
Գեներալ Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից
Լրացված. 23:38 Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից:
20:52
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Այս մասին «Հետք»-ին ասաց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Կարծում եմ, որ դատական ակտը իրավաչափ և հեղինակավոր է, ըստ էության դատարանն արդարադատություն իրականացրեց»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Այս պահին Գրիգորյանը դեռևս «Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ում է, գրավի գումարը վճարելուց հետո նա ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17 000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն:
Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71 760 000 դրամ, 80 000 ԱՄՆ դոլար, 67 350 եվրո, 246 500 ուկրաինական արժույթ: Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվերակությամբ զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:
Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին, հայտարարել, որ վերջինիս առողջական վիճակն անհամատեղելի է կալանք կրելու հետ սակայն մինչ այս դատարանը, մշտապես երկարացրել է նրա կալանքի ժամկետը:
Մեկնաբանել