Դպրոց․ մեր «երկրորդ տանը» մեզ կերակրու՞մ են պատշաճ կերպով, թե՞ ոչ
Երեխաներն այսօր նախընտրում են «ֆաստ ֆուդ» կամ «արագ սնունդ», որի պատրաստման ժամանակ առաջնայինը ոչ թե սննդի որակն է, այլ պատրաստման արագությունը։ Հաճելի համ ապահովելու համար ֆաստ ֆուդը հարստացվում է շաքարով և ճարպերով, որոնք բացասական ազդեցություն են թողնում երեխաների առողջության վրա։ Անորակ սննդի մեծաքանակ գործածումը բարձրացնում է գիրանալու և դիաբետ ունենալու հավանականությունը։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) 2013թ․-ի զեկույցի [1]՝ Հայաստանում տասնմեկ տարեկան աղջիկների՝ 17 %-ը, իսկ տղաների 26 %-ը ունի ավելորդ քաշ, տասներկու տարեկան աղջիկների 13 %-ը և տղաների 24 %, տասնհինգ տարեկանների՝ 15% և 6 % համապատասխանաբար: Առաջին տիպի դիաբետով հիվանդ երեխաների թիվը ՀՀ-ում աճել է 33 %-ով 2009-ից 2012 թ․ ընկած ժամանակահատվածում [2]։ Ցածրորակ սննդի և այս խնդիրների միջև պատճառահետևանքային կապերը ապացուցելը դժվար է, քանի որ այդ նպատակով հետազոտություններ Հայաստանում դեռ չեն իրականացվել։ Քանի որ անորակ և արագ պատրաստման սննդի օգտագործման պատճառով առաջացած հիվանդությունները համաշխարհային տարածում ունեն, հարկ ենք համարում օգտվել միջազգային հետազոտություններից, որոնցից կարող ենք պատկերացում ստանալ սնունդ-առողջություն պատճառահետևանքային կապի մասին։ Բացի դրանից, ըստ 2013 թվականի հետազոտության [3] պարզ է դարձել, որ անառողջ սննդի ընդունումը ազդում է նաև երեխաների կոգնիտիվ հնարավորությունների վրա։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում և բոլոր զարգացած երկրներում գոյություն ունեն կարգադրություններ և հանձնաժողովներ, որոնք զբաղվում են դպրոցների սննդի որակի և տեսակի կարգավորմամբ։
ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես ունի այդպիսի հրաման [4], որը միտված է ծրագրելու դպրոցներում սննդի ընդունման կարգը։
Հասկանալու համար, թե ինչքանով է Հայաստանի դպրոցների ուտելիքը համապատասխանում տվյալ հրամանով սահմանված նորմերին, մենք խնդրեցինք Հայաստանի և Արցախի 11 դպրոցների աշակերտների նկարել եւ ուղարկել իրենց դպրոցների բուֆետներում առկա սննդամթերքի նկարները։
Նշենք, որ հրամանի մեծ մասը հատկացված է դպրոցներում ուտելիքի պատրաստման միջոցներին և նորմերին, սակայն սեփական խոհանոց ունեցող միջնակարգ և ավագ դպրոցների թիվը բավականին քիչ է, ուստի մենք օգտվեցինք հրամանում տեղ գտած լրացուցիչ սննդի կազմակերպման պայմաններից։
Ըստ հրամանի՝ «ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից» ուսումնական հաստատություններում արգելված է օգտագործել՝
- Տապակած կերակրատեսակներ՝ կարկանդակներ, փքաբլիթներ, չիպս և այլն
- Կրեմային հրուշակեղեն, տորթեր
- Գազավորված ըմպելիքներ
- Շաքարի և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք
- Ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն
- Հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ և այլն
Ըստ սովորողների՝ լրացուցիչ սննդի կազմակերպման համար սննդամթերքի ցանկի, ուսումնական հաստատություններում պետք է լինեն՝
- Միրգ
- Կաթ և կաթնային ըմպելիքներ
- Կաթնաթթվային ըմպելիքներ յոգուրտ, մածուն
- Կաթնաշոռային արտադրանք
- Հաց և հացաբուլկեղեն՝ փաթեթավորված
- Ընկուզեղեն, չրեղեն
- թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, վաֆլի, մինիկեքս՝ մինչև 50 գրամ
- Շաքարային հրուշակեղեն` իրիս, զեֆիր, կոնֆետներ, շոկոլադ՝ մինչև 25 գրամ
Պարզվեց, որ առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմերը շարունակաբար խախտվում են մեր ուսումնասիրած տասնմեկ դպրոցներում։ Ստորև ներկայացված բուֆետների նկարների վրա կարմիրով շրջանագծված են այն ուտելիքները, որոնք պիտանի չեն օգտագործման համար: Դրանց մեջ ներառված են չփաթեթավորված ուտելիքները, շոկոլադները, որոնց մեջ շաքարի քանակությունը բարձր է 25 գրամից (սնիկերս, թվիքս և այլն)։ Շրջանակավորված սննդատեսակների մեջ գերակշռում են նրբերշիկով կարկանդակները, որոնք ըստ հրամանի՝ օրինական են, բայց հարց է առաջանում, իսկ ինչ որակի նրբերշիկ է վաճառվում 150 դրամով։
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները հաստատում են, որ դպրոցները չեն հետևում ուսումնական հաստատությունների համար նախատեսված սննդակարգի նորմերին։
Ինչպե՞ս կարելի է ներառել առողջ սնունդ դպրոցականների առօրյայում և ինչո՞վ կարելի է փոխարինել դպրոցի «լանչերը»: Այս հարցերին պատասխանում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը:
«Լավ նախաճաշի ժամանակ երեխան պետք է պարտադիր ունենա շիլա՝ վարսակից, ցորենից, հնդկաձավարից, որը Էներգիա կհաղորդի երեխային։
Հաճախ երեխաները չեն նախաճաշում. երեխան արթնանում է, խմում է կամ չի խմում թեյ, գնում է դպրոց և այնտեղ ուտում է որևիցե շոկոլադե սալիկ կամ նրբերշիկով հաց։ Այսինքն՝ երեխայի նյութափոխանակությունը ընկճվում է, և երեխայի գլխուղեղի նորմալ աշխատանքի համար նյութեր չեն փոխանցվում: Այսինքն, ուզում ենք վառարանը վառել, բայց փայտ չենք լցում, այլ պլաստմասսա։ Պլաստմասսան թող լինի շոկոլադե սալիկը, որը ջերմություն չի տալիս, անիմաստ վառվում է։ Նույն ձևով շոկոլադը շատ արագ ակտիվացնում է ուղեղը գլյուկոզայով, բայց դրանից հետո՝ շատ կարճ ժամանակահատվածում, տեղի է ունենում անկում, որովհետև ինսուլինը շատ արագ իջեցնում է գլյուկոզայի քանակությունը արյան մեջ։ Արդյունքում երեխաները դառնում են քնկոտ և չեն կարողանում կենտրոնանալ:
Հայաստանի դպրոցների բուֆետների խնդիրը այն է, որ երեխան ուրիշ ուտելիք ստանալու հնարավորություն չունի։ Այսինքն՝ մենք պարտադրում ենք, որ երեխան օգտագործի արագ պատրաստման սնունդ և քաղցրավենիք, որովհետև երեխան չունի ընտրության հնարավորություն։ Արագ սնունդը մեր առաջարկն է, ոչ թե նրանց պահանջը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ճարպակալման և շաքարային դիաբետի ի հայտ գալն ուղղակիորեն կախված է սննդի որակից։ Երեխան ուտում է բարձր կալորիականությամբ անորակ սնունդ՝ շոկոլադե սալիկ, բայց ստանում է նորմալ հացից, նորմալ մսով, աղցանով լանչի չափ էներգիա։ Երեխայի ստացած կալորիաները ո՛չ նպաստում են մկանային համակարգի աճին, ո՛չ լավացնում են ուղեղի աշխատանքը։ Իսկ քանի որ երեխան դպրոցում ոչ թե վազվզում է, այլ նստած է, նա կուտակում է այդ կալորիաները, չաղանում, իսկ ճարպակալումը բարձրացնում է դիաբետի ռիսկը։
Շատ լավ կլինի, եթե երեխաների համար ստեղծվեն այլընտրանք միջուտեստ՝ մրգերի և բանջարեղենի տեսքով, բաժակների կամ տարաների մեջ, կտրատված, շերտատված։ Իսկ եթե դպրոցը չի կարողանում ապահովել բանջարեղենի և մրգերի քանակը, դա կարող են կազմակերպել ծնողները՝ ուղարկելով երեխաների հետ մեկը՝ տանձ, մեկը՝ խնձոր, որոնք կարելի է կտրտել, որ բոլոր երեխաները ուտեն»:
Բժիշկ Այվազյանը խորհուրդներ է տալիս ծնողներին՝ իրազեկելով նրանց երեխաների առողջ սննդի հիմունքների մասին։ Մնացածը կախված է ծնողներից՝ արդյոք նրանք կընդունե՞ն դա, թե՞ ոչ:
[1]-(2013) World Health Organization Regional Office for Europe Nutrition, Physical Activity and Obesity Armenia.
http://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0005/243284/Armenia-WHO-Country-Profile.pdf
[2] - Navasardyan, L. (2014). Epidemiology of Type 1 Diabetes in Children and
Adolescents in The Republic of Armenia. The New Armenian Medical Journa. Vol.8, Nо 3,89-94
Retrieved from https://ysmu.am/website/documentation/files/79650ab6.pdf
[3]- Tobin, K. J. (2013), Fast‐food consumption and educational test scores in the USA. Child: Care, Health and Development, 39: 118-124
Retrieved from https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1111/j.1365-2214.2011.01349.x
[4]-(2014). «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-02-2014 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Retrieved from https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=91326
Նինա Շահվերդյան,
Հայաստանի Ամերիկյան համալսարան, 2-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ







Մեկնաբանել