HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թալինի համայնքապետարանը վարկ է վերցրել համայնքում ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար

Թալին համայնքի աշխարհագրական դիրքը նպաստավոր է արեւային էներգիան օգտագործելու միջոցով՝ համայնքում բոլորի համար մատչելի, հուսալի եւ կայուն էներգիայի հասանելիություն ապահովելու համար։ «Մատչելի եւ մաքուր էներգիայի հասանելիության ընդլայնում Թալին համայնքում» ծրագրի շրջանակում մեկ ամիս առաջ Թալինում սկսվել են ֆոտովոլտային կայանների մոնտաժման աշխատանքները: Թալինի համայնքապետարանը ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Այս ծրագրի հիմքում դրված է էներգախնայողության, էներգաակտիվության բարձրացման եւ համայնքի էներգաանկախության գործընթացը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 109,739 ԱՄՆ դոլար, որից 49.198 ԱՄՆ դոլարը հատկացրել է ՄԱԿ-ի ԳԷՀ  եւ ՓԴԾ-ն, իսկ 60.505 ԱՄՆ դոլարը համայնքի ներդրումն է: «Մատչելի եւ մաքուր էներգիայի հասանելիության ընդլայնում Թալին համայնքում» ծրագիրն իրականացնելու նպատակով համայնքապետարանը մոտ 30 մլն դրամ վարկ է վերցրել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից: Թալին համանքի ավագանին սեպտեմբերի 28-ին կայացրած թիվ 41 որոշումով իր համաձայնությունը տվել է վարկավորման ծրագրին։

Ծրագրի շրջանակում Թալինի համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ներում՝ մշակութային կենտրոն, մարզադպրոց, թիվ 3 մանկապարտեզ, երաժշտական դպրոց, նաեւ համայնքապետարանում, 65 ԿՎՏ ընդհանուր հզորությամբ գործող 4 ֆոտովոլտային կայաններ են տեղադրվելու։ Մարզադպրոցում կտեղադրվի նաեւ 1200 լիտր թերմոսինֆոնային ջրատաքացուցիչ:

Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ավետիք Ավետիսյանն ասում է, որ էներգախնայողության ծրագրի շնորհիվ համայնքային բյուջեից տարեկան 4,5 մլն դրամի խնայողություն կարվի, որն էլ կուղղվի վարկի մարմանը: Վարկը տրամադրվել է 5 տարով, դրանից հետո խնայված գումարը կնպատակաուղղվի զարգացման այլ ծրագրերի իրագործմանը:

Թալինում օրերս էներգախնայողության նոր ծրագիր է մեկնարկել՝ գիշերային լուսավորության ցանցի անցկացում, որի ավարտին լուսադիոդային լամպերով կլուսավորվի մոտ 1 կմ երկարության փողոցը։ Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով, ներդրվել է 3 մլն 324 հազար դրամ։

Լուսանկարները՝ Թալինի համայնքապետարանի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter