HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ֆլեշի Բարսեղ անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը եկավ դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, այսօր սկսեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի`«Ֆլեշի Բարսեղի» գործով դատական գործի քննությունը:

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հետ դատարան եկած Բարսեղյանն անարձագանք չթողեց դատարանում լրագրողների ներկայության հանգամանքը: «Ի՞նչ եք կորցրել, ինչի հետևից եք ընկել»,- լրագրողներին տեսնելով՝ ասաց Բարսեղ Բեգլարյանը:

Այս պահին նրա վերաբերյալ դատական նիստը սկսվել է:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն օրեր առաջ հայտնել էր, որ ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Իրականացված քննությամբ, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հիմնավորվել է, որ Նարեկ Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:

«Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումը ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20 000 ԱՄՆ դոլար գումար:

Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ. Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9 700 000 դրամը փոխանցել ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter