HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անտառապահների արտահագուստի տրամադրման համար միջոցներ հատկացվեցին

Անտառապահներին արտահագուստ տրամադրելու հարցը գործադիրն այսօր բավական երկար քննարկեց և, ի վերջո, հավանության արժանացրեց: Որոշումը ներկայացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Գրիգորյանն առաջարկեց  անտառային կոմիտեի խնայած միջոցներից 37,2 մլն դրամ փոխանցել Հայանտառ ՊՈԱԿ-ին, որպեսզի կանոնադրական խնդիրների լուծման նպատակով անտառապահներին հատուկ համազգեստ տրամադրվի, որը նախկինում չի տրամադրվել:

«Որոշակի առումով կտարբերակվի անատառապահը քաղաքացուց, որը գտնվում է անտառում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առարկեց, քանի որ դա, իր կարծիքով, ընթացիկ պարտավորություն ամրագրելուն է նմանվում։ «Ենթադրվում է, որ կառաջանա փոփոխման պարբերականություն և դրանից բխող հետևանքներ»,- ասաց նա` նկատելով, թե չի բացառվում, որ օրենքով ամրագրվի, օրինակ, անտառային ծառայության գնդապետի համազգեստի անհրաժեշտությունը:

«Ինչի գնդապետ, միանգամից գեներալ»,- կատակեց վարչապետի պաշտոնակատարը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ զարմացավ, թե գումարն ինչու միանգամից բյուջե չի մուտքագրվում և հետո ուղղվում համազգեստին, եթե այս տարի չեն հասցնելու այն ձեռք բերել:

«Ամբողջ հարցն էն է, որ փողն ուզում է պահի, չի ուզում հետ տա, որ հետագայում օգտագործի, սա է ամբողջ պատմությունը»,- ասաց ԱԻՆ պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

Էրիկ Գրիգորյանը չհամաձայնեց` նկատելով, որ եթե այդ մոտեցմամբ առաջնորդվեին, տնտեսված ամբողջ գումարը կուղղեին համազգեստին, ոչ թե մի մասը:

«Միանշանակ է, որ անտառապահին հատուկ արտահագուստ պետք է տրվի, ինչ-որ առումով իրենք իրավապահ մարմին են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter