HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի, ԱԱԾ տնօրենի, առաջին փոխվարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներն ու դրանց գույքը (լուսանկարներ)

Պաշտոնյաներից մեկի հետ իր աշխատասենյակում զրուցում էինք, և նա ցույց տվեց իր աթոռը, որը չափերով այնքան մեծ էր, որ նույնիսկ նստել և աշխատելն էր անհարմար: Պատմեց՝ երբ նոր է նշանակվել, փորձել է ազատվել այդ բազկաթոռից, սակայն պարզել է, որ աթոռը նույնիսկ գերատեսչության հաշվեկշռում չկա: Ինչ-որ մեկի անձնական միջոցներով գնված աթոռի շուկայական գինը մոտ կես միլիոն դրամ է: Մեզ մոտ հետաքրքրություն առաջացավ ուսումնասիրել և պարզել, թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում ինչ գույք կա, ինչ արժեք ունի և երբ է ձեռք բերվել: Դիմեցինք գրեթե բոլոր գերատեսչություններին, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությանը: Բնականաբար, ԱԱԾ-ի տնօրենի աշխատասենյակում նկարահանումներ անելն ի սկզբանե անհեռանկար էր, որովհետև դիմելուց առաջ վստահ էինք, որ մերժելու են: Պարզվեց՝ ոչ միայն չեն մերժում, այլև պատրաստ են, գերատեսչությունների համար որպես օրինակ, հենց առաջինը բացել կառույցի ղեկավարի աշխատասենյակի դռները:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Մինչ Ազգային անվտանգության ծառայություն կոչվելը անվտանգության մարմիններ, որպես այդպիսին, ստեղծվել են Հայաստանի խորհրդայնացման առաջին տարում: Անվտանգության մարմինը կոչվում էր Արտակարգ հանձնաժողով(ЧК): «ЧК»-ն իր տեսակով և բնույթով եղել է փակ և խիստ գաղտնի կառույց: Հետագայում ստեղծվեց ՊԱԿ-ը՝ Պետական անվտանգության կոմիտեն, իսկ Հայաստանի անկախացումից հետո՝ 2004 թվականին, մի քանի անուն ստանալուց հետո այն կոչվեց Ազգային անվտանգության ծառայություն:

Ազգային անվտանգության ծառայությունում մեզ դիմավորեցին ծառայության տնօրենի 2 օգնականները և ուղեկցեցին Արթուր Վանեցյանի աշխատասենյակ: Գնացել էինք ոչ աշխատանքային օր, որպեսզի չխոչընդոտենք աշխատանքը: Մինչ աշխատասենյակ մտնելը սպասումներն այլ էին, քանի որ ԱԱԾ-ն միշտ եղել է ՀՀ ամենախորհրդավոր ու փակ կառույցը, և այն փաստը, որ այստեղ լրագրող է հայտնվում, մի քիչ տարօրինակ էր: Այլ էին զգացողությունները նաև այն պատճառով, որ Գորիկ Հակոբյանի երբեմնի սենյակում էինք. ծառայության երկարամյա տնօրենն, ինչպես հայտնի է, մեղմ ասած, այնքան էլ դրական վերաբերմունք չուներ մամուլի և լրագրողների նկատմամբ:

Զարմանալի էր նաև նման գույք տեսնելը, քանի որ սպասում էինք այստեղ շատ ավելի ճոխ կահույք տեսնելու: Վանեցյանի աշխատասենյակում անձնական լուսանկարներ չկային. առաջինը, որն աչքի ընկավ վնասված սեղանն էր: Վանեցյանի օգնականներն ասացին՝ առաջին լրագրողներն եք, որ երբևէ եղել է ԱԱԾ տնօրենի սենյակում, ապա կատակեցին՝ հավանաբար նաև վերջինը:

Արթուր Վանեցյանի աշխատասենյակը ժամանակին եղել է Գեորգի Կուտոյանի, Գորիկ Հակոբյանի աշխատասենյակը. այնտեղ որևէ փոփոխություն չի կատարվել: Կահույքը հնաոճ է, սակայն` ոչ էժանագին: Վանեցյանի աշխատասենյակում հնաոճ իրեր ևս կային. 1962 թվականի փայտյա փոքրիկ տաճար:

Արթուր Վանեցյանի հանգստյան սենյակում նկատեցինք նաև մարզասարք, այն ձեռք է բերվել ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անձնական միջոցներով, վերջինս պաշտոնանկությունից հետո սարքը թողել է կառույցում:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատասենյակում կապիտալ վերանոգորում չի կատարվել: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԱԾ տնտեսական վարչության պետ Վ. Ֆարսյանը: «2016 թ-ին մասնակի ներկվել է առաստաղը, փոխվել է սանհանգույցի ծորակը, որի ընդհանուր արժեքը կազմել է 250 հազար դրամ և կատարվել է ՀՀ ԱԱԾ ֆինանսական միջոցներով»,- գրել է տնտեսական վարչության պետը:

Ծառայության տնօրենի աշխատասենյակում կա 3 սեղան, որոնցից մեկը խորհրդակցությունների, մյուս երկուսը՝ աշխատանքային, մեկ բազկաթոռ, հեռախոսի տակդիր, հեռուստացույցի տակդիր, հեռուստացույց, 30 հատ կիսափափուկ աթոռ, սեղանի լամպ և ջահ: ԱԱԾ տնօրենի հանգստի սենյակում կա գզրոցով 1 սեղան, 1 սառնարան և կահույքի հավաքածու: Հավաքածուն իր մեջ ներառում է՝ զգեստապահարան, լրագրասեղան, գրապահարան, 2 կոմոդ և 1 բազմոց: ԱԱԾ տնօրենի աշխատանքային և հանգստի սենյակների գույքը, ըստ ծառայության տնտեսական վարչության պետի տրամադրած տվյալների, արժե 1 միլիոն 286 հազար դրամ: Գույքի հիմնական մասը ձեռք է բերվել 1974 թվականին:

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

ՀՀ նախագահի նստավայրը մինչ օրս տեղակայված է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում՝ կառավարության ընդունելությունների նախկին տան տեղում: Նախագահի աշխատասենյակում և հանգստյան սենյակում որևէ կտավ չկար, հանգստյան սենյակում չկար նաև բազմոց, ինչը գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարների հանգստյան սենյակում առկա էր. նախագահի հանգստյան սենյակում կար միայն մեկ սեղան` իր աթոռներով և հագուստի պահարան: Արմեն Սարգսյանի աշխատասեղանին ընտանեկան լուսանկարներ ևս չկային: Կար մեկ լուսանկար դպրոցականների հետ, վերջիններս մանկական օլիմպիադայից վերադառնալիս ճանապարհին հանդիպել էին նախագահին, Արմեն Սարգսյանը լուսանկարվել էր նրանց հետ և խոստման համաձայն՝ հունիսի մեկին հրավիրել իր նստավայր:

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին` մեզ չեն տրամադրել տեղեկություններ, թե ինչ գույք կա նախագահի աշխատանքային և հանգստի սենյակներում, դրանք երբ են ձեռք բերվել: Նախագահականից հայտնել են նաև, որ գույքի որոշ մասը ձեռք է բերվել կառավարության գաղտնի որոշմամբ. «Նախագահի աշխատասենյակի վերանորոգումը և հիմնական գույքի ձեռքբերումը իրականացվել է.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. փետրվարի 1-ի  գաղտնի որոշմամբ: Գույքի որոշ մասը` Հանրապետության նախագահի աշխատակազմի միջոցով` ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի գաղտնի որոշմամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատասենյակի գույքը հաշվառված է Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում»,- ասված է պատասխանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ և Բաղրամյան 26 չկարողացանք մուտք գործել

Չնայած Նիկոլ Փաշինյանն իր նշանակվելու օրվանից ուղիղ հեռարձակումներով ցուցադրել է թե՛ Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեում տեղակայված, թե՛ Բաղրամյան 26-ի իր աշխատասենյակները, սակայն նրա աշխատակազմը տարբեր պատճառաբանություններով թույլ չտվեց մեզ լուսանկարահանումներ կատարել վերոնշյալ երկու շենքերում: Վարչապետի աշխատակազմից նախ մերժում ստացանք, որ նպատակահարմար չէ այնտեղ լուսանկարահանումներ կատարել՝ առանց որևէ պատճառաբանության, երբ կրկին դիմեցինք՝ խնդրելով մերժման հիմքը տրամադրել, ստացանք նույն պատասխանը՝ նպատակահարմար չէ: (Gov_2.pdf (293 KB)պատասխանն այստեղ): Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների ժամանակ տեսանելի է եղել ոչ միայն շենքի գույքն ու կահավորանքը, այլև պատուհանների դիրքը:

Բաղրամյան 26 նույնպես մուտք գործել չհաջողվեց. չնայած խորհրդարանն արդեն ընդունել է «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու օրենք»-ի նախագիծը, նախագահն էլ ստորագրել, սակայն վարչական շենքի հանձնում-ընդունում դեռ չի եղել: Ի սկզբանե մենք գրություն էինք ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի վերջինս համաձայնություն տա Բաղրամյան 26-ում լուսանկարահանումներ կատարելու, սակայն վարչապետի աշխատակազմից մեզ ուղղորդեցին նախագահի աշխատակազմ: Այնտեղից էլ ասացին՝ դեմ չեն նկարահանումներին, սակայն քանի որ իրենց չի փոխանցվել շենքը, իրենք իրավասություն չունեն թույլատրելու:

«Հանրապետության նախագահի աշխատակազմը սկզբունքորեն առարկություն չունի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքում լուսանկարահանումներ իրականացնելու առումով, սակայն հարկ ենք համարում նշել, որ հիշյալ հասցեում տեղակայված շենք-շինությունները հանձման-ընդունման ակտով չեն փոխանցվել հանրապետության նախագահի աշխատակազմին»,- ասված է նախագահականից ստացված գրության մեջ (տես ամբողջական գրությունը): Մենք այս գրությունը ուղարկեցինք կառավարություն, սակայն կրկին մերժում ստացանք: Վարչապետի աշխատակազմից կոչ արեցին սպասել մինչ Բաղրամյան 26-ում տեղակայված վարչական շենքը նախագահի աշխատակազմին փոխանցվի և այնուհետև դիմել նախագահի աշխատակազմ (տես ամբողջական պատասխանը): Բաղրամյան 26-ի գույքի մասին հարցումը կառավարությունն անպատասխան է թողել:

 

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակները և հանգստյան սենյակները

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասենյակը նախատեսված էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համար, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակը՝ Արմեն Գևորգյանի համար: Ըստ մամուլի հրապարակումների՝ այս երկու աշխատասենյակներն էլ վերանորոգվել ու կահավորվել են մինչ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը:

Մենք գրավոր հարցում էինք կատարել կառավարություն՝ խնդրելով տրամադրել վարչապետի, փոխվարչապետերի աշխատասենյակների և հանգստի սենյակների գույքի, սենյակների նորոգման վերաբերյալ տեղեկություններ, սակայն կառավարությունից անհիմն մերժումներ ենք ստացել: Մեր առաջին հարցմանն ի պատասխան` կառավարությունից տրամադրել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատասենյակի վերաբերյալ տեղեկություն, իսկ Միրզոյանի և Ավինյանի աշխատասենյակների գույքի մասին տեղեկությունը մերժել են՝ հղում կատարելով կառավարության 2018 թ-ի ապրիլի 5-ի 367-Ն գաղտնի որոշմանը և «Գնումների մասին» օրենքին: Մենք փորձեցինք հնարավորինս հանրամատչելի բացատրել վարչապետի աշխատակազմին, որ սենյակներում առկա գույքի ցանկը ո´չ «Գնումների մասին» օրենքով, ո´չ էլ կառավարության` իրենց հիշատակած գաղտնի որոշմամբ, չի կարող համարվել գաղտնիք, սակայն գործադիրում անդրդվելի էին: Մեր լրացուցիչ հարցումից հետո կրկին մերժում ստացանք:

Այնուամենայնիվ, փոխվարչապետերի սենյակներ մեզ հաջողվեց մուտք գործել և լուսանկարահանումներ կատարել: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում ոչինչ չի փոխվել իր նշանակվելուց հետո. օգնականի խոսքով՝ միայն մի քանի նկարներ են ավելացրել՝ «սենյակի մռայլ գույները» փոխելու համար: Միրզոյանի հանգստյան սենյակում, բացի կտավից, տեղադրված է նաև թիմակիցների՝ «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամների նկարը: Տիգրան Ավինյանի աշխատասենյակում ևս որևէ գույք չի փոխվել իր նշանակվելուց հետո:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատասենյակը

Հայաստանի 3 փոխվարչապետերից միայն Մհեր Գրիգորյանի աշխասենյակն է, որը վերջերս չի վերանորոգվել: Այն նախկինում եղել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի աշխատասենյակը: Փոխվարչապետ Գրիգորյանի սենյակում իր նշանակվելուց հետո գույքի փոփոխություն չի եղել. սենյակում կան մի քանի կտավներ, տարբեր երկրներից հուշանվերներ:

Մհեր Գրիգորյանի աշխատասենյակի ամբողջ գույքն արժե 16 միլիոն 336 հազար դրամ: Փոխվարչապետի աշխատասենյակում առկա են` 3 հեռախոս, հասանքի անխափան սնուցման սարք, 2 գրապահարան, 4 բազկաթոռ, որոնցից 1-ը` կաշվե (նախատեսված ղեկավարի համար), 3 հատ գորգ, ամսագրի սեղան և բազմոց, տաքացուցիչ, օդորակիչ: Դրանցից բացի՝ համակարգիչ, հեռախոս (ֆաքս), 2 հեռուստացույց, 4 սեղան, որոնցից մեկը` նիստերի համար, գրքերի 2 պահարան, բյուրեղապակյա 2 ջահ, 3 օդորակիչ և 1 տպիչ: Մհեր Գրիգորյանի աշխատասենյակի գույքը ձեռք է բերվել 2005-ից 2017 թվականների ընթացքում:

 

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի աշխատասենյակը

Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցը գտնվում է Բաղրամյան 26 հասցեում տեղակայված նախագահի նստավայրի հետնամասում՝ առանձին շենքում: Այս շենքի պատշգամբից տեսարան է բացվում դեպի Բաղրամյան 26: Այս կառույցի լիազորությունները նախկինում նախագահի վերահսկողական ծառայությունն էր իրականացնում, սահմանադրական փոփոխություններից հետո, սակայն, այն լիազորությունները, որոնք վերապահված էին նախագահի վերահսկողական ծառայությանը, փոխանցվեցին վարչապետի վերահսկողական ծառայությանը: Կառույցի գույքը թերևս ձեռք է բերվել նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի պաշտոնավարման տարիներին:

ՊՎ ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի աշխատասենյակի և դրան կից հանգստի սենյակի վերանորոգման, այդ սենյակներում առկա շարժական գույքի ձեռքբերման մասին տեղեկատվություն ՊՎԾ-ն չի տիրապետում: «Անտառային 188 շենքը, որտեղ տեղակայված է ՊՎԾ-ն կառույցի հաշվեկշռում չէ: Այս շենքում մինչև թավշյա հեղափոխությունը տեղակայված է եղել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: Իսկ ՊՎԾ-ն նոր ստեղծված կառույց է և չի հանդիսանում ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության իրավահաջորդը: Բացի այդ, ՊՎԾ-ի հաշվեկշռին գրանցված չէ որևէ այլ շարժական գույք, բացառությամբ երկու ավտոմեքենաների, ուստի Ձեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայությունը չի տիրապետում որևէ տեղեկատվության»,- ասված է պատասխանում:

Հաշվի առնելով այն, որ մեր հարցմանն ի պատասխան չեն հայտնել, թե կառույցն ինչ գույք ունի, փորձենք նկարագրել այն, ինչ տեսել ենք նկարահանումների ժամանակ: Աշխատասենյակի և հանգստյան սենյակի կահույքն ամենևին էլ էժանագին չէ, քիչ գերատեսչություններ կային, որոնք նման գույքով աչքի ընկան: Սենյակը կահավորված էր ղեկավարի և խորհրդակցությունների սեղաններով ու կից աթոռներով: Սանասարյանն իր աշխատասեղանի անմիջապես վերևում փակցրել էր եռագույնը` ձեռքերին և դուխով գլխարկներով մի քանի երեխաների լուսանկար, իսկ հենց աշխատասեղանի դիմացի հատվածում՝ հեղափոխության օրերից հայտնի Լելյա տատիկի լուսանկարը: Ի դեպ, այս կառույցում հեղափոխության նկարների պակաս չկար. Դավիթ Սանասարյանի աշխատասենյակի ճանապարհին մի քանի նման նկարներ կային: Հանգստյան սենյակում կար բազմոց, պահարան, լրագրասեղան, հեռուստացույց, լոգասենյակը ևս բավականին նորաոճ էր:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի աշխատասենյակը

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի աշխատասենյակ մուտք գործել չհաջողվեց, քանի որ ոստիկանության լրատվական վարչությունից մեզ առաջարկեցին լուսանկարել միայն աշխատասենյակն ու խորհրդակցությունների սենյակը, իսկ հանգստյան սենյակը՝ ոչ, մենք մերժեցինք այդ առաջարկը, քանի որ բոլոր գերատեսչությունները պետք է լուսանկարեինք նույն սկզբունքով՝ և՛ հանգստյան սենյակ, և՛ աշխատասենյակ: Կարելի է ենթադրել, որ ոստիկանապետն ինչ-որ բան է թաքցնում հանգստի սենյակում, որ չի ցանկանում հանրության համար տեսանելի լինի:

Ոստիկանապետի անունով արված մեր հարցմանն ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ 2014 թվականին ոստիկանության պետի աշխատասենյակի մասնակի վերանորոգման վրա ծախսվել է 490 հազար դրամ:

Ոստիկանապետի աշխատասենյակի և հանգստի սենյակի գույքը ձեռք է բերվել 1995 թվականից: Այդ ժամանակ գնվել է գրասեղան, չհրկիզվող պահարան, պահարան-բազմոց, 2 պահարան և կլոր սեղան, որոնք փորագրություն ունեն: 2002 թվականին ձեռք է բերվել 2 հատ գրապահարան, 2004 թ-ին՝ 2 հատ օդորակիչ: Մնացած գույքը գնվել է 2008-ից 2014 թթ-երին: Այդ ժամանակ գնվել է փափուկ կահույք, 2 զգեստապահարան, մետաղյա պահարան, սեղան, առանձնասենյակի գույք, ջրատաքացուցիչ, լրագրասեղան, DVD նվագարկիչ, ղեկավարի բազկաթոռ, կահույք լրակազմ, օդորակիչ, քարտուղարի սեղան, հեռուստացույց, սառնարան և 12 հատ աթոռ: Ոստիկանությունն ամբողջ գույքը գնահատել է 5 միլիոն 47 հազար դրամ:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակն ու հանգստի սենյակը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի սենյակում ոչինչ չի փոխվել իր նշանակվելուց հետո. այստեղ նույն կահույքն է, ինչ կար թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Գալուստ Սահակյանի, թե՛ Սամվել Նիկոյանի պաշտոնավարման տարիներին: Խորհրդարանի ղեկավարի աշխատասենյակն ընդհանուր առմամբ պահպանել է իր ոճը, և վերանորոգումից հետո կտրուկ փոփոխություններ չեն եղել:

Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը, հանգստի սենյակը և սանհանգույցը վերանորոգվել են 2006թ. ՀՀ ԱԺ շենքի ընդհանուր վերանորոգման շրջանակում: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը՝ մանրամասն նշելով, թե ինչ գույք կա ԱԺ նախագահի աշխատասենյակում և հանգստի սենյակում: Խորհրդարանի խոսնակի աշխատասենյակի գույքը ներկայացնում ենք ըստ ձեռքբերման տարեթվի: 1986 թվականին ձեռք է բերվել թվով 3 հատ փոքր պատվանդանը և 3*12 չափսի գորգը, որն արժեցել է 38 հազար դրամ: 2004 թվականին գնվել է 2 կողադիր և 1 դիմադիր սեղան, ինչպես նաև 19 հատ բազկաթոռ, որոնցից մեկը ղեկավարի բազկաթոռ է: Նույն տարում են ձեռք բերվել նաև 2 խորհրդակցական սեղան և 1 գրասեղան: 2008 թվականին գնվել են «Պիոներ» հեռուստացույցն ու DVD նվագարկիչը, և ևս 3 բազկաթոռ: 2010 թվականին գնվել են օվալաձև 1 լրագրասեղան, 1 տպիչ, 2 օդորակիչ և 1 պահարան: 2011 թվականին գնվել են դրոշ, տակդիր, «Պանասոնիկ» տեսակի հեռախոս: 2014 թվականին գնվել են ևս մեկ հեռուստացույց, 1 դյուրակիչ համակարգիչ, 2 հեռախոս, զինանշան:

ԱԺ նախագահի հանգստի սենյակում կան 2 բազմոց, 5 հատ բազկաթոռ, որոնցից մեկը նախատեսված է  ղեկավարի համար, 2 լրագրասեղան, 1 գրասեղան: Հանգստի սենյակում 2 հատ չհրկիզվող պահարան կա, որոնցից մեկը երկդռնանի է: Առկա է նաև հեռախոս, նվագարկիչ, սառնարան, էլեկտրական տաքացուցիչ, թուղթ մանրացնող սարք, ջրատաքացուցիչ, օդորակիչ և 4 հատ պահարան, որոնցից 2-ը ներկառուցված են: ԱԺ նախագահի աշխատասենյակի և հանգստի սենյակի գույքի ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն 383 հազար դրամ, որի մեջ չի մտնում գույքի որոշ տեսակների արժեքը, որոնք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի տված ցանկում բացակայում են:

Մեր հաջորդ հրապարակումներում կներկայացնենք նախարարների աշխատասենյակներն ու հանգստյան սենյակները:

Շարունակելի...

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի և Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter