HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հարցվածների միայն 10.6 տոկոսն է գոհ իր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակից

ՀՀ կառավարության պատվերով «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը Երևանում և մարզերում մարտին 1605 քաղաքացու շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում: Հարցման արդյունքում պարզվել է, որ զբաղված է երկրի բնակչության 45.2 տոկոսը, գործազուրկ' 20.2 տոկոսը: Հարցվածների 21.8 տոկոսն իրեն համարել է տնային տնտեսուհի, իսկ 12.8 տոկոսը' թոշակառու:

Եթե այս արդյունքները համեմատենք 2010թ. դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքների հետ, ապա պարզ է դառնում, որ գործազուրկների թիվն այս ընթացքում մեծացել է: Դեկտեմբերին գործազուրկ էր հարցվածների 15.1 տոկոսը, իսկ զբաղված' 52.3 տոկոսը:

Ըստ ընտանիքի եկամուտներին վերաբերող հարցի պատասխանների' գերակշռում են հատկապես միջին եկամուտ ունեցող ընտանիքները: 2011թ. մարտին 40-130 հազ. դրամ եկամուտ է ստացել հարցվածների 46 տոկոսը, իսկ 131-260 հազար դրամ' 16.7 տոկոսը: 3.9 տոկոս են կազմել այն քաղաքացիները, որոնց ընտանիքների եկամուտը մարտին կազմել է 421 հազար դրամ և ավելի:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս է փոխվել Ձեր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը» հարցին պատասխանած քաղաքացիների 47.2 տոկոսի կարծիքով' վատացել է: Ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը նույնն է մնացել 42.2 տոկոսի դեպքում, իսկ մարտ ամսին այդ վիճակից գոհ է եղել հարցվածների միայն 10.6 տոկոսը:

Հարցված քաղաքացիների 45.3 տոկոսի համոզմամբ' իր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը պայմանավորված է աշխատանքի բացակայությամբ: 6.7 տոկոսի կարծիքով ցածր է աշխատավարձը, իսկ 24.9 տոկոսն ասել է, թե բարձր են հարկերն ու գնաճը:

«Որո՞նք են Ձեր ընտանիքի առջև կանգնած առավել կարևոր հիմնախնդիրները» հարցին 48.9 տոկոսը պատասխանել է, որ գործազրկությունն ու աշխատատեղերի բացակայությունն է, 26 տոկոսը' աղքատությունն ու սոցիալական վատ պայմանները, իսկ 8.3 տոկոսի համար կարևոր հիմնախնդիր է ցածր աշխատավարձը:

27.8 տոկոսի կարծիքով գործազրկության և աշխատատեղերի բացակայության պատասխանատուն հանրապետության նախագահն է, իսկ 46.7 տոկոսի կարծիքով' կառավարությունը: Աղքատության և սոցիալական վատ պայմանների հիմնական պատասխանատուն, հարցվածների 49.2 տոկոսի կարծիքով, կառավարությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter