HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Դոմիկում» ապրելը ոչ բոլոր դեպքերում է համարվում անօթեւանության ցուցիչ

Երկրաշարժից հետո` անցած 30 տարիների ընթացքում, Գյումրիում ձեւավորվեց անօթեւանների մի քանի կայուն խումբ՝ (1) բնակարանը կորցրած եւ մինչեւ օրս հատուցում չստացած անօթեւանների, (2) բնակարանը կորցրած, հատուցում ստացած, բնակարանը վաճառած եւ կրկին դոմիկ վերադարձած անօթեւանների, (3) երկրաշարժից տուժած մասնավոր սեկտորի բնակիչ անօթեւանների, (4) երկրաշաժի հետեւանքով, ոչ սեփական՝ այլ վարձով բնակարան կորցրած անօթեւանների, (5) վթարայնության բարձր աստիճան ունեցող սեփական սեկտորի տների բնակիչներ, որոնք պարտադրված լքել են տներն ու դարձել «դոմիկավորներ» եւ վերջին՝ 6-րդ խումբը, որ ի հայտ եկավ անցած 10-15 տարիների ընթացքում՝ այլ մարզերից, Շիրակի մարզի գյուղական բնակավայրերից Գյումրի ներգաղթած ու տնակ գնած «դոմիկավորների»:

Գյումրու նախկին Բուսաբանական այգու տարածքում կարելի է հանդիպել եւ տնակների, եւ քարաշեն կառույցների: Տարածքը կոդավորված է որպես 207 տնակային թաղամաս: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամից «Հետք»-ին փոխանցած տվյալների համաձայն, այստեղ հաշվառված է 117 տնակ: Կամո Գրիգորյանի 5 անձից բաղկացած ընտանիքն ապրում է Համլետ Սարգսյան փողոցի 207 տարածքի 085 տնակում: Դասական իմաստով տնակ հասկացությունը, հատկապես աղետի գոտու բնակչի համար, պետք է բաղկացած լինի կամ երկաթե կոնստրուկցիաներից, կամ՝ փայտե: Գրիգորյանների տունն արտաքինից պատված է քարե սալիկներով: Դրսից քարաշեն տան տպավորություն թողնող կառույցն իրականում ժամանակավոր կացարան է: Հասցեավորումը եւս տնակային է, ու Գրիգորյանները համարվում են ժամանակավոր կացարանի բնակիչներ, բայց ոչ անօթեւաններ:

Դեկտեմբերյան աղետից առաջ Կամոն ծնողների, տատիկ-պապիկի եւ եղբայրների հետ (11 անձ) բնակվել են Գյումրու Շահումյան փողոցի 149 տանը: Երկրաշարժից տան 85 տոկոսը դարձել է ոչ բնակելի: Երկար ժամանակ բազմանդամ ընտանիքը բնակվել է կանգուն մնացած մեկ սենյակում: 2007թ-ին, ընտանիքի հայրը՝ Ռուբեն Գրիգորյանը, որոշում է վաճառել հողատարածքը, որի վրա կիսափլուզված բնակարանն էր, եւ տղաների համար բնակության նպատակով գնել տնակներ:

«Ախպորս համար գնեցինք տնակ 3500 դոլարով, մեր համար էս տնակներն առել ենք 4300 դոլարով,- ասում է Կամոն,- էնքան գումար չէր բռնել էդ հողը, որ ասենք տուն առնեինք՝ մոտավորապես մի 9000 դոլարի կարգի ենք ծախել: Սա ստիպված քայլ էր, քանի որ էդ տարիների ընթացքում չկարողացանք մեր ուժերով տուն գնել, ոչ էլ հնարավորություն եղավ, որ ասենք էդ վթարային դարձած տունը քանդեինք նորը սարքեինք: Հիմա արդեն մեր տանը տեղը խանութ է սարքած»:

Երկրաշարժից հետո տունը գնահատվել է 85 տոկոսով ոչ պիտանի բնակության համար, տրվել է գումարային փոխհատուցում, եւ խնդիրը համարվել է փակված: Անցյալում եղած ձախողումների մասին Կամոն դժվարանում է խոսել՝ նշելով, որ երկրաշարժին իրենք 13-15 տարեկան են եղել ու կարեւոր հարցերի լուծման բեռը դրված է եղել հոր վրա: Ասում է՝ գուցե շատ պատճառներ թվարկեն, թե ինչու այդպես էլ բնակարանատեր չեն դարձել, սակայն այսօր փաստն այն է, որ ապրում են տնակում, ու եթե հանկարծ քաղաքապետարանը որոշի տարածքը վաճառել, ապա իրենք կհայտնվեն դրսում:

«Նախորդ քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի օրոք, պապաս որոշեց, որ գոնե մեր գնած տնակի տակի հողը սեփականաշնորհենք, հետո քիչ-քիչ կարողանանք վրան տուն սարքել: Գնացել, հետաքրքրվել էր, ասել էին հարց չկա, կարող եք սեփականաշնորհել: Բոլոր մուծումներն արել էինք, հասել մինչեւ կադաստր ու նոտար, մեկ էլ քաղաքապետարանից հորս ասել էին, թե չեք կարող, տարածքը կանաչ գոտի է: Դա 2011թ-ին էր, հետո արդեն քաղաքապետը փոխվեց, մեր տված գումարներն էլ կորավ, սեփականաշնորհման գործն էլ չեղավ: Որպեսզի կարողանայինք սեփականաշնորհել, մեզ խորհուրդ էին տվել, որ արտաքինից դոմիկը քարապատենք, այսինքն հիմնական տան տեսքի բերեինք: Էդ ծախսն էլ արեցինք ու հիմա ոչ շահեկան վիճակում ենք. իրականում դոմիկի մեջ կապրինք, բայց դե դրսից նայողն ասում է՝ չէ՛, քարե տուն է»,- նկատում է Կամոն:

Կինը՝ Նարինե Գեւորգյանը, ցույց է տալիս տան բոլոր խոցելի հատվածները՝ կաթացող առաստաղ, խոնավությունից բորբոսնած պատեր, մկների ու առնետների բացած մուտքեր եւ տնակներին բնորոշ այն բոլոր թերությունները, որոնց հետ առնչվում են հատկապես դրանց երկարամյա բնակիչները:

«Մենք բավական անկայուն վիճակում ենք հայտնվել,- ասում է Նարինեն,- ոչ մեկ հստակ չի ասում, թե էս տարածքի հետ ինչ է լինելու, որ մենք էլ հասկանանք՝ ինչ անենք: Ամուսինս շինարար է, բայց մշտական աշխատանք չունի, այսինքն կայուն եկամուտ չկա: Երկու անչափահաս երեխա ունենք: Էս տարի ստիպված դիմել ենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին, մտածում եմ, որ կարող է իրենք օգնեն ինչ-որ կերպ: Էս քարով աբլիցովկեն էլ մյուս կողմից է փորձանք դարձել գլխներիս՝ կդիմեմ վառելիքի օգնության համար, կմերժեն, թե դուք դոմիկի բնակիչ չեք, բայց ախր իրականում մերը տնակ է»:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի փոխանցմամբ, Գյումրու նախկին բուսաբանական այգու տարածքը մի քանի գոտիավորում ունի: Հատված կա, որտեղ թույլատրվում է շինարարություն անել, կա կանաչ գոտի, կա հնագիտական պեղավայր եւ այլն: «Եթե Բարեկամության այգին հստակ սահմաններ ունի, ապա բուսաբանական այգու տարածքը բավական խճճված հատված է: Մենք հիմա տեղափոխվել ենք այստեղ՝ աշխատելու, էս ընթացքում էլ հասցրել ենք մեկ անօթեւան ընտանիքի բնակարան հատկացնել, սակայն տարատեսակ խնդիրներով ընտանիքներն ավելի շատ են այստեղ, ու հատ-հատ բոլոր պատմություններն ուսումնասիրվում են, որ հասկանանք՝ ինչպես աջակցենք: Նշեմ միայն, որ Գրիգորյանների նման անհասկանալի կարգավիճակ ունեցող ընտանիքների թիվը Գյումրիում քիչ չէ, եւ նրանց համար չկա հստակ մշակված քաղաքականություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter