HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կաթնառատցիներին ունեզրկել են երեք անգամ՝ բոլշեւիկները, ՀՀՇ-ականները եւ հանրապետականները

Կաթնառատում (Լոռու մարզ, Տաշիր) առաջին ունեզրկումը տեղի է ունեցել 1920-ին: Հայաստանի խորհրդայնացման ժամանակ բոլշեւիկները բռնագրավում են Կաթնառատ գյուղում 19-րդ դարավերջին հաստատված շվեյցարացի պանրագործ Գոթֆրիդ Գրաֆի կալվածքը, որն այն ժամանակ Անդրկովկասում ամենամեծն էր՝ 700 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ուներ, մեծ թվով ձիեր, ոչխարներ, պանրագործարաններ եւ այլն:

Տաշիրում շվեյցարացի ֆերմերի պանրագործական տնտեսության հիման վրա 1930թ․ ստեղծվել է պետական անասնապահական տնտեսություն՝ «Պետֆերմա»: Մինչեւ 1961-ը Կաթնառատը Ռուսաստանի ենթակայության խորհրդային տնտեսություն է եղել, այստեղ արտադրված շվեյցարական պանիրն առաքվում էր Մոսկվա։ 1961թ.-ից հետո գյուղը պետական տնտեսության կարգավիճակով՝ «Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ, ենթարկվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը, ապա անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտին: Այն «կովկասյան գորշ» ցեղի խոշոր եղջերավոր անասունների տոհմային անասնաբուծարանն է եղել:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երբ մասնավորեցվում էին պետական գույքն ու հողերը, Կաթնառատում գտնվող «Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ-ն գյուղատնտեսական խիստ մասնագիտացված 98 ձեռնարկությունների ցանկում էր, որոնք ՀՀ նախարարների խորհրդի 1991թ. մարտի 6-ի թիվ 186 որոշումով ժամանակավորապես ենթակա չէին սեփականաշնորհման։ Կառավարությունը նպատակ ուներ պահպանել հանրապետությունում միակ «կովկասյան գորշ» ցեղի խոշոր եղջերավոր անասունների տոհմային անասնաբուծական տնտեսությունը: Կաթնառատցիների ասելով՝ տոհմային տնտեսությունն այն ժամանակ 2200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ուներ:

Բնակչությունը դժվար է համակերպվել ֆերման չսեփականաշնորհելու մտքի հետ: 1990-ականների սկզբին սոցիալական դժվարին վիճակում գտնվող գյուղացիները փորձել են ուժով տիրանալ տոհմային տնտեսության անասուններին, սակայն իրավապահների դիմադրությանն են հանդիպել:

Կաթնառատի վարչական ղեկավար Ռուբիկ Ղազարյանի ասելով՝ մասնագիտացված ձեռնարկությունն այդ որոշմանը հաջորդած մի քանի տարիներին հիմնովին քայքայվել է, 2200 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 600 գլուխ էր մնացել, անհնար էր դարձել գիտահետազոտական տնտեսության պահպանումը, բայց համառորեն չէին ցանկանում սեփականաշնորհում իրականացնել։

«Բոլորին ձեռք էր տալիս այդ վիճակը, բացի ֆերմայի բանվորներից: Գյուղացիները ոչինչ չստացան, կովերը հասան տնօրենին, հաշվապահին, անասնաբույժին, գյուղակադեմիայի աշխատակիցներին, բայց ֆերմայի աշխատողները ոչինչ չստացան»,- պատմում է Կաթնառատ համայնքի նախկինում ավագանու անդամ Հրաչիկ Ջանոյանը:

«1994-ին ժողովուրդը կրկին դուրս եկավ եւ պահանջեց ֆերման սեփականաշնորհել: Այդ ժամանակ տեղի իշխանությունների եւ ժողովրդի միջեւ կոնֆլիկտ եղավ, թույլ չտվեցին։ «Մարզի դատախազով, դատավորով, մարզային իշխանավորներով գյուղացիներին հավաքել եւ ահ էին տալիս: Տղաներից ամենահամարձակները փորձեցին անասուններից վերցնել, բայց իրավապահները կանխեցին: Դրանից հետո նրանց ուղարկեցին Արցախ եւ այնտեղ զոհվեցին (Կաթնառատից 48 հոգի մասնակցել է Արցախյան պատերազմին, նրանցից 7-ը զոհվել են-Ս.Պ.): Ամեն ինչ արվեց բնակչության ըմբոստությունը ճնշելու համար»,- վերհիշում է Հրաչիկ Ջանոյանը:

1994-95թթ. գյուղնախարարությունը «Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի առողջացման ծրագիր է մշակում, ներդրումներ են արվում եւ նորից անասուններ գնում, բայց տնտեսությունը առողջացնել չի հաջողվում:

«Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ-ում երկրորդ ներդրումն արվում է 1998-ին: Վլադիմիր Մովսիսյանը, որն այն ժամանակ գյուղատնտեսության նախարարն էր, դրանից մեկ տարի առաջ այցելում է գյուղ, իրավիճակին ծանոթանալուց հետո կրկին տնտեսության առողջացման ծրագիր է մշակվում: Այդ ժամանակ պետական բյուջեից 90 մլն դրամ է հատկացվել անասուններ գնելու համար, բայց, կաթնառատցիների վկայությամբ, այդ գումարը նույնպես մսխվել է, առողջացման ծրագիրն էլ` ձախողվել:

2000թ. հայտարարվում է, որ գյուղատնտեսության նախարարության «Լոռվա տավարաբուծական տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ ֆինանսական առողջացման ծրագիրը հանվել է, տնտեսությունը սնանկ է ճանաչվել, եւ գույքը աճուրդով վաճառվել է:

«Գնորդը, բնականաբար, իրենցից էր: 1,5 մլն ռուբլի գնահատված տնտեսական համալիրը, տեխնիկան եւ անասնագլխաքանակը միասին 17 մլն դրամով վաճառվեց: Լավ գիտեին, որ բնակիչները չեն հանդուրժելու այդ ամենը, նրանք այստեղ եկան ավտոմատներով զինված, որպեսզի գյուղացիները չմոտենան շինությանը»,- պատմում է Հ․ Ջանոյանը։

Նոր սեփականատիրոջը նույնպես չի հաջողվել պահպանել տնտեսությունը, պարտքեր է  կուտակել, եւ համալիրը վերավաճառել է:

«Գյուղտեխնիկան էլ սեփականացվեց եւ փոխանակվեց մանրաձկան հետ: Տեխնիկա կար, որ ընդհանրապես չէր շահագործվել, բայց որպես մետաղի ջարդոն վաճառվեց: Վրաստանից եկան, կտրատեցին, բեռնեցին մեքենաներն ու տարան: Գյուղում այլեւս տեխնիկա չկար, որպեսզի գյուղացիները որեւէ բան մշակեին: Աննկարագրելի էր, թե ինչպես փոշիացվեց այդ ամենը»,- երբեմնի հզոր տնտեսությունը ոչնչացնելու պատմությունն է ներկայացնում Հրաչիկ Ջանոյանը:

Ունեզրկում երրորդ. Կաթնառատում հողը չի սեփականաշնորհվել

Կաթնառատում մինչ օրս հողի սեփականաշնորհում չի իրականացվել: 1991-ին, երբ Հայաստանում հողի անհատույց սեփականաշնորհում տեղի ունեցավ, Կաթնառատը, ի թիվս հանրապետության 35 համայնքների, չընդգրկվեց սեփականաշնորհման ցանկում: Գյուղն այդ ժամանակ տոհմային տնտեսության կարգավիճակ ուներ, եւ գյուղնշանակության հողերը պատկանում էին «Լոռվա տոհմային տնտեսություն» ՊՓԲԸ-ին:

Վերջինիս լուծարումից հետո, 2005թ. հոկտեմբերի 6-ի թիվ 1908-Ն որոշումով Կառավարությունը հաստատել է Կաթնառատ համայնքի վարչական սահմանների նկարագիրը, եւ տնտեսությանը պատկանող պետական սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողատեսքերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել է համայնքին:

2005 թ. հոկտեմբերի 6-ի թիվ 1908-Ն որոշում

  1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 4246.73 հեկտար հողամասերից 3896.94 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության՝ 3767.87 հեկտար, բնակավայրերի հողերի՝104.26 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 14.3 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 1.46 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 7.96 հեկտար, ջրային հողերի՝ 1.1 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Կաթնառատի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

Կառավարության 2005թ. որոշումից հետո, երբ հողն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է համայնքին, բնակիչներից ոմանք 25 տարով վարձակալության պայմանագիր են կնքել եւ այն օրինականացրել կադաստրում: Հրաչիկ Ջանոյանն ասում է, որ գյուղացիների 15-20%-ը կարողացավ հողը քարտեզագրել եւ գրանցել կադաստրում, դրա համար բավականին ֆինանսական միջոցներ էին պետք, որը մարդիկ չունեին: Մյուսները հողի կարճաժակետ պայմանագիր են կնքում, համայնքի ղեկավարը իրավունք ունի 3 տարով վարձակալության հանձնել:

Կաթնառատի վարչական ղեկավար Ռուբիկ Ղազարյանն ասում է, որ, ըստ էության, այս որոշումը մեծ բան չփոխեց կաթնառատցիների կյանքում: Նախկինում էլ՝ 1991թ.-ից սկսած, երբ հողերը տնօրինում էր «Լոռվա տոհմային տնտեսություն»-ը, գյուղացիները խոտհարքը վարձակալում էին տնտեսությունից, անձին 8000 մ խոտհարք էր տրվում, որի դիմաց կա՛մ վարձն էր գանձվում, կա՛մ 1 հա-ից 200 կգ խոտ էին հանձնում։

Համայնքի բնակչությունը հողի անհատույց սեփականաշնորհում իրականացնելու խնդրանքով 2013թ. դիմել է տարածքային կառավարման նախարարություն եւ մերժվել։ Երկրորդ անգամ դիմել են 2017թ., մինչեւ համայնքի խոշորացվելը` մտավախություն ունենալով, որ Տաշիր համայնքի մյուս գյուղերի հետ միավորվելու արդյունքում կզրկվեն նաեւ վարձակալած հողերից։ Քանի որ այս գյուղերում բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն է, եւ խոտհարքն այստեղ մեծ պահանջարկ ունի, մյուս բնակավայրերից կարող են ավելին վճարել եւ խոտը հնձել:

Լոռու մարզպետարանը բնակչության դիմումը հասցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, այստեղից հասցեագրվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Նախարարությունը մարզպետի միջոցով բանավոր փոխանցել է, որ Հողային օրենսգրքի համաձայն` հողի անհատույց սեփականաշնորհման իրավունքից կարող են օգտվել միայն սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային գյուղերը:

Մենք նույնպես փորձեցինք տարածքային կառավարման եւ զարգացման նախարար (ՏԿԶՆ) Սուրեն Պապիկյանից պարզել, թե հնարավո՞ր է ապագայում Կառավարությունը նոր ծրագիր իրականացնի այն համայնքների համար, որոնց բնակիչները զրկվել են անհատույց սեփականություն  ունենալու իրավունքից: Նշենք, որ Աշոցք համայնքի Փոքր Սեպասար գյուղի բնակիչները նույնպես հողն անհատույց սեփականաշնորհելու պահանջով մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել:

Նախարարը չպատասխանեց մեր հարցմանը: Մասնավոր զրույցների ժամանակ հայտնեցին, որ ՏԿԶՆ-ն այս հարցի իրավատեր է համարում Կադաստրի կոմիտեին՝ ասելով, թե նրանք են Հողային օրենսգրքի հեղինակը: Կադաստրից ցանկանում էինք հատկապես պարզել, թե 1991թ. սեփականաշնորհման ցանկից դուրս մնացած որոշ համայնքներում հետագայում ի՞նչ հանգամանքների բերումով է մասնակի սեփականաշնորհում իրականացվել, եւ ինչո՞ւ այն չի կարող տարածվել անհատույց սեփականաշնորհման ցանկից դուրս մնացած մյուս համայնքների վրա: Կադաստրից գրավոր պատասխանեցին, որ հարցի հասցեատերը ՏԿԶՆ-ն է, պետք է դիմել նրանց: Միաժամանակ, մասնավոր զրույցում կադաստրի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ ճիշտ չէ անհատույց սեփականաշնորհում իրականացնելը, բնակիչները թող գնեն այն աճուրդով:

Բայց չէ՞ որ դրանով անհավասար իրավիճակ է ստեղծվում Կաթնառատի եւ հանրապետության մյուս համայնքների բնակիչների միջեւ, որոնք սեփականաշնորհման արդյունքում ահատույց հող ու գույք են ձեռք բերել, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, տեխնիկա եւ այլն: Բացի այդ, Հողային օրենսգրքի 64 հոդվածը սահմանել է հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու դեպքերը, միաժամանակ այն բաց է թողել նոր դեպքերի համար (ցանկը հաստատում է կառավարությունը):

Հողային օրենսգիրք, 64 հոդված

  1. Պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար և որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար`

1) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է կառավարությունը) այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր:

Ուրեմն, ինչո՞ւ Կառավարությունը չի ցանկանում ապահովել բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, ինչո՞ւ չի ցանկանում երաշխիքներ ստեղծել Տաշիրի տարածաշրջանում եզակի մարդաշատ գյուղերից մեկի՝ Կաթնառատի 1034 բնակիչների կենսապահովման համար: Ինչո՞ւ են շարունակաբար ունեզրկում կաթնառատցիներին, ինչո՞ւ են խուսափում այս հարցին գրավոր, հիմնավորված պատասխան տալուց:

«Սեփականաշնորհում չիրականացնելու արդյունքում մեր հողերն ու հիմնական ուեցվածքն ամբողջությամբ փոշիացվեց: Այսօր ոչինչ չունենք, այդ հողերը մի տարի մեկին են վարձակալության տալիս, հաջորդ տարի՝ մեկ ուրիշին: Խոշորացումից հետո գյուղացիները մտահոգ են, որ եթե մի տարի չկարողանան վարձակալության վճարը վճարել, կզրկվեն նաեւ այդ հողից, դրա արդյունքում կզրկվեն նաեւ 1-2 անասուն պահելու հնարավորությունից, իսկ այստեղ բնակչության հիմնական եկամուտը անասնապահությունն է»,- ասում է Հրաչիկ Ջանոյանը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter