HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին տնօրենի պնդմամբ՝ Բարսեղ Բեգլարյանի ցուցումով իր նկատմամբ բռնություն են կիրառել

«Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը պնդում է, որ ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել ընկերության նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր նշանակված էր Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստ, որին ներկայացած տուժող Արման Մկրտումյանը լրագրողների հետ զրույցում պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Ըստ Մկրտումյանի՝ «Ֆլեշ Մոտորս» ընկերության երկու մենեջեր ընկերությունից յուրացում են կատարել, որի համար այս պահին արդեն մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել:

Յուրացման դեպքի մասին հայտնի դառնալուց հետո, ըստ Մկրտումյանի խոսքի, իր նկատմամբ բռնություն է գործադրվել ընկերության կոնֆերենս սրահում:

««Ֆլեշ Մոտորս» ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանն իմ նկատմամբ բռնություն է գործադրել Բարսեղ Բեգլարյանի ցուցումով և նրա ներկայությամբ: Հրայր Հովսեփյանը հարվածել է իմ ուսերին, գցել է գետնին, և այլն, և այլն… չմանրամասնեմ»,- ասաց տուժող Մկրտումյանն ու նշեց, որ այդ բռնությունների հետևանքով է, որ գրավադրել է իր բնակարանը:

Հարցին՝ Մկրտումյանն առձե՞ռն է հանձնել գումարը Բեգլարյանին, տուժողը պատասխանեց, որ ինքը բնակարանը գրավադրել է «Արարատ» բանկում և դրանցից հետո, փաստացի, գումար չի ստացել:

«Այդ գումարը ես չեմ ստացել, քանի որ Բարսեղյանն, այսպես ասած, «Արարատ» բանկի տերն է, հետևաբար այդ գումարը անուղղակի ձևով փոխանցվել է նրան»,- նշեց տուժող Մկրտումյանը:

Վերջինս խոսքով՝ գումարը վերցնելուց հետո Բարսեղ Բեգլարյանն իր վերաբերյալ հաղորդում է տվել Քննչական կոմիտեում և 6-7 ամիս գործը քննելուց հետո որոշում է կայացվել իր՝ Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով:

Տուժողը նշեց, որ ընկերությունից յուրացում չի կատարել: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են հենց իրեն պարտադրել, որ գրավադրի բնակարանը, Մկրտումյանը պատասխանեց՝ որովհետև ինքն է եղել յուրացման մեջ մեղադրված անձանց ղեկավարը:

Տուժողը նշեց նաև, որ իր գործողությունները վարչական դատարանը գնահատել է որպես հասարակ անզգուշություն և իր նկատմամբ վարչական տուգանք է նշանակել 280 հազար դրամի չափով, ինքը որոշումը բողոքարկել է, Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքն, ու եթե դատական ակտն օրինական ուժ ստանա, ապա կվճարի նշված գումարը:

Հարցին՝ գործի քննության ընթացքում Բեգլարյանի կողմից ճնշումներ եղե՞լ են տուժողի նկատմամբ, թե ոչ, արդյոք առաջարկել են ետ վերցնել բողոքը, Մկրտումյանը պատասխանեց, որ ճնշումներ չեն եղել, սակայն պատրաստակամություն են հայտնել գումարը փոխհատուցելու:

Իսկ հարցին, թե անձամբ Բարսեղյա՞նն է առաջարկել, որպեսզի փոխհատուցի գումարը, Մկրտումյանը պատասխանեց, որ առաջարկը եղել է նրա փաստաբան Կրոմվել Գրիգորյանի միջոցով, սակայն ինքն այդ առաջարկը մերժել է:

Մկրտումյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն կլինի, ու դրա արդյունքում Բարսեղ Բեգլարյանը կդատապարտվի:

Գործի վերաբերյալ հարցերին Բարսեղ Բեգլարյանը չպատախանեց: Միայն նշեց, որ ուղղորդում է տեսնում Դատախազության և Քննչական կոմիտեի կողմից՝ չմանրամասնելով՝ ինչ ուղղորդման մասին է խոսքը, ում և ինչու են ուղղորդել:

Նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունն ինքն է ներկայացրել Դատախազություն, որպես երաշխավորող հանդես է եկել «Արարատ» բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։

Պաշտպանն ասաց նաև, որ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։

«Նա գրավոր հրաժարվել է՝ նշելով, որ չի ցանկանում իր նկատմամբ համաներում կիրառվի, քանի որ պնդում է, որ որևէ հանցավոր արարք չի կատարել»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները՝ տուժողի և երկու ենթադրյալ վկաների։ Ըստ Գրիգորյանի՝ տուժող Մկրտումյանը բանկից ստացած գումարները ծախսել է իր կարիքների համար։

Կրոմվել Գրիգորյանի խոսքով՝ իր պաշտպանյալի կողմից բռնություն գործադրելու սպառնալիք չի եղել, նրան վերագրվող ինքնիրավչության հետևանքը չկա. ապացույց ներկայացված չէ, որ գումար է մուտք արվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ին, ինչն արդեն իսկ, ըստ պաշտպանի, բավական էր քրական գործը կարճելու համար:

Հարցին, թե ո՞րն է տուժողի շահագրգռվածությունը, որ Բարսեղյանի և Հովսեփյանի դեմ հաղորդում է ներկայացրել, պաշտպանը պատասխանեց. «Տուժողը շանս ունի, իրավիճակ է փոխվել, երկրում իշխանություն է փոխվել, և նա հույս ունի, որ գումարը, որն իր անձնականի համար ծախսել է, միգուցե հետ գա»:

Դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը, մինչ դատավորին՝ ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումներ հայտնելը տեղեկացրեց, որ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե ինքն այս գործով կաշկանդվածություն ունի:

Նշենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար, պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին է: Բարսեղ Բեգլարյանն, ով առավել հայտնի է որպես Ֆլեշի Բարսեղ, ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի մտերիմ, և վերը նշվածը հաշվի առնելով՝ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ, չի բացառվում՝ Դավիթ Հարությունյանը ինքնաբացարկ ներկայացնի:

Կողմերը, սակայն, դատավորին ինքնաբացարկ չհայտնեցին: Ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ ինքը բացարկի միջնորդություն ունի մեղադրող դատախազին և ժամանակ խնդրեց` դրան պատրաստվելու համար: Նիստը հետաձգվեց և նշանակվեց 2019 թվականի հունվարի 29-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter