HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ 4000 դրամ է գողացել և 10 000 դրամ գողանալու մասին ցուցմունք է տվել սպառնալիքների ներքո

10 000 դրամի գողության համար 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանը, որ երեք անչափահաս երեխայի մայր է, պնդում է, որ քննություն իրականացնող մարմնի ճնշումների արդյունքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ ընկերուհու դրամապանակից գողացել է 10 000 դրամ, մինչդեռ իրականում գողացել է 4000 դրամ:

Այսօր այս մասին դատարանում հայտարարեց ինքը՝ Սարգսյանը՝ նշելով, որ Սիսիանի ոստիկանության բաժնում իր նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են հնչեցրեց, քանոնը պահել կոկորդին ու վախեցրել, որ կվնասեն, եթե իրենց համար ցանկալի ցուցմունքներ չտա:

Նշենք, որ եթե Սարգսյանին վերագրվեր 4000 դրամի գողություն, ապա վերջինս քրեական պատախանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր քննեց Սարգսյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը, որով նրանք վիճարկում են Սարգսյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա կողմից նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:

Դատական նիստին Հասմիկ Սարգսյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ներկայացրեց իրենց կողմից բերված բողոքը:

Այսպես, Սյունիքի մարզի բնակիչ Հասմիկ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2017 թ հուլիսի 6-ին իր ընկերուհի Մարիետա Հովհաննիսյանի դրամապանակից գաղտնի հափշտակել է 4000 ՀՀ դրամ գումար:                                                                              

Նույն օրը ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներն իրեն հրավիրել են հիշյալ բաժին, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանը, ըստ Սարգսյանի հաղորդման, սպառնալով, որ իրեն ծեծի կենթարկի, պահանջել է բացատրություն տալ, որ ոչ թե գողացել է 4000, այլ 10.000 դրամ գումար:

Այնուհետև, ըստ Սարգսյանի հաղորդման, նույն բաժնի օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանը սպառնացել է, որ այդ բովանդակությամբ բացատրություն չտալու դեպքում քանոնի կիրառմամբ իր նկատմամբ բռնություն կգործադրի: Հիշյալ ոստիկանների սպառնալիքների ազդեցության տակ, ըստ Սարգսյանի, ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող բացատրություն և հետագայում, որպես մեղադրյալ, ցուցմունք է տվել 10.000 ՀՀ դրամ գողանալու վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, և Սարգսյանը ճանաչվել է տուժող: Շուրջ երեք ամիս անց, սակայն, Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին: Որոշումը բողոքարկվել է Գլխավոր դատախազին, սակայն այս բողոքը ևս մերժվել է:

Արա Ղարագյոզյանը բողոքը ներկայացնելիս նշեց, որ Հասմիկ Սարգսյանի հաղորդման վերաբերյալ ոչ պատշաճ քննություն է իրականացվել, ցուցաբերվել է անգործություն՝ մի շարք կարևոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով և դրանք փաստող կամ հերքող ապացույցներ ձեռք չբերելով, իսկ ձեռք բերված ապացույցների մեծ մասին տալով միակողմանի գնահատական՝ քողարկվել են Ոստիկանության աշխատակիցների թույլ տված խախտումները և անօրինական գործողությունները:

Ըստ բողոքի՝ սկսած քրեական գործի հարուցման պահից՝ ակնհայտ են վարույթն իրականացնող մարմնի կոպիտ խախտումները:

Մասնավորապես, ըստ պաշտպանի բողոքի, քրեական գործն ի սկզբանե հարուցվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, մինչդեռ տուժողի ներկայացրած հողորդումից և վերջինիս ցուցմունքից ակնհայտ է եղել, որ քրեական գործը պետք է հարուցվեր խոշտանգման հոդվածով:

Ղարագյոզյանը բողոքում նշեց նաև, որ ՀՔԾ քննիչը զննություն չի իրականացրել Սարգսյանի կողմից մատնանշված անձանց  աշխատասենյակի տարածքում, որի արդյունքում  կպարզվեր՝ այդ աշխատասենյակներում եղել են տեղադրված տեսախցիկներ, թե՞ ոչ, և լինելու դեպքում կհիմնավորվեր, որ Հասմիկ Սարգսյանից խոշտանգումների արդյունքում են ցուցմունքները ձեռք բերվել:

Ըստ  բողոքի՝ դատախազն Արա Ղարագյոզյանի կողմից ներկայացրած բողոքը մերժելու որոշման մեջ նույնիսկ չի անդրադարձել շահագրգիռ անձանց ցուցմուքների արժանահավատության հարցին՝ բողոքում բարձրացված մի շարք կարևոր հանգամանքների շուրջ քննություն չիրականացնելով: Արա Ղարագյոզյանն ընդգծեց, որ քրեական գործի վարույթը կարճելու որոշման մեջ ՀՔԾ քննիչը դրել է այն անձանց ցուցմունքները, որոնք, Սարգսյանի պնդմամբ, իր նկատմամբ բռնություն գործադրողներն են:

Ըստ բողոքի՝ Հասմիկ Սարգսյանին խոշտանգելու դեպքին ականատես է եղել վերջինիս երեխան, որ 10 տարեկան է: Սարգսյանին հարվածելու ժամանակ նա ներկա է գտնվել և սկսել է լաց լինել: Տուժողը այդ մասին հայտնել է քննիչին, սակայն վերջինս չի էլ փորձել ցուցմունք վերցնել երեխայից:

Այս և այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ պաշտպանը միջնորդեց վերացնել քրեական հետապնդումը չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչ` Թադևոսյանի  կայացրած որոշման դեմ ներկայացրած  բողոքը և Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը մերժելու մասին որոշումը՝  ճանաչելով Հասմիկ Սարգսյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը, կամ  քրեական գործը ուղարկել նոր, արդյունավետ քննության:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, որ այս գործով ներգրավված է որպես Հասմիկ Սարգսյանի ներկայացուցիչ, նշեց, որ երբ Մարիետա Հովհաննիսյանն ու Հասմիկ Սարգսյանն առերեսվել են, Հովհաննիսյանը նախ նշել է, որ Սարգյանն իրենից 4000 դրամ է գողացել, ապա փոխել խոսքն ու ասել, թե գողոնը 10 000 դրամ է:

Ըստ Մարինա Պողոսյանի՝ անգամ Սարգսյանի կատարված առևտրից պարզ է դառնում, որ նա փոքր չափի գումար է գողացել:

Իր խոսքում Հասմիկ Սարգսյանը պնդեց այն հանգամանքները, որոնք արդեն իսկ նշվել էին նրա շահերը ներկայացնող անձանց կողմից: Սարգսյանն ասաց, որ իրեն քննչական բաժնում խաբել ու ասել են, թե Մարիետա Հովհաննիսյանն արդեն իսկ ցուցմունք է տվել, որպեսզի ինքը ևս տա: Սակայն միայն այն բանից հետո, երբ իրենից ցուցմունք են վերցրել, զանգահարել են Հովհաննիսյանին ու հրավիրել հարցաքննության:

Դատարանն այսօր սկսեց գործում առկա նյութերի հետազոտումը, ապա դատավորը նիստն ընդմիջեց մեկ այլ ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, և դատարանները փորձաշրջան են սահմանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter