10 խոշոր հարկատուներն ու նրանց հարկերի փոփոխությունը. հունվար-սեպտեմբեր
Այս տարվա առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին, ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ճշգրտած տվյալների, պետական բյուջե են վճարել մոտ 673 մլրդ 560 մլն դրամի հարկեր ու տուրքեր։ Ինչպես ցույց են տալիս ՊԵԿ-ի հրապարակած ցանկերը, 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հարկերի ծավալն աճել է մոտ 94.5 մլրդ դրամով կամ 16.3 %-ով։
Ինն ամիսների տվյալներով՝ հանրապետության խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» (ԶՊՄԿ) է, որը նշված ամիսներին պետբյուջե է վճարել մոտ 32.8 մլրդ դրամի հարկեր։ 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընկերության վճարած հարկերի ծավալն աճել է 2.5 անգամ։ 2017թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցանկում 5-րդ տեղն է զբաղեցրել։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, որը տարիներ շարունակ գլխավորել է հարկատուների ցանկը և այս տարի, փաստորեն, տեղը զիջել է ԶՊՄԿ-ին։ Ընկերությունը վճարել է մոտ 30.4 մլրդ դրամի հարկեր՝ մոտ 1.9 մլրդ դրամով պակաս, քան 2017-ի հունվար-հոկտեմբերին։
Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակոն»՝ մոտ 27.7 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է 5.5 մլրդ դրամով։
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն այս անգամ չորրորդ հորիզոնականում է՝ մոտ 14 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության վճարած հարկերի ծավալը 2017թ. հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 2.2 մլրդ դրամով։
Հնգյակի վերջում «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունն է։ Այս տարվա ինն ամիսներին պետբյուջե է վճարել մոտ 13.2 մլրդ դրամի հարկեր՝ մոտ 3.9 մլրդ դրամով ավելին, քան նախորդ տարի։
Վեցերորդ տեղում ոսկու արդյունահանմամբ զբաղվող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունն է։ Պետբյուջե է վճարել մոտ 12.4 մլրդ դրամի հարկեր։ 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ հարկերի ծավալն ավելացրել է 2.1 մլրդ դրամով։
Հաջորդում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ 10.1 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա համեմատ հարկերի աճը կազմել է 2.4 մլրդ դրամ։
Խոշոր հարկատուների ցանկում ութերորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է։ Ինն ամիսներին պետբյուջե է վճարել մոտ 9.9 մլրդ դրամ։ Ընկերության հարկերի ծավալը 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 1.9 անգամ։
Իններորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» է՝ 9.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերությունը հարկերի ծավալն ավելացրել է 1.4 մլրդ դրամով։
Եվ, վերջապես, խոշոր հարկատուների տասնյակն այս անգամ եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիան», որը զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ։ Ընկերության վճարած հարկերի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 8.7 մլրդ դրամ՝ 858 մլն դրամով ավելին, քան 2017թ. նույն ժամանակաշրջանում։
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն խոշոր հարկատուների ցանկն արդեն ներկայացնում է ըստ հարկատեսակների՝ ըստ շահութահարկի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և այլն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել