HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցչի կոպտության ու բռնություն կիրառելու մասին ահազանգերը ավելացել են

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները, ԿԳՆ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կետրոնի, Կրթության պետական տեսչության և այլ կառուցների պատասխանատուները:

Խորհրդակցության ընթացքում նախարարի կողմից տրվել են ոլորտում կարգապահության ապահովման և բովանդակային խնդիրներին վերաբերող խիստ հանձանարականներ, քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր:

Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում ավագ դպրոցների ֆինանսավորմանն առնչվող հանրային հնչեղություն ստացած խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ նախարարության կողմից կատարված տնտեսումների հաշվին կառավարության կողմից շուրջ 200 մլն դրամ հավելյալ հատկացում է արվել ավագ դպրոցներին:

«Հարգելի տնօրեններ, այդ խնդիրը, ունենալով որոշակի օբյեկտիվ պատճառներ, պայմանավորված էր նաև սուբյեկտիվ գործոններով: Ավագ դպրոցներրի շատ տնօրեններ ուղղակի չեն կարողացել գրագետ տնտեսական կառավարում իրակականցնել, ինչի հետևանքով էլ կուտակվել էին պարտքեր: Այսուհետ նախարարությունն առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու ֆինանսական ճեղքվածքով աշխատող դպրոցների նկատմամբ»,- դիմելով խորհրդակցությանը ներկա ավագ դպրոցների տնօրեններին՝ նշել է նախարարը, և հանաձարարել  ընթացիկ տարում ավագ դպրոցների ֆինանսական կառավարումն առավել  արդյունավետ կազմակերպել:

Նախարար Աշոտյանը միաժամանակ հավելել է, որ 2012 թվականին պետության կողմից ավագ դպրոցի աշակերտի համար նախատեսված ֆինանսավորման գործակիցը մեծացվել է, ինչպես նաև աշակերտների թույլատրելի քանակը ավագ դասարաններում հասցվել է մինչև 30 աշակերտի:

Անդրադառնալով ավագ դպրոցի կրթական ծրագրերի բովանդակային խնդիրներին,  Աշոտյանը նշել է, որ սկսած 2011-12 ուսումնական տարվանից նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողները նույնպես հանրակրթական բաղադրիչի համար պետական ավարտական և միասնական քննությունները հանձնելու են կենտրոնացված եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնում: Հակառակ պարագայում, ինչպես նշել է նախարարը, նրանք կստանան միայն միջին մասնագիտական կրթության որակավորումն հավաստող վկայական, որը դպրոցի ավարտական վկայական չի դիտվում և քոլեջի կամ ուսումնարանի տվյալ ուսանողին բուհ դիմելու հնարավաորություն չի տալիս:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի թարմացման, մասնագիտական կողմնորոշման ու բովանդակային բարեփոխումների շրջանակում նախարարը կարևորել է բուհերի և ավագ դպրոցների համագործակցության զարգացումը, որի լավագույն օրինակներն առկա են: Նախարարը հորդորել է տնօրեններին առավել ակտիվ լինել այդ հարցում և հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել համագործակցության զարգացմանը միտված գործընթացներին:

Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ավագ դպրոցներին առնչվող մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած ահազանգերին:

«Հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ որոշ դպրոցներում ծնողների,  տնօրենի և ուսուցչների փոխհամաձայնության արդյունքում աշակերտները դպրոց չեն հաճախում: Դա ուղղակի անթույլատրելի է. դպրոցի տնօրենի անմիջական պարտականությունն է ապահովել ուսումնական գործընթացի կարգապահությունը»,- նշել է նախարարը և շեշտել, որ այսուհետ ԿԳՆ-ի կողմից համակարգված և հետևողական վերահսկողություն է իրականացվելու ավագ դպրոցներում հաճախելիության նկատմամբ:

Դժգոհություններն, ըստ նախարարի, վերաբերում են հատկապես 12-րդ դասարանցիներին. «Հատկապես 12-րդ դասարանցիները գան ու նստեն դասի»,- շեշտել է նախարարը և հավելել, որ ԿԳՆ-ի կողմից առաջիկայում կիրականացվեն  ստուգումներ և հայտանաբերված դեպքերի նկատմամբ կցուցաբերվի խիստ մոտեցում:

Նախարար նշել է նաև, որ ԿԳՆ-ի «Թեժ գիծ» հեռախոսակապով վերջին ամսում ավելացել են ուսուցչին անհարիր վարքագծի, մասնավորապես կոպտություն ու բռնություն կիրառելու վերաբերյալ ահազանգերը:

«Ուսուցիչը պետք է հասկանա, որ գործ ունի նոր հոգեբանությամբ աշակերտի հետ: Նրան կրթելու և դաստարակելու առաքելությունը պետության կողմից դրված է ուսուցչի վրա և այդ գործընթացում կոպտությունն ու բռնությունը տեղ չունեն»,- շեշտել է նախարարը և հավաստիացրել, որ յուրաքանչյուր նման դրսևորում անհետևանք չի կարող մնալ:  
Ա. Աշոտյանը հանրային հնչեղություն ստացած խնդիրներից կարևորել և  տնօրենների ուշադրությունը հրավիրել է դպրոցներում աղանդավորական քարոզչության իրականացնելու փորձերի վերաբերյալ ահազանգերին, դրանք համարելով անհանգստացնող : 

«Ուշադիր և հետևողական եղեք, որպեսզի դպրոցներում, ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և նրանց ծնողների կողմից կրոնական քարոզչության ցանկացած դեպք կանխվի և արգելվի»,- հանձնարարել է նախարարը:

Արմեն Աշոտյանը հորդորել է ներկաներին ուսումնական ծրագրերին և դասագրքերին վերաբեող հարցերում լինել ակտիվ և նախաձեռնող: Նա հույս է հայտնել, որ ավագ դպրոցներում ներդրված նոր դասագրքերի, ինչպես նաև ծրագրերի վերաբերյալ ուսուցիչները կներկայացնեն մասնագիտորեն հիմնավորված կարծիքներ, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ու համակարգի կայացմանը: 

ԿԳ նախարարը, կրկնելով հրապարակավ արտահայտած իր դիրքորոշումը, դպրոցների տնօրեններին մեկ անգամ ևս հանձնարարել է դպրոցը զերծ պահել քաղաքական գործընթացներում ներքաշվելուց:

«Յուրաքանչյուր ուսուցիչ և դպրոցի տնօրեն կարող է լինել ցանկացած կուսակացության անդամ, դա իր սահմանադրական իրավունքն է, բայց դպրոցից և ուսումնական գործընթացից դուրս: Դպրոցում արգելվում է ցանկացած քաղաքական քարոզչություն՝ դա օրենքի պահանջ է, որը խստիվ պետք է կատարվի»,- շեշտել է նախարարը և հավելել, որ այս հարցում ևս ինքը լինելու է հետևողական:

Նախարարը խորհրդակցության ընթացքում պատասխանել է նաև ավագ դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են ուսումնական ծրագրերին, ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման գործընթացին, դպրոցների տեխնիկական հագեցվածությանը, ջեռուցմանը, վերանորոգմանը և բազմաթիվ այլ խնդիրների:

«Նախարարությունը և անձամբ ես մշտապես սատարելու ենք լավ աշխատող տնօրեններին: Իսկ տնօրենի լավ աշխատանքի գնահատման միակ չափանիշը որակյալ կրթության ապահովումն է»,- ամփոփելով խորհրդակցությունը՝ շեշտել է Ա. Աշոտյանը և ներկաներին մաղթել արդյունավետ աշխատանքային տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter