նա դուրս հանեց մեզ հյուրասենյակից ու դուռը փակեց: Դռան ապակիների հետեւից նայում էինք իրեն: «Դե, եկե՛ք,- գոռում էր,- դե, հիմա եկեք ու ինձ հետ խոսեք: Հեշտ էր, հա՞, ձեռքերս բռնած ինձ հարցաքննելը»: Քայլում էր հյուրասենյակում ու բարձր խոսում: Սրացումն անցնելուց հետո, մեր հարցին ի պատասխան ասաց, որ աչքին երեւում են ժամանակին իրեն հարցաքննողները: Ինքը շատ էր ընկճվում` հիշելով այդ հարցաքննությունները: Ասում էր, որ իր նկատմամբ շատ դաժան են եղել: Բայց նաեւ ասում էր, որ պահանջվող ցուցմունքներ չի տվել: Տանն առանձին սենյակ ուներ: Պատերին իր ընկերների նկարներն էին:

Հաճախ էր ինքնասպանության փորձ անում: Մենք զգույշ էինք: Ամեն կերպ փորձում էինք ետ կանգնեցնել նման մտքից: Ինձ հետ անկեղծանում էր: Ասում էր, որ վախենում է մեզ համար: Ասում էր` իր հետ կապված կարող են վնասել մեզ, իսկ եթե ինքը չլինի` մեզ այլեւս վնաս չեն տա: Ասում էր, որ իր համար մահից ավելի ծանր է լինելու, եթե իր պատճառով մենք վնասվենք: Փաստորեն, նա անընդհատ փորձում էր իր մահով` իր պատկերացրած վտանգից մեզ փրկել:

1994 թվականի ձմեռն էր, աղջիկս նոր էր ծնվել: Այդ օրը շատ ձյուն եկավ: Առաջին ձյունն էր: Ծանր ժամանակներ էին, ցուրտ էր, վառելիք չկար: Զանգահարեց հայրիկն ու հարցրեց` կարո՞ղ եմ երկար խոսել իր հետ: Աղջիկս լացում էր, ասացի` այս պահին չեմ կարող, բայց կես ժամից կզանգահարեմ: «Լավ,- ասաց,- կես ժամից զանգահարիր, բայց բոլոր դեպքերում դու քեզ լավ պահիր, դու որ լավ լինես` իմ խիղճը հանգիստ կլինի»: Ասաց, հաջողություն մաղթեց ու անջատեց: Մեկ ժամից զանգահարեցի` հայրիկն արդեն չկար: Կախվել էր խոհանոցում: Գրություն էր թողել: Գրել էր, որ ինքնասպանության վճիռն ինքն է կայացրել, նաեւ` որ սիրել է իր ընտանիքը եւ հայրենիքը, ազնվորեն նվիրվել է հայրենիքին:

Պատմում է Քաջիկ Սահակյանի կինը` Սվետան

Շատ եմ ափսոսում, որ Ռուբենի հետ հետագայում ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես որ պետք է լիներ: Այդպես էլ շատ բան անհայտ մնաց: Ոչ ոք իրավունք չունի դատելու: Բոլորը չէ, որ կարող էին դիմանալ իրենց բաժին ընկած փորձություններին: Այսօր Ռուբենը ժառանգներ ունի, եւ ես նրա մասին խոսելիս առաջին հերթին նրանց մասին եմ մտածում: Նա դեռ նախաքննության փուլում էր փորձել ինքնասպան լինել: Հետագայում ինքնասպանությամբ էլ հեռացավ կյանքից: Մինչեւ ձերբակալվելը բոլորս շատ հարգում էինք նրան: Նրա տանն էինք միջոցառումներ անցկացնում:

Պատմում է Բագրատ Շահվերդյանը

Ռուբենն իր գործունեությունն սկսել էր դեռ 60-ականների սկզբներից: Մինչեւ 60-ականների վերջերը նա տարված էր 60-ականներին բնորոշ հայրենասիրությամբ` Ղարաբաղ, Նախիջեւան, Եղեռն: Սակայն, 60-ականների վերջերին քաղաքականացավ: Հետագայում հարեց ԱՄԿ-ին: Նրա գործունեությունը սկսեց կրել ընդգծված հակասովետական ու անկախական բնույթ:

Շատ պինդ ու իր գաղափարներին նվիրված մարդ էր, եւ չափից ավելի կասկածելի է ձերբակալվելուց հետո նրա պահվածքը: Այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ նախաքննության փուլում, ինձ համար անհայտ ու անհասկանալի է մնում: Նրա վրա ինչ-որ կերպ ազդել են: ՊԱԿ-ի մեկուսարանում ամեն ինչ էլ հնարավոր էր: Մենք շատ մտերիմ ենք եղել: Մի բան լավ հիշում եմ` նա սպիրտային խմիչքներ օգտագործելուց միշտ հրաժարվում էր: Ոչ թե չէր ցանկանում խմել, այլ գիտեր, որ չի կարելի իրեն: Խնդիր ուներ, որի մասին չէր խոսում: Կարծում եմ, իր ունեցած հենց այդ խնդիրն էլ Պետանվտանգության կոմիտեի մեկուսարանում օգտագործեցին:

Նա հաստատ գտնվել է ինչ-որ դեղերի կամ այլ միջամտության ազդեցության տակ: Երեւի եղածներից ամենահեշտը նրա վրա է հնարավոր եղել այդպես ազդել: Այսօր ես շատ եմ ցավում, որ ժամանակին` իմ ազատ արձակվելուց հետո, չհանդիպեցի նրան, չփորձեցի ինչ-որ կերպ աջակցել, գոտեպնդել: Նա, փաստորեն, ազատ արձակվելուց հետո իրեն տանջող խնդիրների հետ մեն-մենակ մնաց: Եթե հանդիպեինք, երեւի ամեն ինչ այնպես չդասավորվեր, ինչպես դասավորվեց: Հիմա սրա մասին խոսելն արդեն ուշ է: Ես նրա հետ կապված միայն լավ հիշողություններ ունեմ:

Պատմում է Անահիտ Կարապետյանը

Ռուբենին մենք շատ էինք հավանում: Բագրատ Շահվերդյանն ու Ռուբեն Խաչատրյանն էին մեր ղեկավարները: Ինքն է ինձ ծանոթացրել Քաջիկ Սահակյանի հետ: Տրոլեյբուսի վարորդ էր: Մենք պայմանավորվում էինք, թե որ կանգառում ու որ ժամին ես պետք է տրոլեյբուս բարձրանամ, որպեսզի փոխանցվելիք բաները փոխանցի ինձ, կամ ես` իրեն, եւ ասի, թե էլ ինչ պետք է անենք: Ինձ համար շոկ էր, երբ ՊԱԿ-ի մեկուսարանում` խցի պատը հատուկ նշանաբանով ծեծելու միջոցով Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց ինձ, թե Ռուբենը դավաճան է: Մինչեւ հիմա էլ չեմ կարողանում այս մտքին համակերպվել:

Պատմում է Պարույր Հայրիկյանը

(Այս հուշը վերցված է Նորայր Խանզադյանի «Ազգային միացյալ կուսակցություն- Ինքնորոշում միավորում (ԱՄԿ-ԱԻՄ) համառոտ պատմություն, Մաս Բ» գրքույկից):

Ռուբենը հին ԱՄԿ-ականներից էր, եւ ես համոզված էի, որ կդիմանա փորձություններին: Բայց առերես հարցաքննության ժամանակ իմ դիմաց մեկ այլ մարդ էր կանգնած: Նա չէր հասկանում, որ մատնում է ինձ ու ցուցմունքներ է տալիս, որոնք ինձ կրկին կալանավորելու միակ հիմքը դարձան: Ես որոշել էի` թեկուզ չեկիստների ներկայությամբ պատժել նրան, թող զարմանալի չթվա` նույնիսկ սպանել նոկաուտ անելով: Ռուբենն ինձ համար պարզ մատնիչ չէր: Մենք զգացել, տեսել ու համոզվել էինք, որ գտել ենք կոմունիստական կայսրությունից մեր ժողովրդին ազատագրելու, մեր հայրենիքի փրկության ճանապարհը:

Ռուբենն ինձ համար ոչ թե մի քանի ընկերների կործանվելուն նպաստած թուլամորթ մատնիչ էր, այլ Հայաստանի ազատագրման հակառակորդ: Եվ հրաժեշտ տալու պահին, երբ ես որոշում էի, թե ինչպես մեր միջեւ կանգնած չեկիստների արանքից նրան այդ մահացու հարվածը պիտի հասցնեմ, նա այնպիսի ջերմությամբ ու խանդավառությամբ նետվեց ինձ գրկելու, հրաժեշտ տալու, որ կարկամեցի. հազիվ կարողացա ասել` խիստ դժգոհ եմ քեզանից, բայց Աստված քեզ հետ:

Ռուբենն այնպես այլայլվեց, կարծես իրականությանը չհամապատասխանող, սխալ մի բան եմ ասել իրեն: Ես երազներին չեմ հավատում, բայց մի արտառոց բան տեղի ունեցավ օրեր անց. երազումս ինձ մոտեցավ իր թոթովախոս մանկիկը ու աղերսագին նայելով աչքերիս` ասաց` Պարույր հոբար, պապաս լավն է: Ես փորձեցի խուսափել երեխայից, բայց նա շարունակում էր` Պարույր հոբար, պապաս լավն է: Այդ երազից մեկ-երկու օր առաջ ՊԱԿ-ի բանտում տեղեկացել էի, որ Ռուբեն Խաչատրյանի մասնաճյուղից 7-ական ամիսների ազատազրկման են դատապարտվել Ֆիրդուսն ու Գարեգինը, երկու տարվա` Անահիտ Կարապետյանը եւ երեք ու կես տարվա` անկոտրում Քաջիկ Սահակյանը, իսկ ինքը` Ռուբենը, երկու ու կես տարվա:

Բանտի լուսամուտից Ռազմիկ Մարկոսյանի օգնությամբ նրան ձայն տվեցի եւ արհամարհելով լուռ մնալու բանտային պահանջները` իրեն ուղղեցի ինձ հայտնի աշխարհի ամենավատ խոսքերը, կոչեցի «դավաճան, մատնիչ» ու սպառնացի` աղոթիր, որ երբեւէ ինձ չհանդիպես: Խցընկերը հետո պատմել էր մի այլ կալանավորի, որից էլ տեղեկացա, որ իմ այդ մոլեգնումից հետո նա զարմացած խոսում է ինքն իրեն. «Պարույրն էս ի՞նչ է ասում, ես ինչպե՞ս դավաճան… բայց՝ հա՛, իհարկե, իհարկե, ես մատնել եմ իրեն: Բայց էս ի՞նչ բան է. ես կարծես քնից եմ զարթնում»:

Հաջորդ օրը Ռուբենը փորձում է ինքնասպան լինել, բայց հսկիչները փրկում են: Նախ` խցում փորձում է կախվել, հետո երակներն է պատռում, հետո մեծ քանակությամբ ծխախոտ է կուլ տալիս… Ռուբենին կալանքից շուտ ազատ թողեցին, բայց ի վերջո` տարիներ անց ինքն այս աշխարհից հեռացավ ինքնասպանությամբ…

Ռուբեն Խաչատրյանի գործով կայացված դատավճիռը

(ԱԱԾ-ից վկաների ջնջված անուններով ստացված դատավճիռն այլ դատավճիռների ու մեր ձեռքի տակ եղած այլ փաստաթղթերի համադրությամբ փորձել ենք վերականգնել: Սակայն շատ վկաների անուններ մնացել են չլրացված):

                                                     ԴԱՏԱՎՃԻՌ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

                          1974 թ. հուլիսի 16-ին

                                               Նախագահությամբ`    Ն. Մանուկյանի

                                                     ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ` 1. Ռ. ԹԱՐԱԽՉՅԱՆ

  1. Օ. ԲՈՑԻՆՅԱՆ

                                        ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Շ. ՕԽԻԿՅԱՆ

                                  Մասնակցությամբ պետական մեղադրող

                                                                 ԴԱՏԱԽԱԶ` Գ. ՂԱՄԱՐՅԱՆ

                                                                  ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ` -

 

Քննության առնելով դատական դռնափակ նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի`

ՌՈՒԲԵՆ ԼՅՈՒԴՎԻԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ծնված 1937 թ. Հայկ. ՍՍՀ Արթիկի շրջանի Լուսակերտ գյուղում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, անկուսակցական, ամուսնացած, խնամքին երկու երեխաներ, մինչ կալանավորվելը աշխատել  է Երևանի  նո. 2 տրոլեյբուսային պարկում, որպես տրոլեյբուսի վարորդ, բնակվել է Երևան քաղաքի Վրացական փողոցի նո. 17 տանը բնակարան 30:

                           Մեղադրվում է քր. օրի 65 հ. 1մ. և 67 հոդվածով

Վկաների ցուցմունքներով, ամբաստանյալի բացատրություններով և իրեղեն ապացույցների զննմամբ դատական կոլեգիան հիմնավորված է համարում հետևյալը:

Ամբաստանյալ Խաչատրյանը 1966թ. հակասովետական հայացքներ ունեցող անձնավորությունների հետ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Նախիջևանի ինքնավար հանրապետության մասին ունեցած զրույցների ազդեցության տակ, ազգայնական հայացքներով է տրամադրվել:

Հետագայում, վերը հիշատակված հարցերի շուրջ, մտքեր փոխանակելով մեկ այլ գործով դատապարտված Բագրատ Շահվերդյանի ու Արարատ Թովմասյանի հետ, ամբաստանյալ  Խաչատրյանը որոշել է զբաղվել գաղտնի կազմակերպչական գործունեությամբ, որը ուղղված է եղել խմբակներ կազմակերպելուն հակասովետական, ազգային բովանդակությամբ նյութեր պատրաստելուն և այդպիսիք տարածելուն:

Իրականացնելով այդ մտադրությունը, ամբաստանյալ Խաչատրյանը 1967թ. հինգ-վեց անգամ մասնակցել է գաղտնի խմբի հավաքույթներին, որոնք տեղի են ունեցել քաղաքացի Ս-ի բնակարանում:

Այդ հավաքույթների ժամանակ, Խաչատրյանը և գաղտնի խմբի մյուս մասնակիցները ծանոթացել են հակասովետական բնույթ կրող նյութերի հետ, մտքեր են փոխանակել գաղտնի խմբեր կազմակերպելու, նրանց հակասովետական աշխատանքի երիտասարդներին ներգրավելու, թռուցիկներ պատրաստելու և այդպիսիք տարածելու մասին:

Բացի դրանից հավաքույթներում մտքեր են փոխանակել ազգային հարցի շուրջը, որի ընթացքում նրանք Ղարաբաղին և Նախիջևանին վերաբերող հարցը ազգայնական տեսանկյունով մեկնաբանելով՝ գտել են, որ խմբի գործունեությանը պետք է օժանդակի այդ տերիտորիաները Հայաստանին միացնելու գործում:

Գաղտնի խմբի հակասովետական գործունեությունը նյութապես ապահովելու նպատակով, ամբաստանյալ Խաչատրյանը հավաքել է խմբի մասնակիցներից անդամավճարներ և հանձնել իրենց ղեկավար, գործով վկա Մ-ին:

1968թ. սկզբներին, երբ գաղտնի խմբակներ կազմակերպելու համար ձերբակալվել են և դատի են տրվել Ասատուր Բաբայանը, Սարգիս Թորոսյանը և մյուսները, ամբաստանյալ Խաչատրյանը դադարել է գաղտնի խմբի հավաքույթներին մասնակցելուց:

Սակայն նա շարունակել է մինչև 1973թ. զբաղվել քաղաքականապես վտանգավոր, հրահրիչ բովանդակություն պարունակող ձեռագիր նյութերի և թռուցիկների տարածմանը:

Այսպես 1967թ. աշնանը, Երևանի Հանրապետական ստադիոնի մոտակայքում, հանդիպելով  գործով վկա Մ-ի հետ, ամբաստանյալ Խաչատրյանը նրանից ստացել է «կրկին ռուս-թուրքիական դիվանագիտության զոհասեղանին» վերնագրով թռուցիկի 50 օրինակներ ու այսպիսիք Երևանի Էրեբունի անվան փողոցի վրա գտնվող շենքի բնակիչների միջև տարածելու նպատակով, գցել է բնակարանների փոստարկղները:

Այդ թռուցիկները իրենց մեջ պարունակում են զրպարտիչ պնդումներ այն մասին, որ իբր սովետական կառավարությունը, շարունակելով Ցարական Ռուսաստանի քաղաքականությունը, ոտնահարում է հայ ժողովրդի ազգային զգացումները և իրավունքները:

Մեկ այլ գործով քր. օրի 65 հ. 1մ. դատապարտված Սարգիս Թորոսյանի ցուցումով, ամբաստանյալ Խաչատրյանը 1967թ. աշնանը լուսանկարչական եղանակով բազմացրել է «պայքար» ստորագրությամբ թռուցիկի 200-օրինակ, որից 190-օրինակ հանձնել է Սարգիս Թորոսյանին, իսկ 10-օրինակ տվել է Բագրատ Շահվերդյանին:

Այդ ֆոտոթռուցիները պատրաստվել է նկարի ձևով, ընդ որում յուրաքանչյուր նկար արտահայտել է սովետական պետական հասարակական կարգերը արատավորող, զրպարտչական բովանդակության և առանձին պատկերների տրվել է համապատասխան հակասովետական մեկնաբանություն:

1967թ. դեկտեմբերին և 1968թ. հունվար ամսին, ամբաստանյալ Խաչատրյանը անձամբ գրել է «Օրակարգ» և «Երդում» վերնագրերով հակասովետական բնույթ կրող երկու նյութ, որոնց մեջ շարադրվել է զրպարտիչ պնդումներ այն մասին, որ իբր սովետական միությունում իրականացվում է «սպիտակ ջարդի» քաղաքականություն և որ իբր Հայաստանը գտնվում է գաղութային կախման վիճակում: Բացի դրանից «Օրակարգ» վերնագիր ունեցող նյութը իր մեջ պարունակում է նաև Հայաստանը ՍՍՀՄ-ից անջատելու և, անկախ պետություն, ստեղծելու համար պայքար տանելու կոչ:

Նույն ժամանակաշրջանում (1968-1973թթ.) ամբաստանյալ Խաչատրյանը, հանցավոր կապ պահպանելով մեկ այլ գործով դատապարտված Բագրատ Շահվերդյանի հետ, վերջինիցս ստացել է հակասովետական, ազգայնական բնույթ կրող գրականություն ու այդպիսին տարածել գաղտնի խմբերի մասնակիցների միջև:

Այսպես նա, գործով վկա Բ-ի միջոցով տարբեր անձնավորությունների ծանոթացրել է հետևյալ հոդվածների հետ` «Հայաստանի միացյալ նախարարություններ, երազանք  և իրականություն», «Ամնիստիա, հումանիզմ, իրականություն», «հիշեցում հայրենասերներին», «մեր ձգտումները և նպատակը» «մեր պահանջները», «Արյան կոչ կամ գեների լեզու»:

Վերը հիշատակված հոդվածների մեջ պարունակված է զրպարտիչ հերհուրանքներ սովետական իրականության, ՍՄԿԿ-ի, սովետական կառավարության քաղաքականության մասին:

1970թ. ամբաստանյալ Խաչատրյանը վերսկսել է ակտիվ կերպով զբաղվել գաղտնի կազմակերպչական գործունեությամբ:

Այսպես, նշված թվականի գարնանից մինչև աշնանը նա մի քանի անգամ հադիպումներ է ունեցել, հակասովետական գործունեության համար դատապարտված Մելիքյանի և Բաբայանի հետ, որոնք հանդես են եկել որպես ազգայնական գաղտնի այլ խմբի ներկայացուցիչներ ու առաջարկել բանակցություններ վարել խմբերը միացնելու վերաբերյալ:

Այդ հանդիպումների ժամանակ ամբաստանյալ Խաչատրյանը վերը հիշատակված անձնավորություններին հանձնել է հինգ ձեռագիր նյութեր, որոնք իրենց մեջ պարունակում են սովետական պետական և հասարակական կարգերը արատավորող զրպարտչական հերհուրանքներ:

Այդ նյութերը Խաչատրյանը ստացել է Շահվերդյանից: Սույն ժամանակաշրջանում (1973թ. գարնանից մինչև աշնանը) ամբաստանյալ Խաչատրյանը հանձնել է Բագրատ Շահվերդյանին հինգ ձեռագիր նյութեր, որոնք ինքը ստացել էր Մելիքյանից և Յուրա Բուդաղյանից:

Այդ ձեռագիր նյութերը եղել են հետևյալ վերնագրերով` «դիտողություններ», «Մեր ձգտումները և նպատակը», «երկու խոսք» «Մեր կարծիքը» «մեր խնդիրները արդի էտապում»:

Նշված հոդվածները Մելիքյանի և Յուրա Բուդաղյանի կողմից գրվել է ի պատասխան Խաչատրյանից ստացած ձեռագիր նյութերի:

Վերը հիշատակված հոդվածներում կա զրպարտչական պնդում այն մասին, որ իբր սովետական կառավարությունը ոտնակոխ է անում հայ ժողովրդի ազգային զգացումները և իրավունքները:

Հակասովետական գործունեության համար Բագրատ Շահվերդյանի և Արարատ Թովմասյանի կալանավորելուց հետո, ամբաստանյալ Խաչատրյանը 1973թ. հոկտեմբեր ամսին մեկ այլ գործով կալանավորված Քաջիկ Սահակյանին ցուցում է տվել, որպեսզի վերջինս Երևան քաղաքի շենքերի պատերին և այլ վայրերում, այսպես կոչված «Ազգային միացյալ կուսակցության» անունից գրառումներ կատարի:

Նույն Քաջիկ Սահակյանին 1973թ.-ի նոյեմբեր ամսին ամբաստանյալ Խաչատրյանը առաջարկել է Բագրատ Շահվերդյանի գործով առաջիկա դատական պրոցեսի կապակցությամբ ֆոտոթռուցիկներ գրել:

Երբ Քաջիկ Սահակյանը պատրաստել է երկու թռուցիկների տեքստ ու ցույց տվել Խաչատրյանին, վերջինս հավանություն է տվել և առաջարկել բազմացնել այդպիսիք ու տարածել:

Սակայն այդ բանը նրանց չի հաջողվել իրականացնել, քանի որ թռուցիկները բազմացնելիս բռնվել են:

Նշված թռուցիկներում տեղ են գտել հակասովետական պնդումներ: Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Խաչատրյանը ընդունեց, որ 1967թ. մի քանի անգամ մասնակցել է հակասովետական գաղտնի խմբի հավաքույթներին: Նա հաստատեց, որ 1970թ. ինքը հանդիպումներ է ունեցել դատապարտված Մելիքյանի և Յուրա Բուդաղյանի հետ ու բանակցություններ վարել իրենց գաղտնի խմբերը միացնելու վերաբերյալ:

Դատական նիստում Խաչատրյանը չժխտեց, որ վերը նշված անձնավորություններից ստացել է հակասովետական բնույթ կրող ձեռագիր նյութեր: Նա իրեն հանցավոր ճանաչեց նաև նրանում, որ 1968-1973 թվականներին տարածել է ազգայնական հակասովետական հերյուրանքներ պարունակող թռուցիկներ և նյութեր:

Ամբաստանյալ Խաչատրյանին վերագրված արարքը, բացի իր խոստովանական ցուցմունքներից, հիմնավորված է նաև հետևյալ ապացույցներով:

Վկաներ Ը-ն, Մ-ն և Թ-ն հաստատել են, որ 1967թ. Խաչատրյանը մասնակցել է գաղտնի խմբի հավաքույթներին:

Այդ վկաները ցուցմունքներ են տվել, որ հավաքույթների ժամանակ մտքեր են փոխանակել ազգային հարցի շուրջը, որի ընթացքում Ղարաբաղի և Նախիջևանի վերաբերյալ հարցը ազգայնական տեսանկյունով մեկնաբանելով՝ նշել են, որ խմբի գործունեությանը պետք է օժանդակի այդ տերիտորիաները Հայաստանին միացնելու համար:

Վկա Բ-ն հաստատեց, որ Խաչատրյանը 1970թ. հանդիպումներ է ունեցել Մելիքյանի և Յուրա Բուդաղյանի հետ ու բանակցությոններ վարել գաղտնի խմբերը միացնելու վերաբերյալ:

Նշված վկան միաժամանակ բացատրեց, որ այդ հանդիպումների ժամանակ Խաչատրյանը տվել է Մելիքյանին և Յուրա Բուդաղյանին ձեռագիր նյութեր, որոնք հակասովետական բնույթ են կրել:

Այնուհետև Բ-ն հայտնեց, որ նույնանման բովանդակություն պարունակող նյութեր Խաչատրյանը ստացել է Մելիքյանից և Յուրա Բուդաղյանից:

Վկա Ք-ի ցուցմունքներով հաստատված է, որ ամբաստանյալ Խաչատրյանի հանձնարարությամբ Քաջիկ Սահակյանի կողմից գրած թռուցիկները բազմացվել են ֆոտոլուսանկարելու միջոցով:

Վկաներ Մ-ի, Ը-ի և Թ-ի ցուցմունքներով հիմնավորված է, որ 1967թ. աշնանը ամբաստանյալ Խաչատրյանը տարածել է հակասովետական բովանդակություն ունեցող թռուցիկներ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով քր. դատ. օրի 293հ. 294հ. դատական կոլեգիան   

                                          Վ Ճ Ռ Ե Ց

Ռուբեն Լյուդվիգի Խաչատրյանին հանցավոր ճանաչել Հայկական ՍՍՀ քր. օրի 65 հ. 1մ. և 67 հոդ. և ենթարկել ազատազրկման երկու տարի վեց ամիս (2- տարի 6-ամիս) ժամանակով, որպիսին նա պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում, առանց աքսորի: Կալանքի սկիզբը հաշվել 1973թ. դեկտեմբերի 10-ից:

Սույն դատավճիռը վճռաբեկության կարգով գանգատարկման և բողոքարկման ենթակա չէ:

ՆԱԽԱԳԱՀ` Ն. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ` ստորագրություններ

իսկականի հետ ճիշտ է

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ն. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter