HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Սա ավելի վատ է, քան հանցանքը. սա սխալ է»

«Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք, գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը «Ներդրումներ և առևտուր» համաժողովի ժամանակ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նման ուղերձները կարևոր են, սակայն ի՞նչ ունեն այս խոսքերն իրենց թիկունքին:

Հայաստանում ներդրումներ անելու պատրաստ մարդիկ և կազմակերպություններ կան, սակայն կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով ձգձգվում է ներդրումների գործընթացը:

Առաջինը չինովնիկներն են, որոնք, ինչպես նախկինում, հնարավոր բոլոր խոչընդոտները ստեղծում են ներդրողների համար՝ անհասկանալի թղթարարություն, դանդաղ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք, ի միջի այլոց վերաբերմունք…

Գիտեմ կոնկրետ օրինակներ, որոնք չեմ կարող ներկայացնել, քանի որ ներդրողներն առայժմ սպասողական վիճակում են և պատրաստ չեն հրապարակայնացնել իրենց խնդիրները:    

Այսօր էլ պետական գերատեսչությունների աշխատանքը շարունակում է հիշեցնել Կաֆկայի «Դղյակը». տեսնում ենք Դղյակից դուրսուներս անող չինովնիկներին, որոնք իրենց ծառայողական մեքենաներով այստեղ-այնտեղ են սուրում, թղթերը մի թղթապանակից այլ թղթապանակում են դնում: Բայց ի՞նչ օգտակար աշխատանք են անում պետության համար, գոնե առայժմ չի երևում:

Ներդրումները Հայաստանի տնտեսությանը ծայրահեղ անհրաժեշտ են: ՀՀ քաղաքացիներս իրավունք ունենք իմանալու՝ ներդրումային կոնկրետ ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ ընկերություններ են հայտ ներկայացրել ներդրումներ անելու, որքանո՞վ են արդյունավետ աշխատում համապատասխան գերատեսչությունները: Այս առումով՝ տեղին կլիներ հատուկ կայքում տեսնել ներդրողների ցանկը և յուրաքանչյուրի ծրագրի կողքին՝ ներդրողի և կառավարության գործողություններն՝ ամենօրյա ռեժիմով. ի՞նչ քայլեր է անում կոնկրետ նախարարությունը՝ նպաստելու նեդրումներն օր առաջ իրականություն դարձնելուն: Հասարակական վերահսկողությունը հնարավորություն կտա թափանցիկ դարձնել ներդրող-կառավարություն աշխատանքը:

Մյուս կողմից՝ բոլոր տնտեսվարողների համար խնդիր են խաղի ընդհանուր, հավասար կանոնները: Այսօր էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող օլիգարխ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է ներկայացված  ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն: Մայրապետյանի խափանման միջոցը կալանքն է:

Քոչարյանի հետ ուղղակի առնչություններ ունեցող ԲՀԿ նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, այն դեպքում, երբ տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած «բարեգործության» անվան տակ քողարկելու, բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով թաքցնելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը:

«Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանի դեմ քրեական գործ է հարուցվում, և խափանման միջոց ընտրվում չբացակայելու ստորագրությունը: Օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը երկար տարիներ իշխանությունների հետ զանազան կրիմինալ պայմանավորվածություններ ուներ, նրա անունը կապված է մարդ առևանգելու, բիզնես խլելու հետ, կա տեսագրություն, թե ինչպես է նա ոտքով հարվածում ցուցարարին, այսօր բարձր հովանավորություն է վայելում:

Որո՞նք են չափանիշները, որոնցով այս կամ այն քրեական արարքը ներվում է, մյուսը՝ ոչ: Այս հարցերը հստակ ձևակերպումներ են ենթադրում: Հակառակ դեպքում՝ արդարադատության դեֆիցիտը կշարունակվի:

Որոշակի անհարմարավետություն զգում են ոչ միայն ներդրողները, այլև պետության հետ հավասարը հավասարի հարաբերությունների ձգտող հարկատուները: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխությու՞ն է, այսինքն՝ տեղի է ունեցել կառավարման փիլիսոփայության փոփոխությու՞ն:

Այդ դեպքում յուրաքանչյուր ղեկավար պետք է հնարավորինս «էժան նստի» բյուջեի վրա, յուրաքանչյուր պաշտոնյայի հանրային ծախսերը պետք է չափազանց համեստ լինեն:

Սակայն այսօր էլ չինովնիկներն օգտվում են նույն առավելություններից ու հարմարավետությունից, ինչ նախկինները: Ընդ որում, աշխատանքի որակն էլ դեռևս տեսանելի չէ՝ բարձր աշխատավարձն արդարացնելու համար:  

Բանակի կարիքների համար յուրաքանչյուր աշխատողից 1000-ական դրամ պահանջող պետությունը ուղղակի իրավունք չունի նման հարմարավետություն ստեղծել ժողովրդին ծառայելու կոչված չինովնիկների համար:

Եվ, նկատենք, որ ժողովուրդն էլ բավականին առատաձեռն է՝ նրանց վարձատրելու հարցում: Այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը դեռևս 55 000 դրամ է, ՀՀ վարչապետը 1 190 524 դրամ աշխատավարձ է ստանում, ՍԴ նախագահը՝ 1 058 240 դրամ, Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ 1 025 170 դրամ, պատգամավորները՝ 660 000 դրամ:

Անձնական օրինակը երկրի ղեկավարի համար չափազանց կարեւոր է: Համեստ կենցաղով, շքեղություններից ու բյուջեի հաշվին հարմարավետությունից խուսափող ղեկավարը նաեւ ազդակ է ուղարկում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ նույն կերպ վարվել եւ ազնիվ լինել պետության առաջ:

Բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների պարզությունը, արտաքին ատրիբուտներին, հագուկապին հույժ կարևորություն չտալը կփոխի նաեւ քաղքենիական մթնոլորտը, որը կար և որը, նկատենք, դեռևս արդիական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter