Գուրգեն Խանջյան. «Իրականությունը հիմնականում աբսուրդային է, մեծամասամբ՝ ցավ պատճառող, բայց նաև ունի շատ հմայիչ պահեր, և դա է մեզ պահում այս երկրի վրա»
Գուրգեն Խանջյանը ժամանակակից հայ արձակի ամենից բեղուն և ինքնատիպ ստեղծագործողներից մեկն է: Նրա վեպերում, վիպակներում, պատմվածքներում արծարծվում են բոլոր ժամանակների և հատկապես մեր՝ քսանմեկերորդ դարի մարդուն մշտապես հուզող թեմաները։ Այդ ամենը նա պատկերում է իր «գաղտնի» ինքնակենսագրականներում: Որոշ քննադատներ նրան պրովոկացիոն գրող են համարում՝ բաց տեսարանների անկաշկանդ նկարագրության համար, բայց և ընդգծում, որ Խանջյանն իր ընթերցողի հետ միշտ անկեղծ է: Մեր զրույցը գրողի հետ նրա ստեղծագործությունների, մարդու հույզերի, ինքնաճանաչման եւ այլ թեմաների շուրջ է։
Պարոն Խանջյան, ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից հայ գրականությունը:
Որպես գրական թերթի խմբագիր կարող եմ հստակ ասել` հայ գրականության վիճակը հրաշալի է: Թվում է, թե գրականությունը մտել է փակուղի, կարծում ենք` չեն կարդում, գրողներ չեն լինի, բայց անընդհատ գալիս են նոր ջահելներ և տալիս են նոր գործեր:
Ձեր ստեղծագործություններում հաճախ գլխավոր հերոսը դիմում է փախուստի, և այդ փախուստը միշտ վերջանում է վերադարձով: Քանի որ ձեր ստեղծագործութունները հիմնականում ինքնակենսագրականներ են, կուզենայի հարցնել` ինչի՞ց է փորձում փախչել Գուրգեն Խանջյանը:
Ես էլ էի շատ ուզում նույն բանը հասկանալ, անընդհատ ինքս իմ հետևից ընկած գրում էի, որ տեսնեմ` էդ ուր եմ փախչում: Ու պարզվեց` հիմնականում ինքս ինձնից եմ փախչում, դրա համար էլ վերադարձը դեպի ինձ է: Փախչում ենք մեզնից, իրականությունից, որը հիմնականում աբսուրդային է, մեծամասամբ՝ ցավ պատճառող, բայց նաև ունի շատ հմայիչ պահեր, և դա է, որ մեզ պահում է այս երկրի վրա:
Հաջորդ երևույթը, որը հաճախ կարելի է տեսնել Ձեր ստեղծագործություններում, անձի երկատումն է, նրան տանջող բազմաթիվ «ես»-երը (ինչպես պլպլանները «Ձեռքդ տուր, պստլո»-ում, «Ենոքի աչքը» և այլն) : Այս կերպարները, որոնք կան բոլորիս մեջ, մարդուն զգոն պահելո՞ւ, թե՞ ապակողմնորոշելու համար են:
Գիտե՞ս, ապակողմնորոշելու համար չէ, սկզբում պարզապես կիսվում էի: Հիմա զգում եմ, որ զգոն պահելու տագնապը կա մեջս: Պիտի օգնես, պիտի ճանաչես ինքդ քեզ, առանց դրա չի լինի: Կան մարդիկ,որորնք չեն ուզում իրենք իրենց ճանաչել, ունակ չեն դրան, բայց էն բոլոր մադիկ, որ ունակ են ու ուզում են իենց ճանաչել, կուզեի ինձ ու իմ գրքի հետ լինեին: Առանց ինքնաճանաչման կյանքի համ չես ստանա, անընդհատ կիսատ բաներ կմնան. ինձ չճանաչեցի, էն կատվին չճանաչեցի, էն հարևանին չճանաչեցի, իսկ էս ամենի մեջ մենք ենք: Շատ պիտի էգոիստ լինես, որ ոչինչ չուզենաս ճանաչել, մենակ մտածես վայելքի մասին:
Ես կարծում եմ՝ էգոիստ մարդիկ, քանի որ իրենցով ավելի են տարված, ավելի են ձգտում իրենք իրենց ճանաչել:
Էգոիստ մարդը շատ խորը չի փորի, կվախենա, որովհետև ինքը գիտի, որ սարսափների առաջ կկանգնի: Ինքն իրեն ճանաչում է էնքան, ինչքան պետք է, դա կոչվում է կենցաղային ճանաչում, բայց ոչ խորքային:
«Այսօրվա մարդը պրծում չունի, մենակ մնալ չի կարող: Երբ և ոնց ուզեն՝ տնօրինում են, միշտ կախման մեջ պահում»: Ձեր այս խոսքերով հանդերձ՝ Դուք շատ հաճախ խոսում եք մարդուն միշտ հետևող միայնության մասին: Ըստ Ձեզ՝ մարդը մենակ է մի՞շտ, թե՞ երբեք:
Շատ բարդ խնդիր է մենակության խնդիրը: Կա շրջան, երբ միայնությունն օրիգինալ է, ասում ես «ես միայնակ եմ», քեզ միայնակ գայլ ես զգում: Հետո հասկանում ես, որ մենակությունը խորը խնդիր է, որը պետք է լուծել: Էդպես չէ, որ մի սուրճ խմեցիր, մի ծխախոտ ծխեցիր, ընկար էյֆորիաների մեջ... Դա շատ բարդ բան Է, որը զարգացում է ունենում, կարող է քեզ հասցնել դեպրեսիայի: Վերջապես, ինչի՞ ես մենակ, եթե կողքդ էդքան մարդիկ կան, վերջիվերջո, շներ կան, վերցրու շուն պահիր: Եթե դա արդյունքի հասնելու համար է, եթե ստեղծագորոծող ես, ինչ-որ մի շրջան մենակ ես լինում, բայց էդպես երկար հնարավոր չէ, հենց դա է ինքնասպանության, ինքնաավերման ճանապարհը:
Ձեր «Կիսավեր տան պահակը» պատմվածքի գլխավոր հերոսը ենթարկվողի դերում է, իսկ մյուս հերոսը` խենթը, ենթարկողի: Պատմվածքի վերջում շրջադարձ է կատարվում, և գլխավոր հերոսն է սկսում տանջել խենթին: Մեր կյանքում ի՞նչն է ստիպում անել այդպիսի շրջադարձեր, ո՞ր դեպքում է մարդը հայտնվում իշխողի դերում:
Մարդու էության մեջ է իշխելու բնազդը, բայց քանի որ մարդը մտածող արարած է, պիտի իշխի իր իշխելու վրա: Եվ, վերջապես, եթե դու ուզում ես ազատ լինել, պիտի ազատ թողնես: Եթե դու ինչ-որ մեկին իշխում ես, ուրեմն դու արդեն կապված ես: Ազատությունը ինքնանպատակ չէ, ազատ մարդը լավ է ապրում, ստեղծագործում, հոգեպես ավելի հանգիստ է, որ ոչ ճնշում է, ոչ թողնում է՝ իրեն ճնշեն: Բայց ազատությունն էլ է երբեմն հասցնում շիզոֆրենիայի: Եթե գնում ես բացարձակ ազատության, որը գոյություն չունի, բախվում ես քարերին:
Ձեր գրեթե բոլոր ստեղծագործությունները կարդալիս հանդիպում ենք խավարին, որի ընթացքի վերջում միշտ լույս է վառվում: Լույսի` այսինքն փրկության գաղափարը Դուք շատ հաճախ գտնում եք ինքնասպանության մեջ: Ո՞ր դեպքերում եք կարծում, որ դա լավագույն միջոցն է:
Ինքնասպանությունը բոլոր դեպքերում սխալ է: Իրականում իմ ստեղծագործություններում ինքնասպանություն չկա: Վերցնենք «Հիվանդանոցը»: Բոլորն են ասում` ինքնասպանություն, բայց հետո այդ վեպի հերոսը` Գրիգորը, հայտնվում է «Պստլո»-ում` արդեն 20-30 տարի հասունացած: Իսկ ինքնասպանության տանող կեռիկը հերոսը տեսնում է վիզը գցած, բայց չի գցում: Ինքնասպանությունը ոչ միայն ճիշտ չէ, այլ նաև ճիշտ չէ դա քարոզելը: Ինչ-որ մեկին պատմել դրա մասին որպես չքնաղ երևույթ՝ քեզ կգցի մեղքի տակ:
Գիտեմ, որ ծանր ռոքի սիրահար եք: Շատ հաճախ մարդիկ այն ասոցացնում են աղմուկի հետ: Դուք հարցազրույցներից մեկում նշել եք. «Հիմնականում ինձ աղմուկն է նյարդայնացնում: Չեն հասկանում, որ դա սարսափելի թույն է, իրար խլացնելով՝ մենք իրար կյանք ենք խլում»: Աղմուկից այսքան խույս տվող մարդն ինչպե՞ս է կարողանում հանգիստը գտնել ծանր ռոք երաժշտության մեջ:
-Էդ աղմուկը երկակի է: Էստեղ նեվրոզի բարդությունն է: Ինձ սպանում է դրսի աղմուկը, իսկ իմ աղմուկը պաշտպանում է դրսի աղմուկից: Ծանր ռոքը, բացի աղմուկից, նաև մեծ էներգիա է: Դա կարող է քո փոխարեն գոռալ այն, ինչը դու անել չես կարող: Այն քեզ մեծ էներգիա է տալիս, ազատություն, ագրեսիադ հանում է միջիցդ, վերցնում իր վրա: Ես սկզբում ջազ էի լսում, հետո սկսեց ծանր ռոքը պահանջմունք դառնալ:
Իսկ ո՞ր շրջանում զգացիք, որ դա ձեզ պետք է:
Երևի էն շրջանում, երբ զգացի` ներսս շատ է լցված և չէի կարող դուրս հանել, բաց դե տարիքիս հետ էլ էներգիաս էր պակասել: Տղաս քսան տարեկան էր, երբ սկսեց ռոք լսել, բարկանում էի վրան, ասում էի` ջազ լսիր, հետո սկսեցինք իրար հակառակվել, դե սերունդների խնդիրը կա, բայց երբ կրկին անդրադարձա ռոքին, մոտեցա, ասացի. «Այ տղա ջան, ինչի՞ չէիր նորմալ բացատրում, թե էս ռոքը ինչ ա» (ծիծաղում է):
Ձեր վեպերը հաճախ են գրավում քննադատների ուշադրությունը։ Պատճառը տաբու թեմաների մասին բավականին համարձակ խոսելն ու բաց տեսարանների առկայությունն է: Ձեր համարձակ խոսքով Դուք պարզապես օգնում եք ընթերցողին բացահայտել իր վախերն ու կոտրել ներսի կարծրատիպե՞րը, կամ գուցե նպատակը պրովոկացիա անելն ու ուշադրություն գրավե՞լն է:
Սկզբում էդպես էր: Երբ խորհրդային շրջանում մի խումբ գրողներով նոր գրականություն էինք ուզում ստեղծել, էդ էպատաժի, զարմացնելու պահը կար: Բայց մյուս կողմից կար մեկ այլ բան: Եթե դու ուզում ես ճանաչել մարդուն, փորում ես նրա ներսը, առավելապես նրա արատավոր կողմերը, ո՞նց շրջանցես այն, ինչի շուրջն ամեն ինչ գնում է: Հիմնականում վեճը «Հիվանդանոց» -ի համար էր, որովհետև հետխորդային առաջին վեպն էր, այն էլ՝ այդքան բաց: էստեղ կոմունիստական բարձր խավի այլասերվածության մասին է, «Հիվանդանոցը» դրա այլաբանությունն է, էդտեղ ո՞նց առանց սեռական սանձարձակությունների մարդու արատավորությունը ներկայացնես: Դա մեր անբաժան մասն է, չես կարող անընդատ շրջանցել:
«Շարժասանդուղք» պատմվածքում մարդիկ անվերջ ջանում էին բարձրանալ շարժասանդուխքով, մինչդեռ դոփում էին տեղում, հաճախ էլ՝ ցած ընկնում: Մեր կյանքում ի՞նչն է ստիպում անվերջ տանել այդ դժվար, բայց և անիմաստ պայքարը: Արդյո՞ք գոյատևության կռիվն է:
Առանց գոյության կռվի չի կարող լինել: Մենք հայհոյում ենք էդ կռիվը, բայց մենք, դա վերացնելով, մեր կյանքն ենք վերացնում: Կան երևույթներ, որ շատ ենք ստերիլացնում: Մեզ թվում է` մենք բոլոր կենդանիներին պիտի ուղարկենք Կարմիր գիրք, արգելենք ցլամարտը, շնամարտը, բայց էս մոլորակի օրենքներն ուրիշ են, ու բնությունն էնքան ուժեղ է, որ իրեն այդ ստերիլ վիճակով չես հաղթի, հակառակը, դու չես պաշտպանում` թուլացնում ես: Գնում ենք իբր բարի բաների ետևից, բայց անում ենք չարիք: Դուք շանը հարցրե՞լ եք, նա ուզու՞մ է ստերիլ ապրել, բա էլ որտե՞ղ է կյանքի հետաքրքրությունը: Դա գլոբալացման խնդիրներից է, որ անցնում է բոլորի վրայով` ջնջելով ազգայինը:
Եթե Ձեր գրվածքները դարձնեիք նկար, ի՞նչ պատկեր կլիներ դա, կամ ի՞նչ գույն կտայիք դրան:
Իմիջայլոց, ես նկարում էլ եմ: Երկակի է. սիրում եմ սևի, դեղինի ու օրանժի համակցությունը, որպեսզի չխելագարվեմ: Ինձ դա հանում է մռայլությունից, մյուս կողմից՝ սիրում եմ դեղինի ու գորշի համակցությունը: Գորշ տարիներին, երբ ամեն ինչ գորշ էր, սենյակի լույսը թույլ դեղին էր, դա ավելացնում էր թախիծը, դեպրեսիան: Դա այնքան է տպավորվել, որ իմ գործերը հաճախ այդ երանգների մեջ են:
Հարցազրույցը` Անի Վաթինյանի
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել